նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, «Շեվրոլետ» մակնիշի 886 ՏՍ 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Դավիթ Անհաղթ փողոցում՝ Ֆրանսիական համալսարանի դիմաց, բախվել է իր ուղղությամբ ընթացող «Վազ 2121» մակնիշի՝ 62 ԼՍ 805 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Շեվրոլետի» բախումից հետո, «Վազ 2121»-ը բախվել է կայանված վիճակում գտնվող «ԲՄՎ» մակնիշի 07 ՏՍ 671 համարանիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Վազ 2121»-ը վարել է Երևանի բնակիչ, 49-ամյա Հրանտ Լուսառարյանը: Կայանված «ԲՄՎ»-ն պատկանում է Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Վլադիմիր Ավագյանին, իսկ «Շեվրոլետի» վարորդը ներկայացրել է Ճանապարհային ոստիկանության աշխատակցին վարորդական իրավունքի ժամանակավոր վկայական՝ 23-ամյա Արթուր Դադամյանի անվամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Շեվրոլետի» վարորդը, որը ներկայանում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակից, վթարից հետո դիմել է փախուստի:
Նրան և ավտոմեքենան հայտնաբերել են վթարի վայրից մոտ 400 մետր հեռավորության վրա: Դեպքի վայր են ժամանել նաև 1-03 ծառայության բուժ բրիգադը, քանի որ վարորդների երկուսի դեմքերը պատված էին արյունով, իսկ «Շեվրոլետի» միջից դուրս բերեցին երկու աղջկա: Բժիշկները զննելով նրանց, հայտնեցին, որ նրանք պետք է շտապ հոսպիտալացվեն, քանի որ կան կասկածներ, որ ունեն կոտրվածքներ և լուրջ վնասվածքներ, սակայն ԱՄՆ դեսպանատան աշխատակից ներկայացած և փախուստի դիմած «Շեվրոլետի» վարորդը թույլ չտվեց, որպեսզի բժիշկները վիրավորներին տեղափոխեն հիվանդանոց:
Երբ ՃՈ աշխատակիցները փորձեցին նրան և մյուս վարորդին տեղափոխել բժշկական կենտրոն` պարզելու նրանց սթափության աստիճանը, Արթուր Դադամյանը սպառնում էր, թե. «Դուք իմ իրավունքները վիրավորում եք»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի