Օրերս Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստի ժամանակ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով նույնպես ավագանու անդամ է, քաղաքապետարանի հաստիքացուցակը ներկայացնող փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանին խնդրեց պարզաբանել, թե 2-րդ տեղակալի հաստիքը որքանո՞վ է համապատասխանում գործող օրենսդրությանը:
Նշենք, որ ՏԻՄ օրենքը Գյումրու քաղաքապետի համար նախատեսում է ընդամենը մեկ տեղակալ: «Քաղաքապետի տեղակալների հարցը, պարոն Բարսեղյան, լուծված է եղել: Մեր ժամանակ չի լուծվել, հաստիքները եղել են, նույն ձևի էլ նշանակվել են, որևէ փոփոխություն մեր կողմից չի արվել: Հետո Գյումրին հանրապետության 2-րդ քաղաքն է, իմ կարծիքով մեծ շռայլություն չէ, եթե դուք առարկում եք….ես չգիտեմ», -արդարացավ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:
Հիշեցնենք, որ 2-րդ փոխքաղաքապետի հաստիքը ստեղծվեց Վարդան Ղուկասյանի ցանկությամբ, ով աշխատանքի տեղավորելով ՕԵԿ-ական Ռուդիկ Հովհաննիսյանին` այս միջոցով իր շնորհակալությունը հայտնեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրեն սատարած Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին:
Եթե ի նկատի ունենաք, որ փոխքաղաքապետերի աշխատավարձը Գյումրու քաղաքապետարանում ամսական նախատեսված է 216 հազար դրամ, ստացվում է, որ գյումրեցիները տարեկան ամենաքիչը, (ծառայողական մեքենայի, քարտուղարուհու և կաբինետային այլ ծախսերը չհաշված), անիմաստ 2 միլիոն 592 հազար դրամ են կորցնում: Այլ հարց է, եթե պարտքերի մեջ թաղված պարոն Բալասանյանը հիմնավոր բացատրություն ներկայացներ երկրորդ փոխքաղաքապետ պահելու պահանջարկի կապակցությամբ, որը և այդպես էլ չարեց:
Կարդացեք նաև
Հետաքրքիրն այն է , որ ՏԻՄ օրենքի փոխարեն քաղաքապետերն են որոշում, թե քանի տեղակալ է իրենց անհրաժեշտ. օրինակ` Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալուց հետո Երևանի քաղաքապետարանը մնաց առանց առաջին տեղակալի: Քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետը ունի 3 տեղակալներ` Կամո Արեյան, Վանո Վարդանյան, և Վահե Նիկոյան, ովքեր պատասխանատու են տարբեր ոլորտների համար, սակայն 1-ին տեղակալ չունի, որն, ի դեպ, ամենակարևոր դեմքն է տեղական ինքնակառավարում իրականացնելու համար:
Մինչդեռ Սամվել Բալասանյանը մեկի փոխարեն երկու այդպիսի տեղակալներ ունի. մեկը իր փեսան է. Շիրակի նախկին փոխմարզպետ Ռուբեն Սանոյանը, մյուսն էլ իր իրավաբան սանիկը` թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գուրգեն Մալխասյանը: Թե ո՞վ է նրանցից առաջին տեղակալը, ով երկրորդը, այս հարցը, ըստ գյումրեցիների, քննարկելն անիմաստ է, և փեսասանիկական հարթության վրա՝ ինչ-որ տեղ անհարմար :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ