Երգիչ Էրիկը բուռն ստեղծագործական շրջան է ապրում, այս մասին տեղեկացանք նրա հետ զրույցի ժամանակ: Պարզվում է` երգչի կարճ շրջանի պասիվությունը զբաղվածության պատճառով էր, նոր ծրագրերի, համերգների է պատրաստվում. նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին Էրիկը եւ հայ այլ երգիչներ հյուրախաղերով կլինեն ԱՄՆ-ում: «Ես այնտեղ երբեւէ ելույթ չեմ ունեցել: Ամերիկահայ հանդեսատեսի հետ երբեք չեմ հանդիպել. Տարբեր կարծիքներ եմ լսել, որ այնտեղ առավել ռաբիս երաժտություն են նախընտրում, բայց տոմսերի վաճառքի քանակից դատում եմ, որ դա այնքան էլ այդպես չէ: Մեծ համերգ է լինելու` կենդանի նվագակցությամբ»,- ասում է Էրիկը: Նախատեսել է այնտեղ տեսահոլովակ նկարահանել, ասում է` արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, վերադառնալու է Նոր տարին նշելու, հետո գնալու Ռուսաստան` նորից համերգների: «Այս տարի ավելի բուռն գործունեություն եմ ծավալել, քան անցած տարի: Նախորդ տարի ես առավել շատ պրոեկտների մասնակցեցի, գնացի միջազգային մրցույթի եւ այլն, իսկ այս տարի ավելի շատ անհատական գործունեությամբ եմ զբաղվել,- ասում է տարվա երգիչ Էրկիը, ավելացնում,- պատրաստել եմ նաեւ նոր երգեր, որոնք կընդգրկեմ նոր ձայնասկավառակում, այն երեւի թե կլինի գարնանը, դրանից հետո արդեն ակնկալում եմ մենահամերգ, ինչին արդեն հանդիսատեսն էլ է սպասում»: Էրիկից տեղեկացանք, որ շուտով նաեւ կլինի նրա պաշտոնական կայքէջի բացումը: