Որպես Մարտի 1-ի մեղավոր ես լրիվ կիսում եմ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքը, որ երկուսն էլ մեղավոր են՝ Ռոբերտ Քոչարյանն էլ, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ»:,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Նա վստահեցրեց՝ «Իհարկե, միանշանակ երկուսն են մեղավոր: Որ իրոք մեղքը երկուսի վրա է, դա միանշանակ է, վերջիվերջո Մարտի 1-ը այսպես հանկարծակի չեղավ, որ ասենք միանգամից ծնվեց ու դարձավ: Մեկը հրահրում էր, մյուսն էլ դրան համապատասխան փորձում էր հակադրվել լրիվ այլ ձեւով, այլ ճանապարհով: Թողնում եմ ես այն քաղաքական ուժը, որը տարավ այդ ժողովրդին: ժողովուրդն իրականում դժգոհ ժողովուրդ է, պայքարում էր իր շահերի համար: Այդ ժողովրդի հետ պետք էր կարողանալ խոսել: Նույն իշխանությունը: Ինչո՞ւ կոմկուսն այն ժամանակ կորցրեց իր հեղինակությունը, որովհետեւ չկարողացավ ժողովրդի հետ խոսել ու պատասխանել ժողովրդին հուզող հարցերին: Նույնը եղավ այստեղ: Այնպես որ, ե՛ւ նրանք, ե՛ւ նրանք հավասար են»:
Կոնգրեսականների այն նկարագրությունները, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ին շրջափակման մեջ էր եւ չէր կարողանում դուրս գալ ժողովրդի մոտ, ըստ Արամ Սարգսյանի՝ հեքիաթներ են. «Եթե ես վերցրել եմ ինձ վրա այդպիսի պատասխանատվություն, ես նաեւ պատրաստ եմ զոհաբերության, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Նա կարող էր՝ թող աներ, եթե վերցրել էր դա իր վրա: Իսկ ես ընդհանրապես գտնում եմ, որ ինչպես իր ասած խոսքերն էր՝ առաջին գիշերը հանգիստ քնեցի, երբ որ 10 զոհ էր եղել: Էլ ո՞նց հանգիստ քնեցիր, ուրեմն է՞դ էր քո նպատակը, դա՞ էիր ուզում: Դրա համար ես իմ վերաբերմունքն ունեմ այդ մարդու նկատմամբ հենց առաջին օրվանից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ