Հատված հոգեբան, հոգեթերապեւտ Ռուբեն Պողոսյանի հարցազրույցից:
– Սերժ Սարգսյանի կարճ նախադասությունների, համընդհանուր ճշմարտություններ ասելու սովորության մասին ի՞նչ կասեք, չնայած, իհարկե, նա ավելի մեղմ է խոսում, քան Քոչարյանը։
Կարդացեք նաև
– Նա կարծեք թե մեզ հետ չի խոսում։ Մենք այստեղ ավելի շուտ բախվում ենք ոչ թե երկխոսության, այլ լեզվական կառույցների հետ, դրա համար նրա խոսքը տեղ չի հասնում, օրենքի ուժ չի ընդունում, որ ես դրանով կարողանամ ապրել։
– Բայց հիշվում են վերահսկողի, պատասխանատվության կանչող մարդու դիրքերից արված արտահայտությունները։ «Տիգրան, լավ չհասկացար», կամ՝ ապամոնտաժել, կամ՝ գլխից բռնեք մեծին, ինչպես դատախազների հետ հանդիպմանն ասաց։
– Դրանք լեզվական կլիշեներ են, շատ ընդունված եւ մաշված, ուժը կորցրած։ Հիշեք Գագիկ Բեգլարյանի դեպքը։ Նախ, նախագահը վերցրեց իր վրա նրան դատողի դերը, եւ մենք տեսանք, թե ինչ ուժով նա դուրս նետվեց իշխանական համակարգից։ Բայց վերջերս նորից հրավիրվեց այնտեղ։ Որի՞ն հավատանք։ Խոսքը ևաեւ հավատ ներշնչող պիտի լինի։ Մենք ինքներս խոսքի եւ ցանկության էակներ ենք։ Եթե վիժեցված ձեւով են խոսում, մեզ կարծես մարդատեղ չեն դնում։ Սա է ամենասոսկալին, որ բառի նկատմամբ պատասխանատվություն չեն կրում։
– Կա՞ մեկը նախագահներից, ով կրել է։
– Ես չեմ տեսնում, որովհետեւ կա բառախաղ նաեւ, որը շատ սիրում էր
առաջին նախագահը։ Սկզբից մի բան կասեր, հետո բառերի միջոցով կբերեր, այլ բան կհարմարեցներ։ Մի տեսակ բառախաղերի, բառակույտերի մեջ է պտտվում, ինքը շատ լավ լողում էր այդտեղ։
– Նախագահներից ո՞վ էր ամենաանկեղծը խոսքում։
– Առաջին նախագահը, երբ դեռեւս ընտրված չէր։ Այդ ալիքի վրա էր, ինքը մեզ հետ միասին էր, բայց հիմա էլ չկան այդ ալիքները, որպեսզի մյուսներն անկեղծ լինեն։
– Քաղաքական գործիչներից ո՞ւմ կառանձնացնեիք անկեղծ խոսքի առումով։
– Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա ոչ թե խոսում է ժողովրդի ծոցից դուրս եկած մարդու լեզվով, նա չի էլ կարող խոսել այդպես, քանի որ այլ մշակույթի անձնավորություն է, բայց նրա խոսքը կշռադատված է եւ ճշմարիտ բառերով, որոնք կարող են սրտին չհասնել, բայց մտքին հասնում են։
– Իսկ Օսկանյա՞նը։
– Վարդան Օսկանյանը՝ չէի ասի, ցավոք։ Նրա խոսքը միշտ դիվանագիտական ձեւի մեջ է, ժողովրդին հասու չէ։
– Բագրատյանի՞նը։ Նա անկեղծ է, չէ՞։ Անգամ ինտիմ կյանքի մասով։
– Շատ մաքուր, մարդկային լեզվով անկեղծ կարողանում է խոսել։
– Ծառուկյա՞նը։
– Նրանը աշակերտի խոսքի նման է, սովորեցրած խոսք է։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
«Հրապարակ»