Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքում շուրջ մեկ տարի առաջ գործունեությունն սկսած «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը:
Հանրապետության ղեկավարը շրջել է 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի մոդել դառնալուն ձգտող կրթական այս հաստատության նորաբաց մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը, հավատարիմ մնալով դպրոցի ստեղծման բովանդակությանը, դպրոցական ավանի այս երկրորդ բաղադրիչը՝ նոր մասնաշենքը, ևս զինել և համալրել է ստեղծագործ գաղափարների իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով, սովորելուն ու արարելուն տրամադրող միջավայրային լուծումներով:
Նախագահը «Այբ» կրթահամալիրում ներկա է գտնվել նաև համալիրի տարածքում կառուցվելիք Սուրբ Թարգմանչաց եկեղեցու հուշաքարի օծման և կրթահամալիրի կառուցմանը նվիրաբերություններ կատարած բոլոր նվիրատուների անունները հիշատակող Պատվո պատի բացման արարողություններին: Միջոցառման ժամանակ «Այբ» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քհն. Արամյանը կրթահամալիրի անունից շնորհակալագիր է հանձնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ «Այբ» դպրոցի ստեղծման գործում ունեցած մեծ ներդրման համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ