Որքան մոտենում են ՀՀ նախագահական ընտրությունները, այնքան ընդլայնվում է հավանական թեկնածուների ցուցակը: Տղամարդկանց զուգահեռ, արդեն խոսվում է կին թեկնածուների առաջադրման մասին: Կանայք մեզ հետ զրույցում արդեն գնահատել են ստեղծված իրավիճակն ու իրենց հաղթանակի շանսերը:
Զրուցեցինք նաև այս պահին նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունը առաջադրել ցանկացող արական սեռի ներկայացուցիչների հետ:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը չի բացառել իր թեկնածության առաջադրման հնարավորությունը: Aravot.am-ը նրան խնդրեց գնահատել իր հաղթանակի շանսերը և հետաքրքրվեց առաջիկա նախագահական ընտրություններում բազում առաջադրումների փաստը մտավախություն չի՞ պարունակում արդյոք, որ թեկնածուների առատությունը կարող է փոշիացնել ընդդիմության ձայները: Նա պատասխանեց. «Եթե իշխանությունների մոտեցումները մինչ քվեարկության օրը չփոխվեն և գալիք ընտրությունները հերթական անգամ անցկացվեն մեռյալ հոգիների քվեների ընդգրկմամբ, ապա ինչպես իմ, այնպես էլ, բացառությամբ` պարոն Սերժ Սարգսյանի, մնացած հավակնորդների շանսերը կլինեն զրոյական: Օրինակ, նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ես ամենևին էլ առավելագույն շանսերն ունեցող թեկնածուն չէի, միայն մեկ ընտրատարածքում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի պահանջով իրականացված ձայների պաշտոնական վերահաշվարկը ցույց տվեց, որ այդտեղ միայն ինձանից գողացվել էր երկու հարյուր քվե: Այսինքն, նախ`պետք է վստահ լինենք, որ Հայաստանում կունենանք Ընտրություններ և ոչ թե «ընտրություններ» ու միայն դրանից հետո իմաստ կունենա խոսել իրական շանսերի մասին»:
Կարդացեք նաև
Իսկ ընդդիմության ձայների հավանական փոշիացման մասին մտավախությանը պարոն Մելիքյանն այսպես է արձագանքում. «Սկսենք նրանից, որ պաշտոնապես դեռ որևէ մեկը չի առաջադրվել և առայժմ միայն երեք հոգու մասին կարող ենք փոքրիշատե վստահ ասել, որ կառաջադրվեն` էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Սերժ Սարգսյանը ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է նրան, թե որ թեկնածուների առատությունը կարող է փոշիացնել ընդդիմության ձայները, ապա այդ խնդիրներն էլ են լուծելի արդար ընտրությունների անցկացման պարագայում՝ ես վստահ եմ, որ այդ դեպքում գործող իշխանությունը, միևնույն է, պարտվելու է առաջին կամ երկրորդ փուլում և ընդդիմությանը կմնա միայն խելամիտ ու թափանցիկ փոխպայմանավորվածությունների գալ հետընտրական զարգացումների վերաբերյալ»:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը ևս առաջադրել է իր թեկնածությունը, ավելին, ֆեյսբուքում նա իրեն արդեն նախագահ է հռչակել: Սակայն անգամ չլսելով մեր հարցերը՝ հրաժարվեց պատասխանել, պատճառաբանելով՝ լինի թերթ, թե հեռուստաընկերություն, որը կապված է Արամ Աբրահամյանի անձի հետ, այդ լրատվամիջոցին ինքը որևէ մեկնաբանություն տալու ցանկություն չունի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ