Այսօր «Արմենիա Մարրիոթթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Եվրամիության ֆինանսավորած «Իմ մասին. Հայաստանում երեխաների հույսերի և մտահոգությունների բարձրաձայնումը» ծրագրի փակման հանդիսությունը: Ծրագրի շրջանակում իրականացվել է երեխաների իրավունքների պաշտպանության մասին հարցում:
Հարցման համակարգող, սոցիոլոգ Յուլիանա Մելքումյանը հայտնեց, որ հարցումներն իրականացրել է Երեւանի եւ Տավուշի մարզի 31 դպրոցների հաշմանդամություն ունեցող կամ չունեցող 62 երեխա. «Հարցում անցկացնելը եւ զեկույց մշակելը բարդ գործ է, ուստի երեխաները նախապես մասնակցել են դասընթացների եւ սովորել, թե ինչ է հարցումը, դրա անցկացման քանակական եւ որակական մեթոդները, ընտրանքի մեթոդների կիրառությունը եւ այլն: Երեխաները հաջողությամբ կարողացան իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրը: Մեր նպատակն է` ուսումնասիրել Հայաստանում երեխաների իրավունքների մասին երեխաների իրազեկվածության մակարդակը եւ այդ իրավունքների պաշտպանվածության աստիճանը: Ընդհանուր առմամբ, հարցվել է 11.000 դպրոցահասարկ երեխա»: Սոցիոլոգը հավելեց, որ հարցման արդյունքում 11.000 երեխաների 5.1 տոկոսը պատասխանել է, որ ունի հաշմանդամություն եւ հատուկ կարիքներ:
«Հույսի կամուրջ» հ/կ-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանի խոսքով. «Իմ մասին. Հայաստանում երեխաների հույսերի և մտահոգությունների բարձրաձայնումը» ծրագիրը հնարավորություն է տվել ուշադրության կենտրոնում պահել դպրոցների աշակերտական խորհուրդների գործունեությունը.«Երեխան կրթական պրոցեսի ակտիվ մասնակիցն է եւ պետք է զարգացնի գիտելիքները աշակերտական խորհուրդների գործունեության մասին: Ծրագիրը մասնակից երեխաների համար ապահով միջավայր ստեցծեց, որպեսզի նրանք ազատ լինեն իրենց խնդիրները բարձրաձայնելու հարցում»:
Կարդացեք նաև
Սուսաննա Թադեւոսյանը նաեւ ասաց, որ ծրագրի ընթացքում երեխաները կիրառել են մուլտիմեդիայի տարբեր միջոցներ, նկահարահանել տեսաֆիլմեր եւ հեռուստահաղորդումներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ