Մի քանի կոնգրեսականներ Ֆեյսբուքում քարոզչություն են տանում՝ ընդդեմ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ստյոպա Սաֆարյանի: Երբ ՀԱԿ անդամ, Կանաչների միության նախագահ Արմենակ Դովլաթյանն ինքնաբացարկ հայտնեց, ֆեյսբուքում ալիք բարձրացավ, որ փաստորեն, Ավանում ընդդիմությունը չունի թեկնածու: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Դե եթե իրենք են զարմանում, թե ով է ընդդիմություն, նշանակում է` սելավն եկել-տարել է»:
Պարոն Սաֆարյանը վստահեցրեց, որ ՀԱԿ-ից Սոնա Մուրադյանն առավոտից իրիկուն իր հետ է, իր շտաբում է. «Այնպես չի, հասկանում եք, ֆեյսբուքային մի քանի անհասկանալի երեւույթները որեւէ բան չեն նշանակում: ՀԱԿ-ից լիքը լավ մարդիկ ե’ւ Ավանում, եւ Նոր Նորքում իմ հետ են, որովհետեւ իմ հին ընկերներն են: Ֆեյսբուքում ոմանք ինչ գրեն-չգրեն` իրենց խնդիրն է: Լիքը մարդիկ ՀԱԿ-ից ինձ հետ են, հետեւաբար վստահ եմ, որ քաղաքական ուժի մակարդակով հակաքարոզչություն չի գնում»:
Մեր դիտարկմանը, որ միասնական շտաբի ժամանակ էլ «Ժառանգությանն» էին մեղադրում` իշխանության թեւի տակ լինելու մեջ` Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Միգուցե այդ մարդկանց գործը ֆեյսբուքում հենց դա է, միգուցե իրենց վճարում են հենց դրա համար, ես ի՞նչ իմանամ: Մի բան կարող եմ ասել`շատերին ճանաչում եմ, շատերի ոչ միայն մտածողությանն եմ տեղյակ, այլ նաեւ հոգեկան խնդիրներին, հետեւաբար անկեղծ ասած, խղճահարությունից դրդված` չեմ պատասխանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ