Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի, սպանության գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին՝ ոստիկանությանը, իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց պաշտպանը, ինքը միանշանակ կարծում է, որ միջնորդությունը մերժվելու է, քանի որ օբյեկտիվ լինելու պարագայում նախաքննական մարմինն ինքը պետք է դա աներ՝ սեփական նախաձեռնությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախաքննությունից դժգոհ է նաև տուժող կողմը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը միջնորդություն էր ներկայացրել ոստիկանություն՝ պահանջելով վերսկսել գործով նախաքննությունը: Ըստ կողմի՝ նախաքննական մարմինը չի ապահովել քննության բազմակողմանիությունը: Ըստ Վ. Էլբակյանի, սպանությունը չէր կարող մեկ անձ կատարել, ուստի նախաքննական մարմինը պետք է գործում ներգրավեր հանցագործության այլ հնարավոր մասնակիցների ևս: Միջնորդությունը մերժվել էր:
Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը սպանվել էր ապրիլի 12-ին, սպանության մեջ մեղադրվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը:
Կարդացեք նաև
Հ. Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 188-րդ հոդվածների առաջին մասերով՝ սպանություն և ապօրինի ձեռնարկատիրություն: Մեղադրանքի ծավալից հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով մեղադրանքը՝ ապօրինի զենք կրելը, պահելը. ըստ «Փաստինֆո»-ի տվյալների, նրա մոտ հայտնաբերված որսորդական հրացանը հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված չէ: