Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երևանյան հիվանդություն ունեմ, բայց, փառք Աստծո, ոչ բժշկական». Լևոն Մալխասյան

Նոյեմբեր 27,2012 11:14

Հատված Լևոն Մալխասյանի հարցազրույցից:

Արդեն 50 տարի է՝ ջազում եք, այս տարիների ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:

– Ոչ մի: Ի տարբերություն Մոսկվայի, Լինինգրադի, Սանկտ Պետերբուրգի և շատ ուրիշ քաղաքների, որտեղ այն տարիներին ջազն արգելվում էր, և ջազմենները փախչում էին երկրից, Երևանում ոչ մի տարի ջազը չի արգելվել: Պարզ է` մեծ ոգևորությամբ չեն ընդունել, բայց չեն էլ արգելել: Մեզ միշտ թողնում էին համերգներ տալ, և դահլիճները լեփ-լեցուն էին լինում: Ի՞նչ արգելքի մասին է խոսքը, եթե Երևանում 1985 թվականին կարողացանք «Համամիութենական ջազ-փառատոն» անցկացնել, իսկ 1986-ին  այն կրկնեցինք (կոչվում էր «Ջազային համայնապատկեր»):

Բազմաթիվ արվեստագետներ դրսում կայացան, բայց Դուք մնացիք այստեղ: Ի՞նչն էր Ձեզ պահում:

– Պատմեմ ձեզ իմ ու Երևանի պատմությունը: Երբ ես այլ երկիր եմ գնում, 13 օրից ավելի չեմ կարողանում մնալ: Նշանակություն չունի՝ Բրազիլիայո՞ւմ եմ, Լաս Վեգասո՞ւմ, թե՞ Մոսկվայում. 14-րդ օրն արդեն Երևանում եմ: Երբեմն ցանկանում էին ինձ հետ ինչ-որ պայմանագրեր կնքել` ասելով, թե պետք է երեք ամիս մնամ տվյալ երկրում, ասում էի` այդ համերգները թող մնան հետո, հիմա տոմսս տվեք` ես գնում եմ: Ես  երևանյան հիվանդություն ունեմ, բայց, փառք Աստծո, ոչ բժշկական (ժպտում է.- Գ. Ա.): Ցանկանում եմ մեր ամենա-ամենա գրողներից մեկի` Հրանտ Մաթևոսյանի  խոսքերը մեջբերեմ, ով  ասում էր` «Որ օրն իմ երկրում, գյուղում չեմ անցկացնում, կորած եմ համարում»: Իմ դեպքում էլ է այդպես:

Իսկ այսօրվա Երևանն ինչպիսի՞ն է Ձեր աչքերում:

– Ես Երևանին վերաբերվում եմ` որպես իմ երեխայի: Մի օր նա լավ տրամադրություն ունի, մի օր` ջերմում է, մի օր` շատ վատ է: Ես իմ քաղաքին չեմ նայում` որպես թերություններ ունեցող քաղաք: Ես շատ ծանր եմ տանում արտագաղթը, բայց տաքություն ունեցող երեխային թողնում ու փախչո՞ւմ են: Ո՛չ, բուժում են, օգնում: Ինձ համար Երևանը կենդանի մարդ է:

Որպես մարդ և որպես արվեստագետ՝ ի՞նչ երազանքներ ունեք:

– Ես ունեի երեք երազանքներ, որոնք բոլորն էլ իրականացան: Առաջին երազանքս էր՝ մեկնել ԱՄՆ և ակումբում լսել այն մարդկանց, որոնց շնորհիվ ես սկսել եմ նվագել: Դա ինձ հաջողվեց 1990 թվականին: Երկրորդ երազանքս էր՝ ամերիկյան մեգաաստղերի հետ միասին Երևանում անել միջազգային ջազ-փառատոն: Դա մի քանի անգամ հաջողվեց անել: Իսկ երրորդ երազանքս էլ սեփական ջազ ակումբ ունենալն էր: Դա ևս հաջողվեց: Չորրորդ երազանքս էլ չեմ ասում, քանի որ ձուկը դեռ ջրում է … (ժպտում է.- Գ. Ա.):

Իսկ եթե փակագծերը մի փոքր բացե՞ք

– Երազանքս չեմ ասի, բայց մի նպատակ ունեմ: Մյուս տարի փորձում ենք մի շատ հետաքրքիր փառատոն անել, որը մինչ օրս չի արվել: Ցանկանում ենք «Համահայկական միջազգային ջազ-փառատոն» կազմակերպել: Կարող եմ ասել, որ, բացի Աֆրիկայի ջունգլիներից, ամեն երկրում հայ ջազմեն ունենք, ուղղակի պետք է ճշտել նրանց որակը: Միայն նրա համար, որ հայ է և ջազ է նվագում, չենք կարող հրավիրել, պետք է որակն անպայման համապատասխան լինի երևանյան մակարդակին: Սա մեծածախս գործ է և պահանջում է ամենօրյա աշխատանք:

Պատրաստվո՞ւմ եք ֆինանսավորման համար ինչոր մարմինների դիմել:

– Նմանատիպ փառատոները չես կարող միայնակ անել: Սպասում եմ, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք մինչ այսօր աջակցել են, կօգնեն նաև այս փառատոնի իրականացման գործում: Օգնություն եմ սպասում նաև Սփյուռքահայ կոմիտեից, Մշակույթի նախարարությունից: Կարծում եմ` կկարողանանք համատեղ ուժերով այս փառատոնն ի կատար ածել:

Գոհար ԱՐԱՄՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930