Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտասն այդ օրերին». Նոր ներկայացում` նվիրված ցեղասպանության հիշատակին

Նոյեմբեր 25,2012 14:33

Նոյեմբերի 24-ին «Իրական» հոգեբանական թատրոնում բեմադրվել էր «Կոմիտասն այդ օրերին» ներկայացումը: Այն նվիրված էր հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Ներկայացման ռեժիսոր Սարգիս Արզումանյանը «Առավոտ երիտասարդականին» ասաց, որ պետք է քայլեր ձեռնարկել հայոց ցեղասպանությունը մոռացումից փրկելու համար. «Պետք չէ, որ միայն ապրիլի 24-ին մարդիկ սոցիալական ցանցերում փոխեն իրենց նկարները ու հիշեն, որ նման բան է եղել: Այն պետք է հիշել ցանկացած պահի եւ բարձրաձայնել, որպեսզի լուծում տրվի: Այս ներկայացումը խաղացվել է անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին»:

Ռեժիսորի խոսքով, «այդ օրեր» ասելիս իրենք նկատի ունեն Կոմիտասի ծննդյան օրերից մինչեւ մահը ընկած ժամանակահատվածը:

Ըստ Արզումանյանի, ցանկացած բեմադրիչ-ռեժիսոր պարտավոր է մինչ ներկայացումը ավելի խորը պատկերացնել բեմադրության առանցքը: Դրա համար էլ ինքը վեց ամիս ուսումնասիրել է Կոմիտասի կյանքը. «Ես օրվա ընթացքում էլ եմ լսում Կոմիտաս»:

Ռեժիսորը կարծում է, որ ժամանակակից երիտասարդությունը ավելի շատ պետք է հետաքրքրվի Կոմիտասով եւ նրա արվեստով: Իր խոսքով, հետեւելով այսօրվա երաժշտությանը, չի զգացվում հայ մեծ երաժիշտի հետքը. «Ներկայացման մեջ է ասվում` խլացած հայեր դուք ձեր երաժշտությունը ունեք, դուք ձեր երգն ունեք: Սակայն այսօր այդ ամենը չեմ տեսնում: Լավ կլինի, որ բոլորը, բացի ցեղասպանությունից, հիշեն նաեւ հայկական երգի առաջացումը»:

«Կոմիտասն այդ օրերին» ներկայացման վրա ռեժիսոր Սարգիս Արզումանյանը աշխատել է մոտ չորս ամիս, ներկայացման երկրորդ տարբերակն էր: Ի տարբերություն առաջինի, վերջինի մեջ որոշ փոփոխություններ են մտցվել. «Փոխվել է վերնագիրը, փոխվել են դերակատարներ եւ որոշ միզանսցեններ»:

Դերակատարները 12-ն էին: Նրանցից մեկն էլ Լեւոն Անտոնյանն էր: «Կոմիտասն այդ օրերին» բեմադրության մեջ մարմնավորել էր Կոմիտասի դերը: Սովորում է Թատերական ինստիտուտում: Խոսելով իր դերի մասին, երիտասարդն ասում է, որ այն պարտավորեցնող էր: Նույնիսկ խաղալուց հետո ինքն էր հոգեբանորեն ճնշված, քանի որ պատկերացրել է, թե ինչ չարչարանքների է ենթարկվել Կոմիտասը:

«Ընդհանրապես Կոմիտաս շատ եմ սիրում: Նրա երաժշտությունը մոգական ուժ է պարունակում իր մեջ»,- ասում է Լեւոնը: Զգում է թե’ Կոմիտասի, թե’ նրա նմանների պակասը: Ըստ դերասանի` հիմա երգի ցեղասպանություն է. «Մեր հայկական երգը վերանում է: Պարսկա-թուրքական աղբը, այդ «յախքերը», ինչպես բեմադրության մեջ նշվեց, տիրել են մեզ: Իրոք` մեզ հիմա հարկավոր է  Կոմիտաս, չնայած չեմ կարծում, որ այդպիսինները կգտնվեն»:

Անտոնյանը որոշակի նմանություն է տեսնում իր եւ Կոմիտասի միջեւ: Ասում է` երկուսս էլ սովորել ենք սիրել:

Արամ Արարատյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930