«Խոսրով Հարությունյանի քաղաքական դերակատարումը իրեն թույլ չի տալիս նման լուրջ թեմաների շուրջ այդպիսի առոգանությամբ, ամբիցիոզ եւ չակերտավոր անբեկանելի կարծիք արտահայտել, առավել եւս՝ այդ կարծիքից բխող խորհուրդներ: Առաջինը՝ նա այն մարդը չէ, որ իրավունք ունի խորհուրդներ տալ այդ թեմայի շուրջ, երկրորդ՝ հատկապես Ծառուկյանի պես գործչին »,- Aravot.am-ին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ Գագիկ Ծառուկյանին տված խորհրդին՝ «այս փուլում մի՛ խառնվեք, ձեր պայքարը չէ»:
Պարոն Ուրիխանյանը նաեւ հավելեց. « Այն հանգամանքը, որ առաջնորդ Ծառուկյանը նույնիսկ դեռ իր որոշման մասին չի հայտարարել, բայց Խոսրովի պես աննկատ քաղաքական գործիչը իրեն թույլ է տալիս խորհուրդներ տալ այդ առթիվ պարոն Ծառուկյանի կալիբրի քաղաքական գործչին, արդեն իսկ ինձ համար հասկանալի առիթ է տալիս, որ ես նույնիսկ չիջնեմ այդ արտահայտությունը մեկնաբանելու մակարդակի»:
Հիշեցնենք, որ այսօր Խ. Հարությունյանը կարծիք էր հայտնել, որ այս փուլում ԲՀԿ-ն իր առջեւ ընտրություններին մասնակցելու հարց չպետք է դներ. «Քաղաքական ողջամտությունը պահանջում էր, որ ԲՀԿ-ն, շատ համարձակ որոշում կայացնելով, չմտներ կոալիցիայի մեջ, ստանձներ սեփական ուրույն քաղաքական դերակատարումը, ձեռնպահ մնար քաղաքական լուրջ մարտահրավերներին խառնվելու գայթակղությունից: Ես այդ խորհուրդը կտայի Ծառուկյանին՝ այս փուլում մի՛ խառնվեք, ձեր պայքարը չէ»:
Կարդացեք նաև
Նաեւ հիշեցնենք, որ «աննկատ» գործիչը ժամանակին ՀՀ-ում զբաղեցրել է բարձր պաշտոններ, մասնավորապես եղել է վարչապետ եւ ԱԺ նախագահ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ