Գյումրիում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս նշանակված գործարար Սոս Սահակյանն այսօր իր ելույթում ասաց, որ պատրաստվում է հանրապետության երկրորդ քաղաքը դարձնել Հայաստանի երկրորդ մայրաքաղաք` ամեն ինչ անելով վերջինիս տնտեսապես զարգացման համար: Իսկ թե ինչո ՞ւ է ուկրաինական կողմը հենց նրան նշանակել Շիրակի, Կոտայքի և Տավուշի մարզերի պատվավոր հյուպատոս, որի նստավայրը Գյումրիում է, Սոս Սահակյանը պարզաբանեց Ուկրաինայում իր հզոր կապեր ունենալով: Ըստ նորանշանակ հյուպատոսի, իր 20 տարվա բիզնես գործունեության 15 տարին Հայաստանից զատ անցկացրել է նաև Ուկրաինայում, և ոչ միայն սերտ բիզնես կապերի մեջ է, այլ նաև անձնական մտերմություն ունի նախորդ 2 դեսպանների հետ: Եվ երբ ներկայիս դեսպանն իրեն առաջարկել է դառնալ հյուպատոս, ամենևին էլ չի զարմացել. հաճելիորեն համաձայնել է:
Իսկ ի՞նչ է պատրաստվում անել գործարար-հյուպատոսը Գյումրիի համար: Վերջինս տեղեկացրեց, որ 3 օր առաջ` հայ-ուկրաինական միջպետական տնտեսական ֆորումի ժամանակ, հանդիպել է միջկառավարական հանձնաժողովի ուկրաինական կողմի ղեկավար նախարար Կադեստիկլի հետ, ով և խոստացել է ամեն կերպ աջակցել Գյումրիում բիզնեսի զարգացմանը: Ըստ մեր զրուցակցի, ուկրաինական կողմի հետ արդեն իսկ նախնական համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպել գետնանուշի ու հնդկաձավարի արտադրություն Շիրակի դաշտավայրում: «Ուկրաինան արդեն փորձ ունի, նրանց ագրոծառայությունները մեզ կօգնեն, միգուցե և կարողանանք նաև հնդկաձավարի արտադրություն կազմակերպել, սրանք բարձր արժեք ունեցող գյուղատնտեսական մթերքներ են, որոնք գյուղատնտեսության շահութաբերության աճ կտան, և հետո կնայենք ուկրաինացի ու շիրակցի բիզնեսմենները ի՞նչ ակտիվություն կցուցաբերեն, որպեսզի տեղում արտադրական ենթակառուցվածքները բարձրացվի:
Իմ աշխատանքային փորձը Ջավախքի ճակատում ինձ հուշում է, որ մենք պետք է արագ Ուկրաինայում փնտրենք բոլոր գյումրեցիներին , ովքեր հնարավորություններ ունեն, որպեսզի նրանք հայացքով շուռ գան դեպի հայրենի քաղաք և նրանց միջոցով կարողանանք Ուկրաինայից ներդրումային հոսքեր ապահովել դեպի Գյումրի», – ասաց գործարար-հյուպատոսը: Նա լրագրողներին խնդրեց այս հարցում աջակցել իրեն և փնտրել Ուկրաինայում բնակվող գյումրեցիներին: «Գիտե՞ք ինչքան գյումրեցիներ կան Ուկրաինայում ապրող, դուք ցուցակները ներկայացրեք, ես մարդկանց շատ հեշտ եմ համոզում» -, շարունակեց հյուպատոսը:
Կարդացեք նաև
Նա նաև նշեց, որ ամեն օր չի լինելու Գյումրիում, այլ կայցելի պարբերաբար, սակայն կհասցնի բոլոր գործերը . հյուպատոսարանը կունենա իր աշխատակիցները, ընդունելության ժամերը: Ըստ Սոս Սահակյանի, այսօրվա էլեկտրոնային կապի միջոցները թույլ են տալիս Հայաստանում չլինելով էլ աշխատանքը ղեկավարել:
Սոս Սահակյանը նաև ասաց ,որ առաջիկայում կհանդիպի տեղի բիզնեսմենների ու վարչական ղեկավարների հետ ու կծանոթանա Գյումրու առանձնահատկություններին:
Լրագրողների այն հարցին էլ, թե Գյումրիում հյուպատոսարանի բացում չի՞ նպաստի արդյոք արտագաղթի ծավալների աճին, հյուպատոսն ասաց. «Դուք Ուկրաինայում բնակվող գյումրեցիների ազգանունները բերեք, հետո կխոսենք արտագաղթը էստեղից կլինի, թե՞ հակառակը: Մենք ամեն ինչ կանենք Գյումրու ուղղաձիգ, հպարտ կեցվածքը շուտ հետ բերելու համար»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ