Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը՝ Ավանի ընտրողների «բազմացման» մասին. «Կան երիտասարդներ, որոնց 18 տարին լրանում է»

Նոյեմբեր 26,2012 23:22

Այսօր Aravot.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կբացատրեք այն, որ Ավանի ընտրողները մայիս 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո այս մի քանի ամսվա ընթացքում 2000-ով ավելացել են, աճել ու բազմացել են: Նա պատասխանեց. «Նախ, որ այդ ցուցակները պետք է փոփոխության ենթարկվեին՝ դա միանշանակ է: Ինչու՝ որովհետեւ կան մարդիկ, որոնք, ցավոք, մահանում են, կան երիտասարդներ, որոնց 18 տարին լրանում է, եւ նրանք մտնում են ընտրական ցուցակներ: Այսինքն, սա եղանակներից մեկն է, որով պայմանավորված՝ այդ ընտրական ցուցակը պետք է փոփոխություն կրեր: Դա վիճակագրական տվյալ է, եթե մենք նայում ենք, որ մահացությունը ավելի փոքր է, ավելացածները ընտրողներ են, որոնց 18 տարին լրացել է: Հիմա, մի գործոնը սա է, որը նպաստել է: Մյուս գործոնը կարող են լինել մարդիկ, որոնք այս ընթացքում բնակարան են ձեռք բերել կոնկրետ ընտրատարածքում, տեղափոխվել են կոնկրետ ընտրատարածք եւ այնտեղ սահմանված կարգով հաշվառվել ու մտել ընտրողների ցուցակներ: Այստեղ կան բավականին հնարավորություններ: Խնդիրը պետք է նայել հետեւյալում՝ ոչ թե, որ այդ թիվը մեծացել է 2-3 հազարով ու դրանից բացարձակ դատողություն անել, այլ պետք է դրա համար, եթե կան նման հարցադրումներ, դիմել լիազոր մարմնին՝ ոստիկանությանը՝ պարզելու, թե ինչի՞ արդյունք են եղել այդ փոփոխությունները: Ես համոզված եմ, որ լիարժեք պատասխան կտրվի լիազոր մարմնից, թե ինչքանով է ավելացել եւ յուրաքանչյուրը ինչի արդյունք է ներկայացնում»:

Մեր հարցին, եթե ընտրացուցակները չեք տրամադրում հանրապետության մասշտաբով, ինչպե՞ս կարող են մարդիկ, կամ ընդդիմադիր թեկնածուները վերահսկել եւ ստուգել՝ տվյալ անձը այլ տեղերում գրանցում ունի՞, թե՞ չունի: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ընտրողների ռեգիստրը տեղադրված է, անձը կարող է իր կամ ցանկացած այլ անձի տվյալները հավաքել եւ հավաստիանալ՝ կա՞ ընտրողնեդրի ռեգիստրում, թե՞ չկա. «Իսկ հանրապետական ընտրություններից առաջ ներբեռնման համակարգով ընտրացուցակները լինում են, դա կարելի է download անել: Եթե այդ ամբողջ ցուցակը ներբեռնվում է՝ դժվար չէ արդեն ստուգել, թե նույն անձը քանի տեղամասում է կրկնվում: Նախկինում եղել է այդպիսի ուսումնասիրություն: Խորհրդարանական վերջին ընտրություններին նման մի քանի դեպք եղավ, երբ համընկնում էր, արդյունքում մոտ 10-15 դեպք մաքրվեցին: Կային դեպքեր՝ մոտ 16 դեպք, երբ մարդու անուն-ազգանուն-հայրանունը, ծննդյան թիվը համընկնում էր, եւ ստուգումների արդյունքում պարզվեց, որ դրանք բոլորոիվին տարբեր քաղաքացիներ էին»:

Մենք հետաքրքրվեցինք՝ այն, որ թիվ 1 ընտրատարածքի թեկնածու Էդուարդ Պետրոսյանը նախընտրական հիմնադրամ չի բացել, 0-ական ծախսեր է հայտարարագրում, դա նորմա՞լ է՝ նա պատասխանեց. «Մարդը ծախս չի անում, չի բացում նախընտրական հիմնադրամ, ի՞նչ է եղել»: Մեր դիտարկմանը, որ «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանն արձանագրել է, որ նա ունի առնվազն 3 նախընտրական շտաբ եւ պաստառներ՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ընտրական պայքարը դեռեւս շարունակվում է, կա ժամանակ. «Չի բացառվում, որ վաղը նա փորձի ձեւավորել ընտրական հիմնադրամը եւ հաշվետվություն ներկայացնի վերջին օրերին»:

Եթե պարզ հաշվարկ արվի եւ պարզվի, որ Հանրապետական թեկնածուի նախընտրական ծախսերը շատ ավելի են կազմել, քան նա ներկայացրել է հաշվետվության մեջ, սա հի՞մք է, որպեսզի նրա գրանցումը չեղյալ համարեք՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Հա, Ընտրական օրենսգիրքը նախատեսում է նման բան: Եթե թեկնածուների կողմից ծախսեր են կատարվում, որոնք ցույց չեն տրվում, դրանք չեն համապատասխանում ցույց տվածին, դրա վերաբերյալ, իհարկե, Ընտրական օրենսգիրքը սանկցաներ ունի նախատեսած»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930