Հատված թիվ 1 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հարցազրույցից:
– Ընդդիմության միասնական թեկնածուն մի՞ֆ է, թե՞ իրականություն, միասնական թեկնածուին պե՞տք է տարբեր կուսակցությունների սատարումը։
– Ես միասնական թեկնածուի կողմնակից եմ, որովհետև դա մի քայլ ավելի առաջ է տանում ընդդիմությանը, հասարակությունը տեսնում է համախմբվածություն, տեսնում է ուժ և սկսում է հավատալ այդ ուժին։ Բայց պիտի նաև հասկանանք, որ միասնական թեկնածուն ունի իր բացասական կողմերը, քանի որ Հայաստանի քաղաքական ուժերն ունեն չափազանց տարբեր դիրքորոշումներ՝ լիբերալներից մինչև ուլտրաազգայնականներ, չեն կարող միավորվել մեկ թեկնածուի շուրջը, եթե անգամ նա չափավոր դիրք է գրավում։ Չափազանց կարևոր է թեկնածուի անձը, որպեսզի կարողանա և՛ ձախերին, և աջերին համախմբել։ Այս տեսակետից Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն իդեալական է՝ և որպես ազգային խնդիրների հետ կապված կուսակցության, և որպես քաղաքացիական ազատությունների, ժողովրդավարության համար պայքարող կուսակցության ղեկավար։
– «Ազատ դեմոկրատները» հայ քաղաքական իրականության մեջ առաջին անգամ պատրաստվում է կին թեկնածու առաջադրելու, հայ հասարակությունը պատրա՞ստ է կին նախագահ ունենալու։
– Ցավոք, ոչ, Հայաստանն արական հասարակություն ունեցող երկիր է մնում։
– Կանայք կնոջը ձայն չե՞ն տա։
– Հավատացեք, որ առաջին հերթին կանայք ձայն չեն տա, ավելի շատ տղամարդիկ կպաշտպանեն կնոջ թեկնածությունը։ Ընդհանրապես ընտրողների մի զգալի հատված թեկնածուներին սեռային հատկանիշով է գնահատում, սեռային համակրանքը չափազանց տեսանելի է եղել անցած ընտրություններում։
– Ձեր կարծիքով՝ ի՞նչ է ուզում ընտրողը։
– Լավ կյանք ունենալ, պաշտպանված լինել, շատ քիչ հատվածն է մտածում քաղաքացիական իրավունքների մասին, առաջին հերթին ուզում են իրենց սոցիալ-տնտեսական իրավունքները հարգված լինեն, բայց ավելի շատ՝ իրենց արժանապատվությունը չվիրավորվի։ Այստեղ նաև իմ ընտրարշավի հաջողությունն է թաքնված, որովհետև նրանք հիշում են, որ ես անձնական ու ազգային արժանապատվության պաշտպանությամբ բազում ելույթներ եմ ունեցել։ Նրանց համար նույնիսկ երբեմն նույնն է՝ ով կկառավարի, կարևորը իրենց վիճակը լավանա, կյանքը փոխվի, այդ պատճառով էլ ես իմ կարգախոսն ընտրել եմ «Միասին փոխենք մեր կյանքը»։
– ՀՀԿ–ն էլ ասում էր՝ «Հավատանք, որ փոխենք»։
– Մայիսի 6-ին իրենք հորդորեցին հավատալ, եթե մայիսի 6-ից հետո կյանքը փոխվել է, թող 71 պատգամավորը դարձնեն 72, եթե կարծում են, որ ես, լինելով ժողովրդին ծառայող պատգամավոր, ավելի շատ եմ պահելու իրենց արժանապատվությունն ու իրենց իրավունքները, թող ընտրեն ինձ։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Իրատես de facto»