Լրահոս
Օրվա լրահոսը

Իդեալիստը

Նոյեմբեր 27,2012 13:14

Լրագրողները կատակում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսներն ավելի կարճ են տեւում, քան դրանցից առաջ եւ հետո ասուլիսը լուսաբանող լրագրողների եւ օպերատորների հետ ձեռքով բարեւելը: Իսկապես՝ հայաստանյան հոգեբանության տեսանկյունից «Ժառանգության» առաջնորդի վարքը անսովոր, գուցե նաեւ ցուցադրական է թվում: Նրա ելույթներում հնչում են դարձվածքներ, որոնց մի մասը մեր ականջին հնչում են որպես չափից դուրս ճոխ, երկարաշունչ, արհեստական բառերով հագեցած եւ ռոմանտիկ: Բայց ամբողջ հարցն այն է, որ Րաֆֆին անկեղծ է՝ նա իսկապես հենց այդպես է ընկալում աշխարհը, այդպես է տեսնում իր առաքելությունը եւ մեր ազգի դերը: Ճիշտ, սխալ՝ կարելի է վիճել: Բայց համընդհանուր ցինիզմի եւ «սուպերպրագմատիզմի» ֆոնի վրա գուցե հենց այս գործչի իդեալիզմն է որոշակի ջերմ երանգ մտցնում մեր քաղաքական ներկապնակում: Խորհրդարանական ընտրություններից առաջ նա փորձեց իր շուրջը «համախմբել» «Ժառանգությունից» դուրս գտնվող որոշ ուժերի: Չափազանց անիմաստ «համախմբում» էր: Բայց ձգտումն ազնիվ էր՝ դուրս գալ սեփական կուսակցության նեղ շրջանակներից եւ ստեղծել որոշակի իդեալներին հավատացող մարդկանց «լայն կոալիցիա»: 20 տարի Հայաստանում ապրելով՝ նա պետք է որ հասկանար, որ «իդեալներին  հավատացողները» իր սեփական կուսակցությունում են քիչ, էլ ո՞ւր մնաց՝ փնտրել նրանց «դրսում»: Առավել եւս՝ նա պետք է հասկանար, որ մեզ մոտ իրար «քցելը» սովորական եւ նույնիսկ խրախուսելի երեւույթ է:

Բաքու գնալը եւ այնտեղ մեր՝ հայկական ճշմարտությունը ադրբեջանցիներին ներկայացնելը նույն շարքից է: Հասկանալի է, որ պատերազմում պարտված կողմը չի կարող ունենալ այն լայնախոհությունն ու հանդուրժողականությունը, որպեսզի նույնիսկ ոչ միայն փորձի հասկանալ, այլեւ հանգիստ, քաղաքակիրթ ձեւով լսի մեր փաստարկները: Եթե մարդիկ չեն ընդվզել Սաֆարովի պաշտոնական հերոսացման դեմ, ապա որեւէ հույս չկա, որ նրանք կկարողանան դուրս գալ քսենոֆոբիայի նույնքան պաշտոնական շրջանակից: Մանավանդ, որ խոսքը ոչ թե անկախ ինտելեկտուալների, այլ «վերեւից» նշանակված կուսակցականների մասին է (Ադրբեջանի խորհրդարանում ընդդիմադիր եւ այլընտրանքային խմբակցություններ չկան): Այսքանից հետո արժե՞ր գնալ Բաքու եւ ելույթ ունենալ ագրեսիվորեն տրամադրված եւ քո խոսքը բացարձակապես չընկալող լսարանի առաջ: Ինձ թվում է՝ արժեր: Թեկուզ՝ մեր եւ նրանց աշխարհընկալման տարբերությունը ցույց տալու համար: Այնպես որ՝ շնորհակալություն Րաֆֆիին:

«Ժառանգության» առաջնորդը ոչ մի շանս չունի ՀՀ նախագահ դառնալու՝ նույնիսկ ամենաազնիվ ընտրությունների արդյունքում. մեր ազգաբնակչության մեծ մասին ազգային իդեալներ պետք չեն՝ նրան պետք է «թագավոր», որ իրեն «լավ կպահի»: Բայց հասարակական մթնոլորտի վրա Րաֆֆի Հովհաննիսյանը դրական է ազդում: Ո՞վ գիտի՝ գուցե դա՞ էլ երբեւէ իր պտուղները կտա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930