Լրահոս
Օրվա լրահոսը

Անկում՝ դասական արվեստո՞ւմ

Նոյեմբեր 24,2012 13:57

Ֆրանսիացի եւ հայ դաշնակահարները տրամագծորեն հակառակ կարծիքի են

«Առավոտը» զրույցի հրավիրեց հայաստանցի հանդիսատեսին ծանոթ, մի քանի տասնյակ տարվա բեմական գործունեություն ծավալած, հեղինակավոր համերգասրահներում լավագույն նվագախմբերի ու դիրիժորների հետ հանդես եկած, ընդարձակ երկացանկ ունեցող, միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահարներ ֆրանսուհի Դանիել Լավալին, ով երեկ հիանալի բեմել ունեցավ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, եւ Մարինե Աբրահամյանին: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի են արվեստագետները վերջին շրջանում շրջանառվող այն տեսակետի մասին, թե իբր դասական երաժշտարվեստը վայրէջք է ապրում: Տիկին Լավալը բացարձակ համամիտ չէ տարածված կարծիքին, մինչդեռ Մարինե Աբրահամյանը համոզված է, որ դասական արվեստը մեծ հաշվով անկման մեջ է:

Թե դաշնամուրային որ դպրոցին իրենք առաջնություն կտան, ֆրանսիացի դաշնակահարի խոսքերով՝ յուրաքանչյուր դպրոց ունի իր առանձնահատկությունները. «Դաշնամուր նվագելու շատ ձեւեր չկան: Օրինակ, ես ավարտել եմ Փարիզի կոնսերվատորիան՝ լեհ անվանի մանկավարժ Վլադո Պերլոմուտերի դասարանը, սակայն ինձ իրավունք չեմ վերապահի երբեւէ ասելու, թե լեհական դպրոցը լավագույնն է»: Տիկին Աբրահամյանը հայտնեց, որ իր համար միանշանակ լավագույնը ռուսական դաշնամուրային դպրոցն է:

Նշենք, որ նա ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ աշխարհահռչակ Յակով Ֆլիերի դասարանը: Մարինե Աբրահամյանը օրերս է վերադարձել իր պրոֆեսորի ծննդյան 100-ամյակին կազմակերպված մոսկովյան փառատոնից, որին մասնակցել են Ֆլիերի աշխարհասփյուռ ուսանողները, այդ թվում՝ Միխայիլ Պլետնյովը, Վլադիմիր Ֆելցմանը, Մինա Լեյլչուկը, Իրինա Բերկովիչը:

Դանիել Լավալն ափսոսում է, որ չի հասցրել ելույթ ունենալ կյանքից հեռացած մեծանուն իտալացի դիրիժոր Մաուրիթիո Ջոլինիի ղեկավարությամբ, իսկ Մարինե Աբրահամյանն այս հարցում «քաղց» չունի: Նա պատրաստ է բեմ բարձրանալ կայացած ցանկացած դիրիժորի հետ: Թե կարիերայի ընթացքում ում կարծիքն է հեղինակավոր եղել, ֆրանսուհին նշեց Արթուր Ռուբինշտեյնի անունը, իսկ հայուհու ներկայացրած հեղինակավոր կարծիքների ցանկը մեծ էր՝ Ֆլիեր, Ռիխտեր, Գիլենս, Խաչատրյան, Բաբաջանյան, Միրզոյան… մինչեւ Փարաջանով ու մարշալ Բաղրամյան:

Մեր զրուցակիցները բարձր կարծիք հայտնեցին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանի մասին: Մարինե Աբրահամյանի դրական վերաբերմունքը հասկանալի է, քանի որ մեր կոնսերվատորիայի պրոֆեսոր է, ինչ վերաբերում է ֆրանսիացի արվեստագետին, նա էլ անցյալ տարի վարպետության դասընթացներ է անցկացրել մեր կոնսերվատորիայում: Քանի որ Դանիել Լավալը European Piano Competition-ի գեղարվեստական ղեկավարն է, մեր կոնսերվատորիայից ընտրել է 2 ուսանողի, որոնք մասնակցել են Ֆրանսիայում կայացած դաշնակահարների միջազգային մրցույթին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930