Այսօր ՍԻՄ «Ազդակ» ակումբում Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի «Թերլեմեզյան» նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Պողոսյանը հայտարարեց, որ տնօրենի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել քոլեջի գեղանկարչության դասախոս, շուրջ 21 տարվա դասավանդման փորձ ունեցող Դավիթ Դավթյանը. «Մինչ այդ Նկարիչների միությունում տեղի ունեցավ քննարկում, եւ ընդհանուր առմամբ` շուրջ 200 ուսանող եւ դասախոս համաձայնություն հայտնեց Դավթյանի թեկնածությունն առաջադրելու հարցում: Նա սիրված դասախոս եւ նկարիչ է, եւ դա արվեստի ոլորտի ներկայացուցիչներն են փաստում: Եթե նա տնօրինի քոլեջը, այլեւս դժգոհություններ, խնդիրներ կամ բողոքի ակցիաներ տեղի չեն ունենա»:
Դավիթ Դավթյանն ասաց, որ մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: Նա նշեց, որ ներկայացրել է քոլեջի բարեփոխումների 5-ամյա ծրագիր, որը բաց քննարկման է դրված. «Ինձ լավ են ճանաչում. ուսումնարանում աշխատելուց բացի, համագործակցում եմ Հայաստանի գեղարվեստի դպրոցների հետ: Կան շատ հարցեր, որոնց նկարչի նրբանկատությամբ պետք է մոտենաս: Նաեւ ուսումնարանի դասախոսների վերապատրաստում եմ իրականացնում եւ լավ գիտեմ ուսումնարանի կապերը եւ այն, ինչը կապված է մշակույթի հետ: Իմ սիրտը ցավում է այդ կրթօջախի համար»:
Գեւորգ Պողոսյանը նաեւ տեղեկացրեց, որ վաղը նամակ են ուղղելու ԿԳ նախարարին, խնդրանքով՝ ուշադիր լինել «Թերլեմեզյանի» շուրջ ստեղծված իրավիճակի եւ տնօրենի մրցույթի հանդեպ. «Օրենքը սահմանում է, որ մանկավարժի կրթություն չունեցողը չի կարող հայտ ներկայացնել տնօրենի մրցույթին մասնակցելու համար: Ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանն ինքն է հայտարարել, որ կիբեռնետիկ է: Եթե մրցույթի ընթացքում օրենքի խախտում լինի, հետո խնդիրներ կառաջանան: Երբ նամակը պաշտոնապես հանձնենք նախարարին, կակնկալենք պաշտոնական պատասխան: Բացի այդ, մամուլում լուրեր են շրջանառվում, թե մեր նախաձեռնությունը քաղաքական ինչ-ինչ ուժերի հետ է կապված, բայց նման բան չկա»:
Կարդացեք նաև
Պողոսյանը հարց առաջադրեց, թե ինչու է Աննա Մնացականյանն «այդքան ուզում տնօրեն դառնալ»:
Հիշեցնենք, որ «Առավոտի» հետ զրույցում Ա. Մնացականյանն ասել էր, որ իր կապը քոլեջի հետ միայն Առուշանյանի կին լինելը չէ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ