Քաղաքացիական հասարակություն-զանգվածային լրատվամիջոցներ-իշխանություն կապի ամրապնդման ելքերը գտնելու նպատակով, այսօր մի քանի հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպում էին կազմակերպել:
«Լրատվամիջոցները պետք է ապահովեն հ/կ-ների գործունեության հրապարակայնությունը, գործընթացների թափանցիկությունը, բայց դրանցից ոչ մեկը չի կատարվում: Ինչ տեղեկատվություն էլ, որ տարածվում է, արվում է մակերեսային, հապճեպ, կցկտուր»,- հանդիպման ժամանակ դժգոհեց կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանը:
Ըստ նրա, հ/կ-ների դաշտն այսօր շատ խառնված է. «Բարձրաստիճան պաշտոնյաները կարող են ստեղծել հասարակական կազմակերպություններ, իրենք էլ ղեկավարեն: Ի՞նչ գործ ունեն, մտնում են հասարակական կազմակերպությունների դաշտ: Կամ կուսակցությունները կարող են ստեղծել իրենց հ/կ-ները ու նույնիսկ հ/կ-ների կոալիցիա: Այ մարդ, դե ամեն մեկդ գնացեք ձեր դաշտում ձեր խաղը խաղացեք: Սա գալիս է նրանից, որ օրենսդրությունը հստակ չէ: Մինչեւ հիմա չենք պարզել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք են»:
Հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի հ/կ-ների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ ներկայացրեց հանձնաժողովի մշակած Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգը: Այն քննարկվելու է հ/կ-ներում եւ նրանց առաջարկությունների հիման վրա էլ հ/կ-ների մասին օրենքում փոփոխություններ են նախատեսվում:
Կարդացեք նաև
Հանդիպման մասնակից լրագրող Գայանե Առուստամյանն էլ հայեցակարգն ու հանդիպման կազմակերպումը պայմանավորեց նախընտրական շրջանով. «ԶԼՄ-ների միակ առաքելությունը անարդարության եւ իշխանության չարաշահման դեմ գրելն է: Որքան հասկանում եմ՝ հ/կ-ների եւ իշխանության ներկայացուցիչներից ձեւավորված մի էլիտա ուզում են, որ ԶԼՄ-ներ- կառավարություն կապ ամրապնդեն, ինձ համար այդ կապն անհասկանալի է: Այս նախաձեռնությունը պայմանավորում եմ նախընտրական շրջանով, որովհետեւ բոլոր հ/կ-ների ակտիվությունը միշտ արձանագրվել է նախընտրական շրջաններում՝ ստեղծել միավորումներ, կազմակերպել միջոցառումներ եւ դա ներկայացնել անկախ: Հետո պարզվում է, որ ինչքան էլ դրանք ներկայացվեն անկախ , միեւնույնն է դրանք ընտրական գործընթացներին ունենում են մասնակցություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ