Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրակեմ Հրաչ. «Մեքենան, որի վրա կրակել են, նախագահի թիկնազորի հետ կապ չունի, դա մեր ծառայության մեքենան է»

Նոյեմբեր 27,2012 11:44

Նոյեմբերի 23-ի համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Զրուցել էինք պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) հետ, վերջինս հաստատել էր մեր տեղեկությունը։ Սակայն հաջորդ օրը ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե խմած ու հիվանդություն ունեցող մի քաղաքացի է պատահաբար կրակել ՊՊԾ աշխատակիցների ուղղությամբ։

Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին զրուցել է ՊՊԾ պետ Հրաչյա Հարությունյանի հետ՝ պարզելու, թե իրականում ով է ճշմարտությունն ասում։

– Պարոն Հարությունյան, խնդրում եմ ասել, թե ինչ է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին, կրակողը չի՞ հիշում, թե ինչ է տեղի ունեցել։

– Ուղղակի մի բան նշեմ, որ այդ մեքենան, որի վրա կրակել են, նախագահի թիկնազորի հետ կապ չունի, դա մեր ծառայության մեքենան է։ Ախր մեր ծառայությունը հո մենակ նախագահի՞ն չի սպասարկում։

– Այդ դեպքում ասեք, թե նշված մեքենան, որի վրա կրակել են, ում է սպասարկում։

– Մեր ծառայությունը սպասարկում է ե՛ւ նախագահին, ե՛ւ վարչապետին, ե՛ւ ԱԺ նախագահին։ Խնդրում եմ՝ ասե՛ք Ձեր մյուս հարցերը։

– Փաստորեն, ոստիկանությունը հերքում Է Ձեր բոլոր ասածները, անգամ այն, որ Ձեր ծառայության մեքենան վնասվել է։ Դա ինչպե՞ս եք մեկնաբանում։

– Ճիշտ եք գրել, որ դեպքը տեղի է ունեցել Կոնյակի գործարանի մոտ, այդ մեքենան, որը եղել է այդ ճանապարհի վրա, մեր ծառայության մեքենաներից մեկն է, «Նիվա» մակնիշի մեքենա է, որը «ուղեկցողի» ֆունկցիա չի կատարում։ Այո՛, կրակել են, ու կպել է մեր մեքենայի դիմապակուն, այդտեղ թաքցնելու ոչինչ չկա, ի վերջո, գույքային վնաս է հասցվել։ Այո՛, այո՛, բայց դրանք նախագահի թիկնազորի հետ կապ չունեն, ես էլի եմ նշում, որ մեր ծառայությունը սպասարկում է ե՛ւ նախագահին, ե՛ւ վարչապետին, ե՛ւ ԱԺ նախագահին, ե՛ւ, ասենք, Սահմանադրական դատարանի նախագահին, դատախազին, մի շարք այլ բարձրաստիճան անձանց։ Դրանք առանձին ծառայություններ են։

– Հիմա կոնկրետ Ձեր կողմից նշված «Նիվա» մակնիշի մեքենան ո՞ր պաշտոնյային էր սպասարկում։

– Մեր տեխնիկական ծառայություններից մեկի մեքենան էր, այսքանը։

– Դուք հավանական համարո՞ւմ եք ոստիկանության այն տեղեկատվությունը, որ Ձեր ծառայության աշխատակիցների վրա կրակողը չի հիշում, թե ինչու է կրակել։ Իսկ ատրճանակն էլ կրակողի կինն է գտել իրենց փողոցի աղբամանի միջից։

– Դա իր զենքն է եղել, ու ինքը դրանով է կրակել։ Հիմա ես չեմ կարող այդ մարդու փոխարեն պատասխանել, մարդ է, կարող է հիմա չէր հիշում, հետո հիշեց, նման մարդկանց կատեգորիա էլ կա, որ հիշողությունը գնում գալիս է։ Երբ որ պետք է իրեն՝ չի հիշում, երբ որ պետք չէ՝ հիշում է։ Ես ի՞նչ կարող եմ ասել, մարդը Երեւանյան հիվանդությամբ տառապող մարդ է, որը մի երկու բաժակ խմելուց հետո դառնում է անկառավարելի։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930