Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատգամավորական տեղի համար պայքարող Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս դժգոհել է, որ իր ՀՀԿ-ական մրցակիցը` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, օգտագործում է վարչական լծակներ, այսպես ասած «ինստրուկտաժ» է անում դպրոցների տնօրեններին, իսկ Ջաջուռի դպրոցում էլ քարոզարշավը անցկացրել է դասերի հաշվին:
Այսօր լրագրողները ՀՀԿ-ական Արման Սահակյանին Գյումրիում Ուկրաինայի նորաբաց հյուպատոսարանի շենքի դիմաց տեսնելուն պես (հիշեցնենք, որ պատվավոր հյուպատոս է նշանակվել նրա գործարար հայրը), հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի իր մրցակցի դժգոհությունները: Արման Սահակյանը խորհուրդ տվեց այդ մասին հարցնել դժգոհողից, քանի որ, ըստ նրա, ինքը որևէ վարչական ռեսուրսի չարաշահում թույլ չի տվել, և այդ ամենը, ըստ իրեն, ավելորդ խոսակցություններ են: «Բնականաբար օպոզիցիա է, օպոզիցիոն կուսակցություն է, և իրենք խոսում են, հիմնականում դժգոհում են, մենք էլ նորմալ ենք նայում դրան, չեմ կարծում ավելորդ ագրեսիվություն կա», -ասաց Արման Սահակյանը` նշելով, որ Ջաջուռի հանդիպումը ընտրողների հետ դպրոցի դասերի հաշվին չի եղել:
Aravot.am-ը հարցրեց`իսկ ի՞նչ են ակնկալում իրենից գյուղացիները` գաղափարնե՞ր, թե՞ ցորեն, գարի, ինչպես որ խնդրում էին նախորդ պատգամավորից: «Ո՛չ ցորեն, գարի են պահանջում, ո՛չ էլ գաղափարներ, ամեն գյուղ ունի իր սեփական խնդիրը, մի գյուղում դպրոցի ջեռուցման հարց կա, մյուս գյուղում ոռոգման ջրի հարց, 3-րդում` գազի հարց: Վերջին հաշվով ամեն գյուղի խնդիրն տարբեր է և կոնկրետ: Գյուղերը բնականաբար ակնկալում են մարզային իշխանություններում կամ մայրաքաղաքում իրենց խնդիրներով զբաղվել, ես շատ նորմալ եմ նայում դրան: Չեն ակնկալում օրենսդիր գործունեություն, ակնկալում են իրենց խնդիրների հետամուտ լուծում»:
Կարդացեք նաև
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Գյումրիում քարոզարշավի հենց այս օրերին Ուկրաինայի պատվավոր հյուպատոս նշանակեցին իր գործարար հորը` Սոս Սահակյանին: Արման Սահակյանը պատճառաբանեց, որ 15 տարի շարունակ իրենց ընտանիքը ակտիվ գործունեություն է ծավալել Ուկրաինայում, բոլոր դեսպանների հետ շատ մոտ հարաբերություններ են ստեղծել, դեռ նախորդ դեսպանն էր ակնարկել այդ մասին, ներկայիս դեսպանն էլ առաջարկել է, իր հայրն էլ համաձայնել է:
Արման Սահակյանի պարզաբանմամբ, այն բացարձակ կապ չունի իր թեկնածության առաջադրման հետ: «Եթե մտածում եք, ես իմ ընտրությունների համար կարող եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին խառնել, ի՞նչ ասե »,- ծիծաղեց Սերժ Սարգսյանի փեսայի մոտ ընկերը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ