Սմբատ Այվազյանը՝ ներքին եւ արտաքին խնդիրների շուրջ
– Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ գալիք նախագահական ընտրություններից:
– Ակնկալիքները տարբեր են, քանզի կան հասարակ ժողովրդի սպասումներ եւ քաղաքական խաղացողների սպասումներ: Ժողովուրդը կարոտ է արդարության, արժանապատվության, կյանքի պատշաճ որակի փոփոխության: Իշխանությունները եւ քաղաքական խաղացողների մի մասը ձգտում են մնալ իշխանական կերակրատաշտակի մոտ կամ մոտենալ նրան եւ հավերժ մաս կազմել իշխանություն-փող-իշխանություն արատավոր պտուտակին:
– Իսկ Ձեր անձնական ակնկալիքները ո՞ր կատեգորիային են պատկանում:
– Անձամբ ես պատկանում եմ քաղաքական գործիչների այն տեսակին, որը դիտում է քաղաքականությունը ոչ թե որպես խաղ, այլ որպես պետական կառավարման արվեստ: Ինձ համար անընդունելի է օգտագործել միջին վիճակագրական հայի կյանքը որպես խաղադրույք, զբաղվել թվային աճպարարությամբ, ցույց տալ տնտեսական աճի աստղաբաշխական թվեր, արձանագրել կեղծ առաջընթաց եւ այլն: Քանզի ինձ համար յուրաքանչյուր միջին վիճակագրական հայի ետեւում կանգնած է մարդ, քաղաքացի՝ իրեն բնորոշ հույսերով ու տառապանքներով, որոնք լուծման ու իրականացման կարիք ունեն:
– Այնուամենայնիվ, եթե հավատարիմ մնանք նախընտրական կանխատեսումների ժանրին, ի՞նչ արդյունքներ կարձանագրվեն: Շատերի մոտ հարցերի հարցն է՝ արդյոք կերկարաձգի՞ ԲՀԿ-ն իր կոալիցիոն պարտավորությունները, թե՞ ոչ: Եվ մյուս ինտրիգը՝ արդյոք կկազմի՞ ԲՀԿ-ն դաշինք ՀԱԿ-ի հետ: Երկու դեպքում էլ օրակարգում մնում է այն գլխավոր հարցը, թե ի՞նչ կփոխվի միջին վիճակագրական հայի կյանքում այդ ամենից: Արդյոք կվայելի՞ նա իր փափագած արդարությունը, արժանապատվությունը, կփոխվի՞ նրա կյանքի որակը:
– Կանխատեսումների ժանրով ասեմ. ԲՀԿ-ՀԱԿ դաշինքի պարագայում կարող են լինել հետաքրքիր զարգացումներ, եթե ձեւավորված նախընտրական թիմը ունենա կառավարման ու ղեկավարման համակարգին անհրաժեշտ բնութագրեր, այլ կերպ ասած՝ պայքարելու դիմագիծ:
Մնացած դեպքերում, ինչպես ցույց է տալիս ավանդույթը, լուրջ ընտրախախտումների եւ վարչական լծակների շնորհիվ կրկին վերարտադրվելու է իշխող ուժը: Իսկ ՀՀԿ-ԲՀԿ դաշինքի արդյունքում պահպանվելու է այսօրվա անմխիթար իրավիճակը, քանզի երկրի ղեկավարման տրամաբանությունը եւ հոգեբանությունը մնալու են նույնը:
Վերջին երկու դեպքերում ընտրությունների արդյունքները անբարենպաստ են լինելու մեր ազգաբնակչության համար: Մինչդեռ մարտահրավերները՝ թե ներքին, թե արտաքին, օր օրի դառնում են էլ ավելի վտանգավոր:
– Ո՞ր մարտահրավերները Դուք նկատի ունեք
– Առաջինը արտագաղթն է, որը բերում է երկրի հայաթափման: Մարդկային ռեսուրսը սրընթացորեն նվազում է: Անբավարար մարդկային ռեսուրսի պարագայում երկրի պաշտպանունակության աստիճանը խիստ նվազում է: Իսկ դա մեզ համար կարող է ունենալ աղետալի հետեւանքներ: Երկրորդը նոր ադրբեջանա-հայկական պատերազմի անխուսափելիությունն է: Ադրբեջանի սպառազինման տեմպերը, բանակի արդիականացումը, բյուջեն, հային որպես ազգային թշնամի պետության ու ժողովրդի ներդաշնակ ընկալումը ուշ թե շուտ հանգեցնելու են նոր պատերազմի:
– Հնարավո՞ր է, արդյոք, խուսափել դրանից:
– Խուսափելու գինը զիջումներն են: Բայց ի գիտություն հայրենի «խաղաղասերների» ասեմ՝ զիջեցինք մի մետր, գալու է ամբողջ ազատագրված տարածքների հերթը, հետո Արցախի հերթը, հետո՝ Զանգեզուրինը եւ այլն: Այդպիսին է քոչվորի աշխարհընկալումն ու գործելակերպի տրամաբանությունը: Եվ անիմաստ է ապավինել միջազգային հանրությանը. պատմությունը ապացուցում է, որ նա ընդունում է միայն ուժեղի իրավունքը՝ ինչպես եղավ, ի դեպ, մեր հարցում, Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Այնպես որ, մենք պետք է ապավինենք միմիայն սեփական ուժին:
Ես, իհարկե, պատերազմի կողմնակից չեմ, որովհետեւ անցել եմ պատերազմի բովով, կորցրել ընկերներիս, տեսել որբացած երեխաների, որդեկորույս ծնողների, երիտասարդ այրիների: Ես գիտեմ, որ պատերազմը, ինչքան էլ այն արդարացված լինի, ողբերգություն է: Բայց միաժամանակ այն անհրաժեշտություն է, երբ առկա է իրավիճակ, որը սպառնում է ժողովրդի գոյությանն ու երկրի անվտանգությանը:
Ես համոզված եմ, որ այսօր մենք կարող ենք զսպել հակառակորդին, սակայն վաղը կարող է ուշ լինել: Պարզից էլ պարզ է, որ հակառակորդը մեզ գցում է խելակորույս սպառազինման մրցավազքի մեջ՝ ցանկանալով ուժասպառ անել եւ հարմար պահին հարվածել: Ինչո՞ւ թողնել այս պատմական բեռը հաջորդ սերունդներին, որոնք գործելու են անհամեմատ ավելի աննպաստ պայմաններում: Ըստ իս, ժամանակի հրամայականն է ուժով, քանի դեռ այդ ուժը կա, հարկադրել վայրագ հարեւանին վերջնական խաղաղության, որը ամրագրված կլինի համապատասխան միջազգային պայմանագրով: Մանավանդ որ՝ հակառակորդը առիթը այդ բանի համար մշտապես տալիս է:
Իսկ այսօր առանց հապաղելու պետք է ամրացնել մեր սահմանամերձ գոտիները, դրանք դարձնել տնտեսապես գրավիչ, դրանց տալ համարժեք կարգավիճակ՝ սահմանամերձ գոտու բնակավայրերն ու բնակիչներին դարձնելով պաշտպանական համակարգի ակտիվ էլեմենտներ: Այդ մասին ես իմ նախորդ հարցազրույցներում ոչ միայն ասել եմ, այլեւ ցույց եմ տվել դրա իրականացման ճանապարհները:
– Հասկանալի է, որ բանակը այսօր պատրաստ է նման զարգացումների: Իսկ արդյոք պատրա՞ստ է դրան մեր հասարակությունը:
– Մեր հաջողությունների ավանդական, անքակտելի ուժը հասարակության միասնականությունն է: Որպեսզի վերջինս լիարժեքորեն մասնակցի արտաքին վտանգի վերջնական չեզոքացմանը, երկրում հարկավոր է ստեղծել համազգային փոխվստահության մթնոլորտ: Ցավոք, գալիք ընտրությունները կարող են հանդիսանալ խթան ատելության եւ անհանդուրժողականության հետագա աճի համար մեր հասարակությունում: Ամենաանցանկալի սցենարը, որի հետ, ի դեպ, որոշակի հույսեր է կապում մեր հակառակորդը, այն է, որ հասարակության մի հատված որոշի, որ արտաքին ֆորս մաժորի ժամանակ ակտիվ թող լինի միայն նա, ով կորցնելու բան ունի: Այո այս սցենարը, որն իր մեջ պարունակում է պառակտվածությունը ունեւորների ու չքավորների, իշխանավորների ու ընդդիմադիրների, «եկվորների» ու «հայաստանցիների» մեջ մեզ անհրաժեշտ է իսպառ բացառել:
– Ո՞րն է, ըստ Ձեզ, հարցի լուծման բանաձեւը:
– Նշյալ բացասական սցենարը բացարձակապես չի աշխատում միմիայն համազգային փոխվստահության մթնոլորտի պայմաններում: Վերջինիս ձեւավորման գաղտնիքը լայն հասարակական-քաղաքական կոալիցիայի ստեղծման մեջ է, այսինքն՝ ոչ թե կերակրատաշտակի մոտ սահմանափակ տեղեր բաժանելու, այլ պատասխանատվություն կիսելու լայն հնարավորություն տալու մեջ: Սույն մոդելը փորձարկված է միջազգային պրակտիկայում եւ կոչվում է համակեցական ժողովրդավարության մոդել: Հայեցակարգի հեղինակն է նշանավոր հոլանդացի քաղաքագետ Արենդ Լեյպհարտը: Ըստ վերջինիս՝ պառակտված, հատվածների բաժանված, լուրջ ճգնաժամ ապրող հասարակություններում արտաքին եւ ներքին մարտահրավերների պարագայում քաղաքական գործելակերպի մրցակցային ձեւը պիտի փոխել համագործակցայինով՝ մինչեւ ներքին եւ արտաքին ճգնաժամային մարտահրավերների հաղթահարումը: Դրանով մենք կկարողանանք նաեւ հստակեցնել մեր հետագա զարգացման ուղիները, մաքրվել խեղաթյուրված ու հասարակության կողմից մերժված կեղծ արժեքային կատեգորիաներից եւ ստեղծել նախադրյալներ՝ քաղաքակիրթ ժողովրդավարական զարգացման ու մրցակցային քաղաքական պայքարի համար:
– Ինչպե՞ս կարելի է տեղայնացնել սույն հայեցակարգը հայրենի պայմաններին:
– Համոզված եմ, որ լայն քննարկումների, կլոր սեղանների կազմակերպման ու անցկացման միջոցով կարելի է շատ արագ գալ ընդհանուր հայտարարի սույն հարցում: Եկել է այն օրհասական պահը, երբ իշխանությունը, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը պիտի մի կողմ դնեն հին համակրանքների ու հակակրանքների ողջ զամբյուղը եւ առաջնորդվեն պատասխանատվությամբ ժողովրդի եւ երկրի ճակատագրի հանդեպ: Ընդամենը հարկավոր է քաղաքական կամքի ու քաղաքացիական խղճի հետեւողական դրսեւորում: Ժամանակը այլեւս չի ներում:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ