Այսօր «Փիփլմեթր» ակումբում թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀԱԿ թեկնածու Արմենակ Դովլաթյանին եւ «Հանրապետություն» կուսակցությանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմենակ Դովլաթյանն ինքնաբացարկ է հայտնել, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել է Ստյոպա Սաֆարյանին աջակցելու մասին:
Անդրադառալով քարոզարշավին՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ մարդիկ այս ցուրտ եղանակին պատուհաններն են բաց պահում՝ իր խոսքը լսելու համար. «Քարոզարշավ չենք տեսնում մյուս թեկնածուի կողմից, բայց մարդիկ վրդովված պատմում են, որ իրենց տներ են մտնում, պահանջում են անձնագրեր: Փոխանակ համատեղ հեռուստաբանավեճերով հանդես գայինք, ավաղ, դա չկա: Ուղղակի մենախոսություն է, որ ներկայացնում ենք թաղերում, ոչ ավելի»:
Ստյոպա Սաֆարյանը նաեւ մի ուշագրավ բացահայտում է արել՝ ընտրացուցակների հետ կապված: 2012-ի մայիսի 6-ի համեմատությամբ ընտրողների թիվը ավելացել է մոտ 2000-ով. «Երկրում մարդ չի մեռնում, միայն ավելանում են, ընտրողների թիվը հասել է գագաթնակետին, երկիշ աճ ենք արձանագրում՝ միայն ընտրողների առումով: Նկատելի է միտումնավոր ուռճացման ցանկությունն ու իրողությունը: Տուն կա՝ 25 չափահաս ընտրող է ապրում: Երեխաներն էլ հետը: Դե պատկերացրեք էդ տան վիճակը, ինչքան էլ 3-4 հարկանի սեփական տուն լինի: Դա վերջն է»: Այսօրվանից Ստյոպա Սաֆարյանի մարդիկ հասցե առ հասցե ճշտում են, թե սեփաանատերերը տեղյա՞կ են, որ իրենց տան վրա այդքան մարդ է գրանցված: Նա նշեց, որ հասցեներ կան, որ չեն գտնում. «Օրինակ, Դուրյան 6 հասցեով շենք կա, բայց սեփական տուն, որի վրա 25 -ից ավելի ընտրող է գրանցված, չենք գտնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ