Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնթեն անվախ էր, իր էությամբ մաքուր ու պարկեշտ անձնավորություն». Միջոցառում՝ նվիրված Մոնթեի 55-ամյակին

Նոյեմբեր 26,2012 16:42

«Այս հայրենիքը ինձ պատկանում է այնքան, որքան պատկանում է ուրիշին». Ղարաբաղյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի այս թեւավոր խոսքով «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց ազատամարտիկի 55-ամյակին նվիրված միջոցառումը: Այն կազմակերպել էին «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային կազմակերպության անդամները: ՀԿ-ի նախագահ Սիփան Ասատրյանը մեզ ասաց, որ միջոցառումը ունի ճանաչողական բնույթ. «Մենք միշտ հպարտացել ենք Մոնթեի գործունեությամբ, կարդացել ենք նրա մասին, սակայն միայն մեր իմանալով չպետք է սահմանափակվել: Ցանկանում ենք մարդկանց տեղեկացնել հերոսի մասին: Թող ճանաչեն նրան»:
Սիփան Ասատրյանը կարծում է՝ կենդանության օրոք մարդկանց չեն գնահատում, ասում է, որ Մոնթեի դեպքում էլ է այդպես եղել:
«Հնարավոր է, որ մեր օրերում էլ կան նրա նման մարդիկ, սակայն հանճարները միշտ էլ չեն գնահատվել: Մենք ունենք Մոնթե Մելքոնյանի նման մարդկանց կարիքը»,-նշում է «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային կազմակերպության նախագահը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց հայորդու կենսագրական կարեւոր հատվածները: Հնչեցին իր իսկ կողմից գրված բանաստեղծություններ: Երաժշտական կատարումներ եւս եղան ու ներկաներից շատերը նույնիսկ արտասվեցին: «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Ղարաբաղյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը պետք է ամենուր նշվեր, սակայն դրա փոխարեն մենք մոռացության ենք մատնել նրան. «Եթե հայ ժողովուրդը չի գիտակցում իր խոնարհին, ով մեծ դեր է ունեցել արցախյան պատերազմի մեջ, ապա դա շատ տխուր է: Մենք պետք է նրան հիշենք՝ իր արժանիքներով ու հերոսություններով: Նա իր կյանքն է նվիրել մեզ: Այսօր ունենք նոր մոնթեների կարիքը»:
Թեեւ Հարությունյանը հեռակա կարգով է ճանաչել Մոնթեին, միեւնույնն է, ասում է` Մոնթեն անվախ էր, իր էությամբ մաքուր ու պարկեշտ անձնավորություն:
«Նրան ճանաչել եմ իր կնոջ` Սեդա Մելքոնյանի միջոցով եւ կապեր եղել են այդ ընտանիքի հետ, այն ժամանակ, երբ Եվրոպայում էին: Սեդան «Նարեկացի» արվեստի միության առաջին տնօրենն է եղել»,- ասում է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիրը:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930