Նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի 32 ՕՏ 612 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 24-ամյա Եփրեմ Մկրտչյանը, Թաիրով փողոցով ընթանալիս, բախվել է համընթաց ընթացող Երևանի Նորագավիթ 4-րդ փողոցի բնակիչ Սամվել Խաչատրյանին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 33 DՍ 364 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ե. Մկրտչյանը այնուհետև իր վարած «Օպել» ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բաժանարար բետոնե արգելապատնեշին, շրջել արգելապատնեշը, հետո բախվել գովազդային վահանակին, ինչի հետևանքով մեքենան գլխիվայր շրջվել է և մոտ 300 մ սահել:
Վթարի հետևանքով նրա ուղևորներից 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ «Օպելը» բախվել է գովազդային վահանակին, վահանակը պոկվել և ընկել է այդ պահին նշված փողոցով ընթացող «Գազ 322132» մակնիշի 1828 Լ համարանիշի երթուղային «Գազելի» վրա: Բարեբախտաբար «Գազելի» ուղևորներին և վարորդ Համլետ Մկրտչյանին, որը Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ է, ոչինչ չի պատահել:
Կարդացեք նաև
Նշված հատվածում երթևեկությունը կարգավորելու համար ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր մեծ դժվարությամբ վթարի վայրից հեռացնում էին հետաքրքրասեր քաղաքացիներին:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել հիվանդանոց տեղափոխված վիրավոր անձանց ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի