Նոյեմբերի 22-ին Լոնդոնի հայտնի Բրիտանական գրադարանում եւ վերջինիս համագործակցությամբ ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր այդ գրադարանում պահվող հայկական ձեռագիր ու տպագիր գրքերի ցուցահանդես՝ նվիրված Հայ տպագրության 500-ամյակին, հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին եւ Երեւանի` որպես գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմանը: Հայկական ձեռագիր եւ տպագիր գրքերի հիանալի նմուշները ներկայացված են Բրիտանական գրադարանի «Գանձատուն» կոչվող սրահում:
Միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցելու համար Լոնդոն էր ժամանել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Արարողությանը ներկա էին նաեւ ՄԹ խորհրդարանի պատգամավորներ, ԱԳՆ եւ Լոնդոնի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի ու հայ ուսանողության ներկայացուցիչներ:
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Բրիտանական թանգարանի գիտական եւ հավաքածուների հարցերով տնօրեն Քերոլայն Բրազիերը: Այնուհետեւ ելույթ ունեցավ ՄԹ Համայնքների պալատի անդամ, ՄԹ խորհրդարանի մշակույթի, գիտության, կրթության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ, Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը:
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդես եկավ երախտագիտության խոսքով եւ միջոցառման մասնակիցներին հակիրճ ներկայացրեց հայ գրքի եւ հայկական տպագրության պատմությունը: Հատուկ շնորհակալություն հայտնվեց «Ուիգմոր մեդիքըլ» ընկերության ղեկավար Բեդո Եղիայանին, որի հովանավորությամբ էլ հնարավոր էր եղել իրականացնել այս միջոցառումը:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ 2013թ. հունվարի 31-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ