Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց հողամասերը վերցրել են՝ գազալցակայան կառուցելու համար

Նոյեմբեր 26,2012 12:14

 Դեռ 3 տարի առաջ նոյեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Սամվել Բալաբեկյանը դիմում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, հայտնելով, որ Լիճք գյուղի «Քար Քիթ» կոչվող տարածքում իրեն 1993-ի վիճակահանությամբ հատկացված հողակտորն առանց իր գիտության գյուղապետ Շամխալ Հայրապետյանը հատկացրել է «Նոր Բագրեւանդ» ՍՊԸ-ին:

Մարզի դատախազը դիմումն ուղարկել էր ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունք, փաստի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանությունը քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում էր կայացրել` հիմքում դնելով ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական գրանցման Մարտունու ստորաբաժանման աշխատակիցների, գյուղապետ Շամխալի գործողություններում հանցակազմի բացակայությունը: Վերջինը դիմել էր մարզի դատախազին, խնդրել էր, որ իր նկատմամբ կիրառվի ՀՀ Անկախության հռչակման 15-ամյակի կապակցությամբ ընդունված համաներում հայտարարելու որոշումը:

Նախաքննության մարմինը հիմնավորված էր համարել այն, որ Ս.Բալաբեկյանը, գյուղաբնակներ՝ Ա.Ավետիսյանը, Գ.Ավանյանը իրենց հողակտորները չեն գրանցել եւ չունեն այդ հողակտորների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Այս տարվա սեպտեմբերին Լիճքի բնակչները դիմեցին մարզի ընդհանուր իրավասության դատարան/դատավոր Վ.Վարդանյան/՝ գյուղապետարանի, կադաստրի, «Նոր Բագրեւանդ» ՍՊԸ-ի, նախկին գյուղապետ Շամխալ Հայրապետյանի դեմ, պահանջելով, որպեսզի իրենց հողակտորի առքուվաճառքի պայմանագիրը, նշյալ ՍՊԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը ճանաչվի անվավեր, եւ դատարանով պետական համապատասխան մարմիններին պրտավորեցվի, որ գրանցեն իրենց սեփականության իրավունքը:

Ընդհանուր իրավասության դատարանը մերժել է գյուղաբնակների հայցապահանջն ամբողջությամբ:

Սամվել Բալաբեկյանը, Ավետիք Ավետիսյանը, Գագիկ Ավանյանը օրեր առաջ վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, գտնելով, որ խախտվել է իրենց նյութական եւ դատավարական իրավունքները:

Նրանք գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի մեջ նշել են 1992թ.ՀՀ կառավարության կողմից «Հողամասեր հատկացնելու մասին» թիվ 631 որոշման հիման վրա իրենց վիճակահանությամբ հատկացված տնամերձ հողակտորների պատշաճ գրանցումը Լիճքի գյուղխորհրդի գործկոմի նիստերի արձանագրությունների մատյանում:

Գյուղապետը, ըստ հայցվորների, դատարան չի ներկայացրել հայցվորների հողամասերի մասին տեղեկատվություն, ավելին, քարտեզագրել է վիճելի հողամասերը, որպես համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի կատեգորիայի հասարակական կառուցապատման տարածք:

Այն հատկացվել է ՍՊԸ-ին հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար:Տվյալ դեպքում՝ գազալցակայանի:

Հայցվորներն իրենց հողակտորների ճակատագրի մասին իմացել են այն ժամանակ, երբ դրանք տեսել են պարսպապատված:

Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է դեկտեմբերի 5-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930