Լրահոս
Օրվա լրահոսը

Չլսող երեխաներին հանրակրթական դպրոցների տնօրեններն իրենց փողի համար վերցնում են` չունենալով սուրդոմանկավարժներ

Նոյեմբեր 26,2012 23:10

Հինգ ամիս հանրակրթական դպրոց հաճախելուց հետո 7-ամյա Նշանին ծնողները Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի միջնակարգ դպրոցից հանել եւ տեղափոխել են կրթահամալիր: «Այդ ամիսները երեխայի համար տանջանքների ու տառապանքների ամիսներ էին: Դպրոցում ոչ մի մասնագետ չկար, որը նրա հետ հատուկ ծրագրով կզբաղվեր: Նշանն անգամ իր անունը չգիտեր: Երեխաս սիրում է սովորել, բայց լաց էր լինում, հրաժարվում էր դպրոց գնալ, ամաչում էր, որ բոլորը կարողանում են կարդալ, ինքը՝ ոչ, բոլորը լսում են՝ ինքը չի լսում: Ահավոր զայրացած եմ այդ որոշումից, այս երեխաները չեն կարող սովորական դպրոցում սովորել, դա պիտի հաշվի առնեն: Իրենք չունեն այդպիսի երեխաներ այդ պատճառով էլ մատների արանքով են նայում այս հարցին»,-Aravot.am-ի հետ զրույցում վրդովված ասաց Նշանի տատիկը՝ Անահիտ Շիրվանյանը:

Տիկին Անահիտը Արմավիրի մարզի գրեթե բոլոր դպրոցների դռները թակել է, որպեսզի Նշանին այն դպրոցը տանի, որտեղ գոնե 1 սուրդոմանկավարժ կլինի, սակայն ապարդյուն:

Տիկին Անահիտի խոսքերով, Նշանը 2-րդ տարին է այցելում է Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը, որտեղ երեխան հատուկ մասնագետների ջանքերի շնորհիվ մեծ առաջադիմություն ունի. արդեն կարդում, գրում ու բառեր է արտաբերում:

Այս կրթահամալիր հաճախող երեխաների ծնողները շունչները պահած սպասում են եւ չգիտեն, թե այս օրերին Ազգային ժողովում քննարկվող ներառական կրթության մասին օրենքն ինչպես կանդրադառնա չլսող երեխաների վրա: Սակայն մի բան հաստատ որոշել են, որ կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուներին ոչ մի գնով թույլ չեն տալու կրթահամալիրը փակել եւ երեխաներին ուղղորդել հանրակրթական դպրոցներ:

Այս կրթահամալիրի շատ ծնողներ հանրակրթական դպրոցի դառը պտուղներն արդեն ճաշակել են եւ ինչպես իրենք են ասում՝ «քոռ ու փոշման մեր երեխաներին հետ ենք բերել կրթահամալիր»:

Այս մասին առավել մանրամասն կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930