Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները նախագահականի եւ կառավարության խոստումներին չեն հավատում (Տեսանյութ)

Նոյեմբեր 26,2012 16:16

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ հավաքված նաիրիտցիներին թեեւ խոստացան մարել աշխատավարձերի մի փոքր մասը, սակայն «Նաիրիտի» աշխատակիցներին դա չգոհացրեց:

Առավոտյան մոտ 500 նաիրիտցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել. Ցուցարարների ներկայացուցիչ, գործարանի պրոֆմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը հանդիպեց ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հետ, որը կրկին խոստացել է խնդրին լուծում տալ:

Հրաչ Թադեւոսյանը ցուցարարներին փոխանցեց Հովհաննես Հովսեփյանի եւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոստումները, ինչը նույնիսկ հավատ եւ հույս չներշնչեց գործարանի աշխատակիցներին. «Հովսեփյանի հետ խոսեցինք, ասաց, որ մի աշխատավարձը դեկտեմբերի մինչեւ 15-ը տան, մի հատ էլ հունվարին: Նաեւ խնդրել եմ հունվարինը տան դեկտեմբերի մեջ»: Այս խոսքերը լսելուց հետո, ցուցարարները բացականչեցին` «սո¯ւտ է, սո¯ւտ է»: Ապա պրոֆմիության նախագահն ավելացրեց, որ էներգետիկայի նախարարը վստահեցրել է, որ «Նաիրիտի» նոր սեփականատիրոջ հետ պայմանագրերի հարցն էլ շուտով կլուծվի:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ի հետ զրույցում ցուցարարները դժգոհեցին, որ իրենց ավելի շատ հուզում է «Նաիրիտի» վերագործարկման հարցը. «Նաիրիտը» փակելով, մեր տունն էլ հետը քանդեցին, մեզ այլեւս չեն հետաքրքրում այդ խոստումները: Ջրի համար 5000 դրամ պարտք են ունենում, մեզ դատի են տալիս, բա 11 ամսվա աշխատավարձի պարտք ունեն, բա ո՞նց հասկանանք էդ անարդարությունը:

Մեղավոր են կազմակերպիչները, պետությունը: Նախագահ ունենք, վարչապետ ունենք, պիտի մտածեն, ոչ թե խանութներ ու կաֆեներ ավելացնեն, այլ արդյունաբերություն աշխատացնեն, թե չէ առեւտուր անելով ոչ մի բանի չեն հասնի»:

Մեզ հետ զրույցում ցուցարարներից մեկն էլ ասաց, որ մոտ 3000 աշխատակից ունի «Նաիրիտը» եւ 99%-ը պոտենցիալ արտագաղթող են, եթե կառավարությունը լրջորեն չմոտենա եւ իսկապես չաշխատացնի գործարանը, ապա աշխատակիցների մեծ մասն իրենց ընտանիքներով հաստատ կլքեն Հայաստանը. «Այս 1 տարվա ընթացքում ոչ ոք չի հարցրել, թե ո՞նց ենք յոլա գնացել, էնքան պարտքեր ենք կուտակել, հիմա նույնիսկ պարտք չեն տալիս: Ով մի 2 կտոր ոսկի է ունեցել, դա էլ զալոգ է դրել ու կորցրել: Ամբողջ զավոդը 80 թվականներին մի հատ զամդիրեկտոր է ունեցել, հիմա լրիվ ընդունարանը զամդիրեկտորներ են ու միլիոնանոց աշխատավարձ են ստանում, ինչի՞ համար, չաշխատող զավոդը ո՞նց է էդքան աշխատավարձ տալիս ու էդքան զամդիրեկտորներ պահում»:

Նշենք, որ աշխատակիցների մի մասը պարապուրդի մեջ է, եւ ըստ օրենքի նրանց պետք է վճարվի աշխատավարձի 2/3-րդ մասը, իսկ դա, ինչպես նաիրիտցիները ասացին, կազմում է ընդամենը 40 հազար դրամ. «Եթե մի ամսվա աշխատավարձ մեզ տան, էդ 40 հազարով կոմունալնե՞րը վճարենք, թե Նոր տարվան պատրաստվենք: Նոր տարվա մասին սկի չենք էլ մտածում: Միայն մտածում ենք, մեր փողերը ստանանք, մարդավարի ապրենք»:

Ընդ որում, գործարանի աշխատակիցների ներկայացմամբ`

իրենք միմյանցից գաղտնի են պահում, թե ով որքան աշխատավարձ է ստանում. «Պայմանագրով մենք իրավունք չունենք անգամ ընտանիքի անդամներին ասել մեր աշխատավարձերի չափը: Կարճ ասած` 1-2 ամսվա աշխատավարձ վճարելը մեզ համար բավարար չէ, մենք չենք էլ հավատում, որ հունվարին նորից կվճարեն: Եթե խոստումը չկատարեն, էլի գալու ենք, թող չմտածեն, որ մեզ հանգստացրին: Ամեն օր կգանք նախագահի նստավայր, որ պրոբլեմը վերջնական լուծի»:

Ցուցարարներից շատերը խուսափում էին անուն-ազգանունով ներկայանալ. «Բա՞ որ վաղը կանչեն ասեն`դիմում գրի ազատվի գործից. Շառից-փորձանքից հեռու, մի գրեք անուններս»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930