Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնական թեկնածուն» արեց իր գործը

Նոյեմբեր 27,2012 10:29

Պարզ չէ, թե ինչով կավարտվի «միասնական թեկնածու» օպերացիան, քանի որ «թեկնածուները» մեկը մեկից բարձր լռում են, բայց ակնհայտ է, որ այդ օպերացիան արդեն իսկ տվել է իր ցանկալի արդյունքը: Այն վիշապի նման կլանել է հանրային էներգիան, միտքը՝ պահելով սպասման մեջ և զրկելով այդ միտքն ու էներգիան արտադրողականությունից, որ կարող էր ունենալ նախագահական ընտրություններին նախորդող ներկայիս կարևոր շրջանում:

«Միասնական թեկնածու» օպերացիայի շնորհիվ հաջողվեց կաղապարել հասարակական-քաղաքական կյանքը: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ իշխանությունն էլ դրան ոչ մի կերպ չխոչընդոտեց, քանի որ այն, ինչ կատարվում էր «միասնականության» անվան տակ, իրականում ոչ մի կերպ չէր հակասում իշխանության ծրագրերին: Հակասությունը կլիներ այն դեպքում, երբ «միասնական թեկնածուի» գաղափարը լիներ հասարակության ծնունդ, այսինքն՝ գար ներքևից, ունենար սոցիալական հենարան, բազա, ներկայացներ քաղաքացիներին: Սակայն այդ գաղափարը իրականում ներկայացրին ուժեր, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ հակադիր ճամբարներում էին, որոնցից մեկը մինչև այսօր չի համարձակվում հստակ ու կոնկրետ դուրս գալ իշխանական ճամբարի դեմ և անգամ Սերժ Սարգսյանի անունը տալ:

Երբ իրար են միանում այս ուժերը, այսպիսի ուժերը, երբ այդ միասնությունը տեղի է ունենում Մարտի 1-ի արյունը մոռացությանտալու վրա, երբ տեղի է ունենում երկրի անխնա թալանի, իշխանության յուրացման «հիշողությունները» ջնջելու վրա, դա ոչ միայն չի հակասում իշխանության շահերին, այլև բխում է այդ շահից:

Ահա այս իմաստով, «միասնական թեկնածու» կլինի, թե ոչ, բայց արդեն իսկ բուն գաղափար կոչվածը արել է իր գործը,և պարզ է, որ հանրային գործոն ներկայիս նախագահական ընտրություններում այլևս չի լինի: Սա բոլորովին պատճառ չէ վհատվելու, հուսահատվելու: Վերջին հաշվով, հասարակության խնդիրը նույնն էր սրանից առաջ, նույնն է լինելու նաև սրանից հետո` երկրում հասնել քաղաքացիական մթնոլորտի և քաղաքացիական իշխանության ձևավորման, երբ կլինի մի շերտ, որը վեր կլինի կուսակցականությունից և կձևակերպի ընդհանուր քաղաքացիական շահերն ու հետամուտ կլինի դրանց պաշտպանությանը:

Պարզապես, որպես փաստ, արձանագրենք այն ծառայությունը, որ «միասնական թեկնածու» գաղափարի անվան տակ մատուցվեց իշխող քրեաօլիգարխիկ համակարգին և առ այսօր շարունակվում է մատուցվել՝ ամեն ինչ առավելագույնս ապահովագրելու և անդառնալիությունը երաշխավորելու համար:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930