Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 21-ը. «Մինչև համալսարան չընդունվեմ, ոչ մի աշխարհի վերջ»

Նոյեմբեր 26,2012 16:49

 

Տարբեր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել են լուրեր այն մասին, որ 2012-ի դեկտեմբերի 21-ին՝ մայաների օրացույցի համաձայն, իբրև լինելու է աշխարհի վերջը: Հավատու՞մ են արդյոք մարդիկ դրան, թե՞` ոչ, փորձել է պարզել «Առավոտ երիտասարդականը»:

«Չգիտեմ` հավատա՞մ, թե՝ չէ, բայց մի փոքր վախ կա իմ մեջ, չեմ էլ ուզում մտածեմ այդ մասին, սարսափելի է», – ասում է 18-ամյա Սիլվան:

22-ամյա Մարինան էլ կարծում է նման բան չի լինի. «Իրականությանը չհամապատասխանող լուրեր են տարածել, ես չեմ հավատում:

26-ամյա Կարենը փորձում է խոսել փաստերով. «Վիշապի տարում միշտ մի բան լինում է. 1988-ին երկրաշարժը եղավ, 2000-ին նորից լուրեր էին պտտվում, թե աշխարհի վերջն է լինելու, խառնվեց ամեն ինչ իրար, հիմա էլ նորից վիշապի տարին է, իհարկե չեմ հավատում, թե աշխարհի վերջն է լինելու, բայց լավ կանխազգացում չունեմ», – ասում է նա:

18-ամյա Գրետան հարցին հումորով մոտեցավ և ասաց. «Իհարկե չի լինի, մինչև համալսարան չընդունվեմ, ոչ մի աշխարհի վերջ»:

20 –ամյա Մովսեսն էլ հիշատակում է Նոյի պատմությունը. «Այն ժամանակ, երբ Նոյն ասում էր, որ ջրհեղեղ է լինելու ոչ ոք նրան չէր հավատում, մինչև վերջին օրն էլ մարդիկ քեֆ էին անում, հիմա էլ է նույնը լինելու, եթե մի օր աշխարհի վերջը գա, մարդիկ չեն իմանալու, չէ՞ որ Տերն ասել է՝ «Աշխարհի վերջը կգա ինչպես գող», այնպես որ չի կարող հիմա լինել աշխարհի վերջ»:

Աշխարհի վերջի մասին իրենց կանխատեսումներն են արել նաև գիտնականներն ու աստղագետները, ինչպես օրինակ՝ աստղագետ Միխայիլ Լևինը, ով աշխարհի վերջի կանխատեսումները հիմարություն է համարում: «Մեզ հիմարեցնում են: Գրում են, որ դեկտեմբերի 21-ին մոլորակները կդասավորվեն նույն շարքի վրա, սակայն նման բան չկա: Մոլորակների վերջին շքերթը եղել է 1982-ին, սակայն այդ ժամանակ էլ աշխարհի վերջը չի եղել»,- հայտարարել է փորձագետն ու հավատացրել, որ դեկտեմբերի 21-ը սովորական օր կլինի: Աստղագետը, սակայն, նշել է նաև, որ Պլուտոնը դեկտեմբերի վերջին կմոտենա Արևին, իսկ դա ծանր շրջան կլինի` վթարներ, վնասվածքներ:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930