Այսօր մամուլի ասուլիսում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը լրագրողներից մեկի հարցին, թե Երեւանում մեկնարկող աշխարհի առաջնությունում հայ մրցավարներ լինելո՞ւ են, թե՞ ոչ պատասխանեց. «Ցավոտ հարց բարձրացրիք: Մեկ ամիս եւ ավելի մենք այդ հարցով պայքարում ենք ԱԻԲԱ-ի մրցավարական հանձնաժողովի եւ նախագահի հետ: Այսօր մեր ֆեդերացիայի նախագահը ԱԻԲԱ-ի պաշտոնյայի հետ հանդիպում ունի եւ հարցը կրկին բարձրացնելու է: Խնդիրն այն չէ, թե մենք բարձրակարգ մրցավարներ չունենք: Փոխվել են ԱԻԲԱ-ի պահանջները եւ նման մակարդակի առաջնություններ սպասարկելու համար մրցավարները պետք է ունենան, այսպես կոչված, «երեք աստղի» որակավորում: Մենք այս ուղղությամբ աշխատում ենք: օրինակ, Սուրեն Ղազարյանը Անապայում քննությունները հանձնել է գերազանց, սակայն այդ որակավորումը նրան չեն տալիս: Պատճառները չգիտենք, թեեւ դիմել ենք: Հերթական պաշտոնական նամակն ենք պատրաստել: Պայքարելու ենք, որպեսզի առաջնությունում հայ մրցավար ունենանք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ