Բայց չեն թողնում, որ սուրդոմանկավարժի ոտքն այդ դպրոց մտնի
Փոքրիկ Մուրադի մայրը չի ուզում կրկին վերապրել այն սթրեսը, որը տարել է Մուրադի՝ մանկապարտեզ հաճախելու տարիներին: Լսողության խնդիր ունեցող Մուրադի մոր՝ Հերմինե Համբարձումյանի միակ մխիթարանքը այսօր որդու ուսման առաջադիմությունն է: Մանկապարտեզում դաստիարակների ու մյուս ծնողների միայն խղճահարությանն արժանացած փոքրիկը լսողություն չունենալու պատճառով ո՛չ մի տառ, ո՛չ մի հնչյուն չի արտաբերել եւ, ինչպես մայրն է պատմում, «միշտ խեղճացած, մեկուսացած, մի անկյունում նստել է»: Մուրադի՝ մանկապարտեզ հաճախելու տարիները մոր մոտ միայն տխուր հիշողություններ են արթնացնում. «Երեխայիս հանդեսին չէի գնում. չէի կարողանում նայել, թե ինչպես են բոլորը երգում, պարում, արտասանում, իսկ իմ երեխան մի անկյունում նստած է»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց տիկին Հերմինեն: Նրա խոսքերով՝ երեխայի ուսումը կազմակերպելու համար ընտանիքը տուն-տեղ, բիզնես թողել է ու Գյումրիից տեղափոխվել Երեւան: Մուրադն այժմ հաճախում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, որտեղ երեխան հատուկ մասնագետների ջանքերի շնորհիվ մեծ առաջադիմություն ունի: Տիկին Հերմինեն եւ այս կրթահամալիր հաճախող մյուս երեխաների ծնողները շունչները պահած սպասում են եւ չգիտեն, թե այս օրերին Ազգային ժողովում քննարկվող ներառական կրթության մասին օրենքն ինչպես կանդրադառնա չլսող երեխաների վրա: Սակայն մի բան հաստատ որոշել են՝ կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուներին ոչ մի գնով թույլ չեն տալու կրթահամալիրը փակել եւ երեխաներին ուղղորդել հանրակրթական դպրոցներ: Այս կրթահամալիրի շատ ծնողներ հանրակրթական դպրոցի դառը պտուղներն արդեն ճաշակել են եւ, ինչպես իրենք են ասում՝ «քոռ ու փոշման մեր երեխաներին հետ ենք բերել կրթահամալիր»:
«Եթե այս դպրոցը փակեն, ամենամեծ հանցանքը կկատարեն: Ինձ Հայաստանում պահող միակ բանը այս կրթահամալիրն է, որտեղ որդուս ոչ թե խղճում են, այլ սովորեցնում: Եթե դպրոցը փակեն, մենք կկործանվենք: Այսօր մեր երեխաներն այնպես լավ մաթեմատիկա, գումարում-հանում գիտեն, գրում-կարդում են, որ հանրակրթական դպրոցում նրանց հետ որեւէ մեկն այդպես անհատական չի աշխատի»:
Կարդացեք նաև
Հինգ ամիս հանրակրթական դպրոց հաճախելուց հետո 7-ամյա Նշանին ծնողները Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի միջնակարգ դպրոցից հանել եւ տեղափոխել են կրթահամալիր. «Այդ ամիսները երեխայի համար տանջանքների ու տառապանքների ամիսներ էին: Դպրոցում ոչ մի մասնագետ չկար, որը նրա հետ հատուկ ծրագրով կզբաղվեր, Նշանն անգամ իր անունը չգիտեր: Երեխաս սիրում է սովորել, բայց լաց էր լինում, հրաժարվում էր դպրոց գնալ, ամաչում էր, որ բոլորը կարողանում են կարդալ, ինքը՝ ոչ, բոլորը լսում են, ինքը չի լսում, ահավոր զայրացած եմ այդ որոշումից: Այս երեխաները չեն կարող սովորական դպրոցում սովորել. դա պիտի հաշվի առնեն: Իրենք չունեն այդպիսի երեխաներ, այդ պատճառով էլ մատների արանքով են նայում այս հարցին»,- մեզ հետ զրույցում վրդովված ասաց Նշանի տատիկը՝ Անահիտ Շիրվանյանը: Տիկին Անահիտը Արմավիրի մարզի գրեթե բոլոր դպրոցների դռները թակել է, որպեսզի Նշանին այն դպրոցը տանի, որտեղ գոնե 1 սուրդոմանկավարժ կլինի, սակայն ապարդյուն: Տիկին Անահիտի խոսքերով՝ Նշանը 2-րդ տարին է՝ կրթահամալիր է հաճախում եւ արդեն կարդում, գրում ու բառեր է արտաբերում:
Փոքրիկ Մերին էլ ուսման իր տարիներից հանրակրթական դպրոցում 1 տարի է ապարդյուն կորցրել: Երեւանի թիվ 100 դպրոցում 1 տարի սովորելուց հետո Մերին նորից առաջին դասարան է նստել՝ կրթահամալիրում: Մերիի մոր՝ Աննա Գաբրիելյանի խոսքերով, հանրակրթականի ծրագիրն, առանց հատուկ մասնագետների, Մերիի համար շատ բարդ է եղել ընկալելը, ինչի պատճառով էլ երեխայի ծնողների ընտրությունը հատուկ դպրոցի վրա է կանգ առել: Երեկ կրթահամալիր մեր այցելության պահին Մերին ազատ շփվում էր մանկավարժի հետ եւ պատասխանում բոլոր նրա հարցերին:
Ճիշտ է, մի կողմից՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջն է այդպիսի երեխաներին չմեկուսացնել հասարակությունից եւ նրանց կրթությունը ապահովել հանրակրթական դպրոցներում, սակայն մեր երկրում կոնվենցիայի պահանջները կատարվում են՝ միայն ապահովելով հաշմանդամ երեխաների ֆիզիկական ներկայությունը: Մինչդեռ այդ նույն կոնվենցիայի հորդորն է հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթության հասանելիությունը, մատչելիությունը ապահովելու համար նախեւառաջ հատուկ ծրագրեր, մասնագետներ ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել: Առանց այդ պայմանների հաշմանդամ երեխայի՝ կրթություն ստանալու իրավունքը պարզապես խախտվում է:
«Լսողության խանգարումներ ունեցող երեխաների ներառական կրթությունը կազմակերպելիս, ես կարծում եմ, մի քանի խոչընդոտներ են առաջանալու:
Այսօր ոչ բոլոր դպրոցներն ունեն մասնագետներ, որոնք կարող են կազմակերպել այդ երեխաների կրթությունը: Դպրոցը պետք է ունենա սուրդոմանկավարժներ. եթե մի քանի երեխա կա, ապա՝ մի քանի սուրդոմանկավարժ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, տարբեր առարկաների ուսուցիչներ, որոնք տիրապետում են ժեստերի լեզվին, որն այսօր չկա: Նրանց կրթությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է ճիշտ մոտեցում խուլ երեխային, այսինքն՝ պետք է լինեն մարդիկ, որոնք պիտի իմանան խուլի հոգեբանությունը, խուլերի լեզուն, խուլ հասարակության խնդիրները, նրանց լուծման ուղիները, իսկ լուծման ուղիները հենց գալիս է կրթությունից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը: Պարոն Ավետիսյանը դեմ չէ ներառական կրթությանը, սակայն նրա համոզմամբ՝ լսողական խնդիրներով երեխաների հարցը պետք է առանձնացնել. «Եթե այսօր հենաշարժողական խնդիր ունեցող երեխան կարողանում է ազատ հաղորդակցվել, լսել, ասել, գրատախտակին գրել, բայց խուլ երեխան չունենալով լսողություն՝ չի կարող ընկալել այն ամենը, ինչ կատարվում է դասարանում: Ուսուցիչը մեջքով կանգնում է ու գրատախտակին դասը բացատրում, մյուս երեխաները լսում են ուսուցչի ասածը, ընկալում են, իսկ խուլ երեխան չի լսում, միայն տեսնում է՝ գործողություն կատարվեց, բայց ինչո՞ւ կատարվեց՝ չի հասկանում, որովհետեւ չի լսում, դրա համար այդ պահին երեխայի կողքին պետք է լինի սուրդոմանկավարժը, որը կթարգմանի»: Կրթահամալիրի տնօրենի խոսքերով՝ չլսող երեխայի կրթությունը ճիշտ կազմակերպելու համար հանրակրթական դպրոցներում նախեւառաջ պետք է լինի հատուկ ծրագիր. «Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ունենա խուլ երեխաների հետ դասավանդման մեթոդիկա, պետք է յուրաքանչյուր ուսուցիչ իմանա ժեստերի լեզուն, իսկ որպեսզի յուրաքանչյուրն իմանա այդ լեզուն, անհրաժեշտ է, որպեսզի Մանկավարժական համալսարանի բոլոր ֆակուլտետներն ունենան ժեստերի լեզվի ուսուցման դասընթաց»:
Չլսող երեխաների խոսքի, ժեստերի զարգացումը տարիներով հետ է ընկնում նաեւ այդպիսի երեխաների համար նախատեսված մանկապարտեզների բացակայության պատճառով: Չլսող երեխաների կրթահամալիրը նախադպրոցական դասարան էլ ունի: Ա. Ավետիսյանի ներկայացմամբ. «Հինգ տարեկան երեխային դպրոց են բերում այն վիճակով, որ վիճակով երեխան մորից նոր ծնվել է: Ճանաչողական ո՛չ մի զգացողություն, խոսակցական ո՛չ մի բան չկա: Ո՛չ ժեստերով, ո՛չ լեզվով, մինչդեռ չլսող երեխայի հետ հենց ծնված օրից պետք է զբաղվել»:
Պարոն Ավետիսյանի խոսքերով՝ մինչ պետությունը դպրոցները կհամալրի սուրդոմանկավարժներով, հանրակրթական դպրոցների շատ տնօրեններ պարզապես հրաժարվում են առաջարկած մասնագետներից: Ընդ որում, այդ հատուկ մանկավարժների վարձատրությունը դպրոցն իր վրա է վերցնում: «Առավոտի» հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ տնօրենները մերժում են այդպիսի առաջարկը, Ա. Ավետիսյանն ասաց. «Մտածում են, որ եթե մեր մասնագետը մտնի այդ դպրոց, երեխային հետ է բերելու մեզ մոտ, բայց մեզ ընդհանրապես դա պետք չէ: Մենք ուզում ենք օգնել, որ այդ երեխայի կրթությունը ճիշտ կազմակերպվի:
Մտածում են՝ իրենց ֆինանսավորումը կպակասի: Չէ՞ որ հիմա որքան հատուկ կարիքով երեխա կա, այնքան էլ մի քանի անգամ ավելի ֆինանսավորում են նրանք ստանում: Առաջ, եթե հատուկ կարիքով երեխա էին տանում հանրակրթական դպրոց, տնօրենները ասում էին՝ ձեր երեխայի համար կա հատուկ դպրոց, տարե՛ք այնտեղ, իսկ հիմա ում տեսնում, ասում են՝ եկեք, որովհետեւ ֆինանսավորվում են լրացուցիչ»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ