Փախստականի ընտանիքում մեծացած Անդրանիկ Արարատի Իսրայելյանը հայտնվել է անելանելի վիճակում: Նրանց ընտանիքը 1988 թվականին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթվել է Հայաստան, պետական լիազոր մարմին դիմելով՝ հաշվառվել են որպես փախստականներ, ստացել փախստականի ընտանիքի վկայական: 1991 թվականին նորվեգական խորհրդի ֆինանսավորմամբ ստացել են տնակ՝ Բյուրեղավան քաղաքում, որը բաղկացած էր երկու սենյակից եւ հատկացվել էր 6 շնչից բաղկացած ընտանիքի համար: Տնակը գտնվում է վերանորոգման վիճակում, անձրեւաջրերը տանիքից լցվում են ներս, ապրելու համար պիտանի չէ, նաեւ ոչ հարմարավետ՝ 6 շնչից բաղկացած ընտանիքի համար: Այդ հարցով Անդրանիկի մայրը՝ Ալվարդը, 2010 թվականին դիմում էր գրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը (այսուհետ ՄՊԾ), որպեսզի օգնեն իրենց, սակայն ի պատասխան գրության՝ ՄՊԾ-ն շեշտել է. «Ձեր 6 անձից բաղկացած ընտանիքին հատկացվել է բնակարան Բյուրեղավան քաղաքում՝ «Հայրենադարձ» համար մեկ հասցեում: Ձեր կողմից բարձրացրած հարցը վերաբերում է բնակարանային պայմանների բարելավմանը: Ցավոք, ներկայումս նման կատեգորիայի անձանց համար ոչ ՀՀ պետական բյուջեի, ոչ էլ միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին բնակապահովության ծրագրեր չեն իրականացվում»: Այդ մասին Անդրանիկ Իսրայելյանի մայրը՝ Ալվարդը, հայտնեց իր մտատանջությունները. «Ինչի համար են մեզ հատկացրել տնակ՝ 6 շնչի համար ոչ հաշվարկային պայմաններով: Մի՞թե 6 մարդ կարող է ապրել երկու փոքրիկ սենյակում: Բոլոր շինանյութերը կրճատել են, տնակը փոքրիկ են կառուցել, որտեղ ապրելն ուղղակի անհնար է: Ինչի համար են մեզ տալիս վերարկու եւ ասում կոճկվեք, եթե այդ վերարկուն կոճակներ չունի»: Անդրանիկի ընտանիքն ապրում է այդ տնակում, հայրը թոշակառու է, չի աշխատում, մայրը՝ նույնպես: Անդրանիկն այժմ փորձում է արհեստ սովորել, որ գոնե կարողանա աշխատել: Եղբայրներից մեկը ծառայում է հայոց բանակում, ինչի մասին տիկին Ալվարդն ավելացրեց. «Տղաս սրտի հետ կապված հիվանդություն ուներ, սակայն ես իրեն ուղարկեցի ծառայելու, որ չմտածեն, թե հայրենասիրությունից զուրկ մարդիկ ենք, առանց դրա էլ կողքից բազում անհանդուրժելի արտահայտություններ են անում, իսկ հիմա դադարեցրել են Անդրանիկիս փախստականի կարգավիճակը, թե ինչի համար եւ որ օրենքով, եթե փաստացի մենք բռնագաղթվել ենք Ադրբեջանից, հաշվառվել ենք որպես փախստականներ»: Նշենք, որ Անդրանիկի փախստականի կարգավիճակը դադարեցվել է միայն 2011 թվականին, իսկ մինչ այդ՝ նա օրենքով սահմանված կարգով ստացել է փախստականի վկայական, այդուհետեւ՝ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Ասել է, թե ՄՊԾ-ն հիմնավորել է, որ Անդրանիկի ծնողների քաղաքացիության ընդունման ժամանակ նրա 18 տարին լրացած չի եղել:
Անդրանիկը կարգավիճակը վերականգնելու հայցով դիմել էր ՀՀ վարչական դատարան, որտեղից մերժում է ստացել: Անդրանիկի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը ներկայացրել էր բոլոր փաստացի ապացույցներն այն մասին, որ Անդրանիկն ունեցել է փախստականի վկայական, ճամփորդական փաստաթուղթ եւ այն տարիներ շարունակ երկարաձգվել է: Հաստատել էր նաեւ, որ Անդրանիկի դեպքում օրենքը չի կարող ետադարձ ուժ ունենալ եւ անձին թողնել հնարավորինս վատթարացնող վիճակում, սակայն դատական քննությունների նախագահող դատավոր Աղասի Դարբինյանը հայցը մերժել է: Հարց է առաջանում, եթե Անդրանիկը փախստական չէ, ՀՀ քաղաքացի չէ, ապա ո՞վ է Հայաստանում եւ ի՞նչ անձնագրով է նա տեղաշարժվելու: Առանց այդ էլ, ՄՊԾ-ի քաղաքականության շնորհիվ, Անդրանիկն արդեն մեկ անգամ գտնվել է իրավազուրկ վիճակում: Դադարեցնելով կարգավիճակը՝ ՄՊԾ-ն որոշման մեջ նշել է, որ անվավեր ճանաչեն նրա անձնագիրը, սակայն պետք է տեղեկացնենք, որ այդ մենաշնորհը վերապահված է Անձնագրային եւ վիզաների վարչությանը: Անդրանիկի ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում մտածում է, թե ինչպես գումար հայթայթել վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար, ինչպես նշում է տիկին Ալվարդը. «Տանը ոչ ոք չի աշխատում, ապրում ենք մի կերպ: Այդ ամբողջ տարիների ընթացքում ոչ մի անգամ չհարցրեցին, թե ինչ կարգավիճակում ենք մենք, իսկ հիմա էլ կանգնեցրել են անհեթեթ փաստի առաջ՝ դադարեցրել են Անդրանիկի փախստականի կարգավիճակը, ապա մենք որտեղից այս ծանր պայմաններում գումար հայթայթենք, որ կարողանանք բողոքարկել, որ կարողանանք պաշտպանել մեր իրավունքները: Ամբողջ ժամանակ ապրում ենք լարված ու սպասողական վիճակում»: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Անդրանիկի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին հայցն արդեն իսկ բողոքարկվել է վարչական վերաքննիչ դատարանում եւ ընդունվել է վարույթ: Անդրանիկը հույս ունի, որ գոնե վերաքննիչ դատարանում ճշմարտությունը «ջրի երես դուրս կգա», քանի որ, եթե այս անգամ էլ հայցը մերժվի, ապա նա ամբողջովին կգտնվի իրավական տարրական նորմերից զուրկ վիճակում, որովհետեւ նույնիսկ քաղաքացիություն էլ ձեռք չի բերում: Փաստացի, միմյանց նկատմամբ սեր տածող ընտանիքը հայտնվել է ծայրահեղ կացության մեջ՝ մի կողմից բոլորի գործազուրկ վիճակը, իսկ մյուս կողմից՝ Անդրանիկի դատավարությունները, որոնք նույնպես կապված են գումարի հետ եւ այն էլ այն դեպքում, երբ պետությունն այդ ընտանիքին բռնագաղթվելուց հետո ճանաչել է որպես փախստականներ:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ