Լրահոս
Օրվա լրահոսը

Գինեգործն արձագանքում է Հրանտ Բագրատյանին. «Պետությունը պետք է օլիգարխների հետ կոնֆլիկտի գնա»

Նոյեմբեր 26,2012 10:36

Վերջերս բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ասաց , որ Հայաստանը պետք է կամաց-կամաց դառնա «գինի խմող» երկիր և պետք է բարձրացվի օղու ակցիզը՝ իջեցնելով գինունը: Նրա պնդմամբ, այդ փոփոխությունները հնարավորություն կտան Հայաստանին դառնալ գինի արտադրող երկիր, պլյուս՝ մեր բյուջե կմտնի 5 մլրդ դրամ հավելյալ գումար:

Aravot.am-ը այս մասին մեկնաբանություն խնդրեց «Մարան» ընկերության հիմնադիր տնօրեն, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանից:

«Բագրատյանը բարձրացրել է երկու հարց` օղու եւ գինու ակցիզային հարկի մասին: Դրանք տարբեր, բայց կարեւոր հարցեր են: Գինու ակցիզային հարկի հետ կապված, մենք միշտ ասել ենք, որ այն  ընդհանրապես պետք է հանվի, ինչպես մեր հարեւան Վրաստանում: Վրացիները գինու ակցիզային հարկը հանեցին, եւ դրանից հետո մոտավորապես երկու անգամ գինու ծավալները մեծացան: Երբ ռուսական շուկան փակեց վրացական գինու ճանապարհը, Վրաստանը ճգնաժամից դուրս գալու մեթոդ գտավ եւ գինու արտադրությունը 5 մլնից տարեկան 10 մլն շշի հասցրեց: Եթե Հայաստանն էլ այդպես վարվի, բյուջեն մեծ կորուստներ չի կրի»,- համոզված է պարոն Հարությունյանը:

Նրա ասելով, Հայաստանում տարեկան վաճառվում է 5 մլն շիշ գինի, ու յուրաքանչյուր շշից ստացվող ակցիզային հարկը մոտավորապես 100- 200 դրամ է: Հայաստանի գինեգործների միության նախագահը նշում է, որ անհավասար գնային քաղաքականություն է վարվում օղու եւ գինու նկատմամբ:

Ինչ վերաբերում է Բագրատյանի բարձրացրած երկրորդ հարցին` օղու գնի հետ կապված, Ավագ Հարությունյանի խոսքով, այդ անազնիվ քաղաքականությունը դրսեւորվում է այնտեղ, երբ 40 տոկոս ալկոհոլ պարունակող  կես լիտրանոց շշով օղին հայաստանյան շուկայում վաճառվում է 1000 դրամ, այսինքն` այնքան, որքան 10 տոկոս ալկոհոլ ունեցող գինին. «Մինչդեռ օղին պետք է 4 անգամ թանկ լիներ, ինչպես աշխարհի շատ զարգացած երկրներում, որովհետեւ խմիչքի գինը ալկոհոլով է հաշվվում: Այսինքն կես լիտրանոց օղու գինը պետք է 4000 դրամ լինի, որ համարժեք դառա գինու գնին: Ես չեմ ասում, թե օղու գինը անպայման  4 անգամ բարձրանա, բայց եթե կրկնակի էլ բարձրանա, իսկ գինու ակցիզը լրիվ հանվի, պետությունը չի տուժի: Սա է իմ եւ Բարգարտյանի ասածը, որ շուրջ 10 տարի է ասում ենք, բայց` ձայն բարբառո հանապատի եւ զրո ուշադրություն»:

Գինեգործը փաստում է` Հայաստանում մեկ շնչին տարեկան 16 լիտր օղի է բաժին ընկնում, եւ այդ ցուցանիշով երրորդն ենք աշխարհում` Ռուսաստանից ու Մոլդովայից հետո: Ըստ մեր զրուցակցի, օղու գինը բարձրացնելը եւ գինին ակցիզից ազատելը կկբերի  գինեգործության եւ խաղողագործության զարգացման, բյուջեն էլ  կլցվի ահագին գումարով, իսկ մարդիկ էլ կսկսեն քիչ օղի եւ շատ գինի քիչ խմել: «Տվյալ դեպքում պետությունը ոչինչ չի անի, բայց կշահի, մեծ հաշվով կշահի նաեւ ժողովուրդը: Ընդամենը պետք է որոշ օլիգարխների հետ կոնֆլիկտի գնալ, ինչը, սակայն, պետությունը չի ցանկանում»,-հայտարարում է մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930