Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծես մի փոքրիկի հետ եմ շփվում, ով, ինձ շատ նման լինելով հանդերձ , տարբեր է շատ». Երիտասարդ բանաստեղծուհին` իր ստեղծագործությունների մասին

Նոյեմբեր 24,2012 14:23

23-ամյա Ռուզաննա Ոսկանյանը բանաստեղծություններ գրում է դեռ դպրոցական հասակից: Ինչպես եղավ, որ սկսեց ստեղծագործել, աղջիկը չի հիշում, սակայն ասում է, որ առաջին գրվածքները շոշափում էին մայր, հայրենիք, ընկեր թեմաները: Իր խոսքով, ինչպես գրականության, այնպես էլ իր թեման մարդն է: Ռուզաննան իր բանաստեղծություններում արտահայտում է մարդու ապրումները, կրնկակոխ հետապնդող մենակությունը, սպասումները…

«Ինչի՞ մասին է հարցը, շատ ընդգրկուն է, և ամեն մի առանձին ստեղծագործություն իր պատասխանը պետք է որ տա»,- նշում է երիտասարդ բանաստեղծուհին:
2007 թվականին լույս է տեսել իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Թափանցիկ անձրևներ» խորագրով: Այն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին երիտասարդական գրականության ասպարեզում:
Հեղինակը ժողովածուն չի վաճառել, այլ նվիրել է ընկերներին, ծանոթներին ու անծանոթներին, մի խոսքով` մարդկանց, ովքեր ցանկություն են ունեցել կարդալու դա: Այդպես է վարվել, քանի որ կարծել է` առաջին գիրքը պետք է բաժանվի, նվիրվի:
«Մեկ-մեկ ժպիտով թերթում եմ դրանք: Կան բանաստեղծություններ, որ զարմացնում են իրենց անկեղծությամբ, հասունությամբ: Կարծես մի փոքրիկի հետ եմ շփվում, ով, ինձ շատ նման լինելով հանդերձ , տարբեր է շատ: Ինքս ինձ կողքից եմ նայում»,- ասում է Ռուզաննան:
Իր ստեղծագործությունների մասին թե’ լավ, թե’ վատ արձագանքներ շատ է լսել: Չնայած դրան, հիմա աշխատում է բանաստեղծական երկրորդ ժողովածուի վրա: «Հետո և ավելի հետո» գիրքը, հեղինակի հավաստիացմամբ, հայացքի առումով կտարբերվի «Թափանցիկ անձրեւներ» ժողովածուից: Բացի դրանից, ի տարբերություն նախորդի, այս մեկն արդեն կվաճառվի:
Եթե կան հեղինակներ, որոնց հետ ոճային, ձեռագրային նմանություն են գտնում ընթերցողները, երիտասարդ բանաստեղծուհին փորձում է վերացնել դա: Ինքն էլ է հասկանում, որ առանց ինչ-որ մի բանաստեղծի ազդեցության գրել չի լինում. «Թումանյանն էր ասում՝ ազդեցությունը սանդուղք է, որով բարձրանում ես դեպի քեզ: Կան հեղինակներ, որոնց տեսակը շատ եմ սիրում, սեղանիս գիրքն են՝ Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Արթուր Ռեմբո, Հովհաննես Գրիգորյան և շատ ուրիշներ»,- ասում է նա:

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930