Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահի չեզոք հավանական թեկնածո՞ւ

Նոյեմբեր 26,2012 15:07

Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը «Հենարան» ակումբում ներկայացրեց Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների  լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվություն՝ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի համար: Նավասարդյանի փոխանցմամբ՝ հետազոտության օբյեկտ են հանդիսացել 6 համազգային հեռուստաալիք՝ «Հ1»-ը, «Արմենիան», «Երկիր Մեդիան», «Կենտրոնը», «հ2»-ը եւ «Շանթը» եւ 1 մայրաքաղաքային՝ «Արմնյուզը», իսկ ռադիոալիքներից՝  Հայաստանի հանրային ռադիոն, «Արմռադիո FM 107»-ը, «Արմռադիոն»:

«Նախընտրական քարոզչությանը նախորդած ժամանակահատվածում հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից կուսակցությունների եւ նախագահի հնարավոր թեկնածուների գործունեության լուսաբանման մշտադիտարկման անցկացումը  պայմանավորված է նրանով, որ Հայաստանում ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավը, որպես կանոն, շուտ է մեկնարկում: Եվ ԶԼՄ-ների գործելակերպն այդ ժամանակահատվածում հիմնականում կողմնորոշում է  ընտրազանգվածի տրամադրությունները: Հայաստանում նախընտրական իրավիճակի զարգացումն այս անգամ ունի իր օրինաչափությունը՝ դա անորոշությունն է առաջիկա  ընտրարշավի հիմնական գործող անձանց հարցում: Ամենամեծ ուշադրությունը  քաղաղաքական ուժերի նկատմամբ  ցուցաբերել են «Կենտրոնը», «Արմնյուզը», «Երկիր Մեդիան», Հայաստանի հանրային ռադիոն, իսկ ամենաքիչը՝ «Շանթը» եւ «Արմենիան»: Իսկ  հեռարձակվողների ուշադրության կենտրոնում են հայտնվել 5 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»: Իսկ որպես նախագահի հավանական  թեկնածուներ հիշատակվել են 33  քաղաքական գործիչներ: 387 անգամ՝ Սերժ Սարգսյանը, 196 անգամ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, 180 անգամ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, 165 անգամ՝ Գագիկ Ծառուկյանը, 131 անգամ՝ Վարդան Օսկանյանը եւ 86 անգամ՝ Ռոբերտ Քոչարյանը»,- տեղեկացրեց Նավասարդյանը, նշելով, որ որոշակի դինամիկա կա, եթե հոկտեմբերին առավել հաճախ հիշատակվող պոտենցիալ թեկնածուները Սերժ Սարգսյանից բացի, նաեւ Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Օսկանյանն էին, ապա նոյեմբերին՝ իրավիճակը փոխվել է, հատկապես Վարդան Օսկանյանի դեպքում, նա ավելի քիչ է լուսաբանվել այս ամսին, ինչն էլ պայմանավորված է եղել նրանով, որ նրա անձի հետ կապված խոսակցություններով քրեական գործի առնչությամբ, ավելի պասիվ են եղել, ու նա որպես թեկնածու հիշատակվել է հենց այդ քրեական գործի համատեքստում:

Պարզվել է, որ նոյեմբերին Գագիկ Ծառուկյանից ու Վարդան Օսկանյանից առաջ են անցել  Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընդ որում, ըստ Նավասարդյանի, վերջինը այն միակ պոտենցիալ թեկնածուն է, որի նկատմամբ աջակցության դեպք չի գրանցվել՝ հակառակը, արձանագրվել է 9 նյութ, բացասական վերաբերմունքով: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա միակն է, որը որպես թեկնածու հիշատակվել է բացառապես չեզոք համատեքստում:

Նավասարդյանի տեղեկացմամբ՝ «Նախընտրական շրջանը հատկանշական է նրանով, որ շատ քիչ է բովանդակային բանավեճը: Ծրագրերի, նպատակների, խնդիրների լուծման եղանակների մասին խոսակցությունները, ինչպես նաեւ վեճերը, թե ով է լավը, կամ՝ ով ամենավատը, շատ են: Հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ տեսակետները շատ քիչ են, ինչն էլ պայմանավորված է քաղաքական գործիչների ցանկության պակասով, նրանք կամ ասելիք չունեն, կամ էլ՝ ցանկացած կուսակցությունում լավագույն դեպքում 3 հոգի է մշտապես խոսում, դա էլ նշանակում է, որ նրանք գիտեն, թե ինչ պիտի խոսեն, իսկ մնացածին ասում են՝ դուք լռեք»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930