Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկի առիթով այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը եւ 1-ին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը ԶԼՄ-ներին պատմեցին կատարված նախապատրաստական աշխատանքների մասին, պատասխանեցին լրագրողների հարցերին:
Aravot.am-ը, որ օրերս բացառիկ հարցազրույց էր անցկացրել ֆեդերացիայի նախագահի հետ, այսօր պարոն Արման Մուրադյանից հետաքրքրվեց, թե հանպատրասից աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում կազմակերպելով, արդյոք ուժի մեջ է մնում ֆեդերացիայի` եկող տարվա Եվրոպայի մեծահասակների առաջնությունը նույնպես Երեւանում անցկացնելու մտադրությունը: «Մենք 2013 թվականի հետ կապված պլաններ ունեինք, բայց որ այս տարվա աշխարհի երիտասարդական առաջնությունը մեզ տվեցին, կտեսնենք: Ֆեդերացիայի գործկոմը կորոշի, թե դա նպատակահարմա՞ր կլինի», – պատասխանեց պարոն Մուրադյանը:
Իսկ ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը ավելացրեց. «2013 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կայանալու է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Մենք ավելի կարեւոր խնդիր ունենք` 2016 թվականի օլիմպիական վարկանիշային մրցաշար բերել Հայաստան: Դա պետք է լինի մեր ֆեդերացիայի ամենակարեւոր խնդիրը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ