Նոյեմբերի 26-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց գեղանկարիչ Ռաֆայել Մեգալի անհատական ցուցահանդեսը: Այն կրում էր «Միացրու զգացմունքդ» խորագիրը:
Կարդացեք նաև
Նկարիչ Մեգալը «Առավոտ»-ին ասաց, որ ցուցահանդեսը յուրովի կոչ է քաղաքացիներին, քանի որ նրանք կտրված են իրենց զգացմունքներից ու բնությունից.
«Ներկայացված է 55 աշխատանք: Ամբողջը տարբեր հոգեվիճակներ են: Կա ծիծաղացող ծաղիկ, վարդագույն գետաձի, որը նույնպես ժպտում է: Ունեմ նկարած լիմուռ, որը տխրում է: Թեման իմ մեջ է, ես ինքս եմ ու իմ հոգեվիճակն է»:
Սա Մեգալի իներորդ ցուցահադեսն էր, որն անցկացվում էր Հայաստանում: Նկարչի խոսքով, ի տարբերություն նախորդ ցուցահանդեսի, այս անգամ նոր է ասելիքը:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ հիշեց Մեգալի առաջին ցուցահանդեսը, որին ինքն է ներկա եղել: Ըստ նրա, այդ ցուցահանդեսից հետո, տեսնելով այս մեկը, կարելի է ասել, որ երիտասարդ նկարիչը մեծ ապագա ունի. «Այն տրադիցիոն նկարչությունը, որը տեսանք առաջին ցուցահանդեսի ժամանակ եւ այն ինչ տեսնում ենք այսօր, նշանակում է` անցում դեպի վեր: Այս արվեստագետն իր ուրույն եսն ունի, որը կարծես ասում է` ես այսպես եմ մտածում, կընդունեք, կհասկանաք` լավ, չէ` ձեր գործն է, ես այսպիսին եմ: Սա լուրջ բան է նկարչի համար` ունենալ իր ուրույն ոճը: Մենք գործ ունենք Հայաստանում մի երիտասարդ արվեստագետի հետ, որին անձամբ շատ եմ հավանում: Այսօր կա մի անձ, մի ստեղծագործ, ով մեզ է ներկայանում մեծածավալ եւ համարձակ գործերով: Նա նոր խոսք է հայկական կերպարվեստում»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ