Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն»-ը առաջարկում է Թեղուտի հանքավայրը շահագործողների կեղծիքներն ու կոծկումները բացահայտել

Նոյեմբեր 26,2012 17:22

 Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ԱԺ նախագահին ուղարկեցին «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»  ՀՀ ԱԺ որոշման նախագիծը` ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացնելու նպատակով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալու Զարուհի Փոստանջյանը:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Թեղուտի հանքավայրի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» և «Աշխատանքային նախագիծը» ընդունվել են ՀՀ օրենքների և միջազգային նորմերի խախտումներով, ինչպես նաև իրականացվելիք ծրագիրը հիմնված է թերհաշվարկների, կոծկումների, կեղծիքների վրա: Վերոնշյալ փաստաթղթերում ՀՀ տնտեսությանը հասցվելիք վնասի գնահատումը կատարվել է խիստ նվազեցված հաշվարկներով:

«Ըստ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կազմած ՇՄԱԳ-ի՝ Թեղուտի հանքավայրի շահագործումը Հայաստանի Հանրապետությանը իբր կհասցնի ընդամենը 2,508 մլրդ դրամի (6,27 մլն $) վնաս: Նախագծում այդ չնչին գումարն էլ շատ են համարել՝ իջեցնելով մինչև 2,07 մլրդ դրամ (5,17 մլն $): Պետք է ասվի, որ այս գումարը նույնպես չի մուծվելու պետական գանձարան, սակայն մեզ համար դեռևս պարզված չէ, թե հանքարդյունաբերությամբ զբաղվողների այս արտոնությունը ՀՀ ո՞ր օրենքից է բխում, կամ, ընդհանրապես, արդյոք կա՞ այդպիսի իրավական նորմ, թե՞ դա արվում է բանավոր կարգադրությամբ:

Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին»,- նշված է ԱԺ որոշման նախագծի հիմնավորման մեջ:-Այս ծրագիրը ուսումնասիրողները հեշտությամբ կհամոզվեն, որ Ծրագրում գերակա շահը վերաբերում է հանքավայրը շահագործողին:

…Թեղուտի հանքավայրին վերաբերող նյութերի ուսումնասիրողները հեշտությամբ կհամոզվեն, որ թե՛ Նախագիծ կազմողները, թե՛ դրան դրական եզրակացություն տվողները, թե խնդրին վերաբերող` Կառավարության որոշում կայացնողները անտեսել են բնության, ժողովրդի, պետության շահերը»:

Հավելենք, որ Հայաստանում արդեն իսկ առկա է աշխարհում ամենամեծ պոչամբարներից մեկը, որն առաջացել է երկրի հարավում`Զանգեզուրի պղմձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով: Մեր պետության սակավ  հողերում Թեղուտի հանքավայրի շահագործմամբ երկրի հյուսիսում երկրորդ ահռելի պոչամբարի առաջացումը թույլ տալը հանցագործություն է սերունդների` հայրենիքում ապրելու իրավունքի նկատմամբ: Ընդգծենք, որ Թեղուտի անտառը Հայաստանի Հանրապետության ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող հատվածն է, որտեղ կան ՀՀ և միջազգային Կարմիր գրքերում գրանցված կենդանական ու բուսական աշխարհի տեսակներ:

Խմբակցությունը փոփոխություններ է առաջարկել նաև §Սահմանադրական դատարանի մասին¦ Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում, որոնց ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի պարզաբանել սահմանադրական դատարանի որոշումները, որոնց թվում է նաև Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ հանրության իրավունքներին վերաբերող որոշումը:

 

«Ժառանգություն»  խմբակցության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930