«Իրավունքի գերակայություն» հ/կ նախագահ եւ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն այսօր Aravot.amի հետ զրույցում վստահեցրեց, որ նախագահական ընտրություներից առաջ փոփոխությունների կամք իշխանությունների կողմից չկա. «Ընտրություններից հետո կլինի՝ ինչպես մինչեւ հիմա եղել է»: Մեր հարցին՝ սա հերթական փափուկ բարձը չի՞, որ ասում են, թե Ընտրական օրենսգրքի առաջարկները ընտրություներից հետո կքննարկենք՝ նա պատասխանեց. «Այո, դա պատրանք է ուղղակի»:
ՀՀԿ պատգամավոր, ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը գտնում է, որ ներկայացված առաջարկներից մեկը, ըստ որի քաղաքացին, որը հաշվառված չէ, իրավունք չպետք է ունենա մասնակցել ընտրություններին՝ հակասահմանադրական է: Արտակ Զեյնալյանի դիտարկմամբ՝ «դա ընդհանրապես գալիս է Սահմանադրական դատարանի որոշումից, որ քաղաքացիական ինստիտուտի վերաբերյալ նման որոշում կայացրեց: Կարծում եմ, թյուրըմբռնում է եղել՝ Դավիթ Հարությունյանի կողմից: Սահմանադրական դատարանի որոշումը նրանով էր պայմանավորված, որ ընդհանրապես այդ քաղաքացիությունը մարդկանց վզին փաթաթված չլինի: Եվ ովքեր որ 6 ամսից ավելի Հայաստանում չեն, իրենց պետք է հաշվառումից հանեն: Դրանք իրար հետ կապված են՝ հաշվառումից հանելն ու ընտրացուցակներում չլինելը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ