Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ, գիշերը թալանել են Գյումրու կենտրոնական փողոցներից մեկի՝ Կիրովի վրա գտնվող «Արարատբանկին» պատկանող բանկոմատը՝ տանելով 29 մլն դրամ ու նաեւ Ախուրյանի ճանապարհին գտնվող բանկոմատներից մեկը՝այստեղ էլ հափշտակելով 1 միլիոն 854 000 դրամ:
Թե ովքեր են եղել թալանչիները, դեռեւս պարզ չէ, սակայն կան ենթադրություններ, որ հանցագործների հատուկ խումբ է , որը այժմ գործունություն է ծավալում Շիրակի մարզում:
ՀՀ ոստիկանության լրատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Aravot.am-ին խոստացավ տեղեկություններ հաղորդել մեկ ժամից:
Շիրակի մարզի դատախազությունից մեզ հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրօրի 177 հոդվածի (գողություն) հատկանիշներով:
Կարդացեք նաև
Ավելի ուշ ՀՀ ոստիկանության կայքէջում տեղադրվեց հետեւյալ լուրը. «Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արարատբանկ» ԲԲԸ Գյումրիի մասնաճյուղի կառավարիչն ու հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված, նշված բանկին պատկանող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով՝ գողացել են 29.000.000 դրամ:
Նոյեմբերի 26-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ախուրյանի մասնաճյուղի կառավարիչը և հայտնել, որ նոյեմբերի 23-ի ժամը 18.00-ից մինչև նոյեմբերի 26-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված բանկին պատկանող, Ախուրյան գյուղում գտնվող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով` գողացել են 1.854.000 դրամ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ