«Վերելք» քաղաքական վերլուծությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանի գնահատմամբ՝ ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանը զգում է երկրի առջեւ ծառացած խնդիրներն ու իրավիճակը փոխելու անհրաժեշտությունը: Իսկ ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը գտնում է, որ գործող նախագահի քայլերը ձեւական են եւ որեւէ կապ չունեն երկրում փոփոխություններ կատարելու իրական ցանկության հետ: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու վերլուծաբանների «Դեմ առ դեմ» բանավեճից:
«Առավոտ»- Այս օրերին քաղաքական կոնսուլտացիաներին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները միաբերան պնդում են, որ իրենք անձերի հարց չեն քննարկում: Սակայն ընտրություններից 2,5 ամիս առաջ նման պնդումներն այդքան էլ հավատարժան չեն հնչում: Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է պատճառը, որ ոչ իշխանական դաշտի ուժերն այսօր ամեն կերպ խուսափում են անդրադառնալ անձերին եւ ի վերջո ասել՝ այո, գաղափարական հարցերից բացի, քննարկում ենք նաեւ այն անձերի հարցը, որոնք կարող են իրականացնել այդ փոփոխությունները:
Արծրուն Պեպանյան- Մի քանի պատճառներ կարող են լինել, ես հնչեցնեմ երկուսը. առաջինը՝ որ դեռեւս քննարկումների փուլում է՝ ով է մեր թշնամին, ով է բարեկամը հարցը, եւ ուզում են հստակություն մտցնել, երկրորդը՝ որ այդ նախընտրական փուլերն ունեն իրենց տրամաբանությունը, ու ինչքան շուտ դու հրապարակես քո անձը, այնքան քո հակառակորդներն ավելի շատ ժամանակ կունենան, որպեսզի նրա դեմ կոմպրոմատներ որոնելու, նրա դեմ պայքարելու ձեւեր գտնեն: Բայց ամենակարեւորը՝ այսօր ոչ մի քաղաքական ուժ ինքն իր վրա վստահ չէ, որ կկարողանա իշխանություններին դիմագրավել, ինչը մենք նախկինում տեսնում էինք. ինչ-որ ինքնավստահ գործիչներ կային, որոնք ասում էին՝ մենք մենակ կգնանք, մեզ աջակիցներ պետք չեն: Հիմա իրավիճակը փոխվել է:
Կարդացեք նաև
Սարո Սարոյան- Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը չեն խոսում անձերի մասին, քանի որ անձերի շուրջ իրականում չկա էլ քննարկում: Ընդամենը սպասողական վիճակ է, եւ մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչի են սպասում քաղաքական ուժերը: Չեմ կարծում, թե դա անձերով է պայմանավորված, այսինքն՝ իրենց որոշելիքն է, թե ում անձի շուրջ կանգ կառնեն: Յուրաքանչյուր կլան կամ յուրաքանչյուր խումբ փորձում է իր թեկնածուին առաջ մղել, բայց վերջին խոսքի իրավունքը երբեք էլ իրենց չի պատկանում: Այսօր այդ ուժերի խնդիրն է, որ իրենց կշիռն ավելի մեծ ներկայացնեն, որ իրենց թեկնածուի վրա ընտրությունը կանգ առնի: Իսկ ով է կանգ առնողը. իմ կարծիքով՝ վերջին տարիներին այդ խնդիրները ամբողջությամբ որոշվել են դրսում, ավելի կոնկրետ՝ Կրեմլում:
«Առավոտ»- Ամբողջությա՞մբ:
Ս. Ս.- Այո, վերջին տարիներին, մասնավորապես վերջին նախագահական եւ ԱԺ ընտրություններում ուժերի հարաբերակցությունների հետ կապված հարցերը որոշվել են Կրեմլում: Եվ հիմա էլ խնդիր է դրված՝ այդ որոշում կայացնողին համոզել, որ հենց իրենք են այն համապատասխան ուժը, որը կարող է շատ ավելի լավ ծառայել, քան մյուսները, եւ այդպիսով Կրեմլից «դաբրո» ստանալու խնդիրը լուծել: Այս սպասողական վիճակը միայն դրանով է պայմանավորված:
Ա. Պ.- Դրսի ուժերն, իհարկե, շահ ունեն եւ փորձում են միջամտել մեր քաղաքական գործընթացներին: Դրա վառ ապացույցն այն է, որ մեր առանցքային դեմքերը մեկ հայտնվում են արեւելքում, մեկ արեւմուտքում՝ ինչ-որ «դաբրոների» հետեւից: Դա նշանակում է, որ մենք մեր ազգային խնդիրները չենք կարողանում լուրջ ձեւով գեներացնել մեր իրականության մեջ, որպեսզի մենք մեր հույսը դնենք մեր էլեկտորատի վրա: Եթե մենք հիմա նայենք մեր այսօրվա էլեկտորատի հոգեվիճակը, ապա կտեսնենք, որ այն շատ իներտ է, եւ կարելի է ասել՝ ընդհանրապես չի էլ ուզում լսել նախագահական ընտրությունների մասին:
«Առավոտ»- Բայց էլեկտորատը ինչպե՞ս պետք է իներտ չլինի, եթե նրան մինչ օրս չի ներկայացվում, թե ի վերջո՝ ովքեր են նախագահական ընտրություններում հիմնական թեկնածուները:
Ա. Պ.- Դրա համար օրենքով սահմանված ժամանակ կա, բայց եթե ասեն էլ, դժվար թե էլեկտորատն այդ իներտությունից դուրս գա, որովհետեւ չի մնացել այնպիսի մի քաղաքական դեմք, որը կարողանա հանրության ինչ-որ մի հատվածի գոնե ոգեւորել, ինչը եղել է ժամանակին: Հիմա դա չկա:
«Առավոտ»- Ըստ Ձեզ՝ ո՞րն էր պատճառը, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տեւական լռությունը խախտեց թվում է՝ ոչ այդքան վճռորոշ հարցի՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով ընդդիմության նախաձեռնած արտահերթ նստաշրջանի կապակցությամբ:
Ա. Պ.- Դժվարանում եմ ասել, սակայն հիշենք, որ դրանից առաջ էլ լռությունը խախտեց նաեւ երկրորդ նախագահը: Բայց որպես վերլուծաբան՝ ես չեմ գտնում, որ այդ մարդիկ կարող են ինչ-որ դերակատարություն ունենալ երկիրն այս վիճակից հանելու հարցում:
«Առավոտ»- Նկատի ունեք երեք նախագահների՞ն:
Ա.Պ.- Երկուսին՝ հաստատ, երրորդը կարծես թե պրոբլեմը զգում է: Մյուսների օրոք իրենց համար իդեալական վիճակ էր: Իսկ Սերժ Սարգսյանը, դատելով վերջին մեկ տարվա նրա հայտարարություններից, կարծես թե պրոբլեմը զգում է:
«Առավոտ»- Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հե՞տ եք ինչ-որ չափով հույս կապում:
Ա. Պ.- Չասեմ՝ հույս. ինքը դեռ շանս ունի, դեռ մի քանի ամիս ժամանակ ունի՝ չգնալու նախորդների ճանապարհով:
Ս. Ս.- Ես համաձայն չեմ Սերժ Սարգսյանի վերաբերյալ տրված գնահատականին: Իմ կարծիքով՝ ներքին պոտենցիալը, գիտելիքները, կախվածությունը եւ մնացած բոլոր հանգամանքները թույլ չեն տալիս եւ երբեւէ չեն տա Սերժ Սարգսյանին այլ քայլերի դիմել: Ինչի պոտենցիալը նա ունի, ցույց է տալիս, անում է. ընդամենն այդ ձեւական քայլերն են, որ երկրում ինչ-որ իրավիճակ է փոխվում, պատժելիության մթնոլորտ է ստեղծվում եւ այլն: 5 տարի ժամանակ ուներ, եկավ նախընտրական փուլը՝ նո՞ր սկսեց այդպիսի քայլեր անել: Այս ամենը զուտ նախընտրական գործընթացներով է պայմանավորված եւ որեւէ կապ չունի երկրում փոփոխություններ կատարելու նրա ցանկության հետ:
Ա. Պ.- Ենթադրենք՝ դա քաղաքական տեխնոլոգիա է: Բայց այդ դեպքում այդ տեխնոլոգիան ինչո՞ւ չկիրառեցին նախկին նախագահները, երբ իրենց դեմ գալիս էր բողոքավոր մարդկանց հոծ բազմություն՝ ընդգծված առաջնորդով: Ասացեք, նախկին նախագահներից ո՞վ կանգնեց եւ ասաց՝ երկրի վիճակը վատ է, մենք լավ չենք կառավարում, եկեք ինչ-որ բաներ փոխենք: Տեր-Պետրոսյանի օրոք այդպիսի թեզ կար՝ եթե կա ընդդիմություն, էլ ի՞նչ ինքնաքննադատություն (ես ներսում եմ եղել, տեսել եմ), երկրորդ նախագահի օրոք էլ դուք չեք տեսնի այդպիսի խոստովանություն:
Ս. Ս.- Եթե իրենց առջեւ խնդիր կար վերընտրվելու, տվյալ ժամանակահատվածի իրավիճակը գնահատելով՝ որոշվում էր, թե ինչ տեխնոլոգիա պետք է կիրառվի: Նախորդ նախագահների ժամանակ ոչ նման սոցիալական բեռ կար երկրի վրա ծանրացած, ոչ էլ ժողովրդի աչքերն էին այս աստիճանի բաց: Հիմա հնարավոր չէ կիրառել այն նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառել են Ռոբերտ Քոչարյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդամենը տեխնոլոգիան է հիմա փոխվել:
Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:
Երկու վերլուծաբանների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ