Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ շնորհալի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորած-մոլորվածը Հայաստանում» հայ-ամերիկյան ֆիլմի շնորհանդեսը: Այն ռոմանտիկ կատակերգություն է ընկերուհուց լքված ամերիկացի զբոսաշրջիկ Բիլի մասին, որը Թուրքիայում որոշում է թռչել օդապարիկով: Քամին պոկում է մոտորանավակին կապած ճոպանը, եւ երիտասարդն օդապարիկով հայտնվում է Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում: Ու քանի որ Թուրքիայում հանգստանալիս մեկ-երկու թուրքերեն բառ էր սովորել, Բիլը սկսում է դրանք արտաբերել հայկական գյուղում, մտածելով, թե Թուրքիայում է, ու գյուղացիները նրան ադրբեջանական գործակալի տեղ են դնում: Այսպես ողջ ֆիլմի ընթացքում «գնում» են ամերիկացուն «բացահայտելու» գործողությունները, որոնք միջոց են ներկայացնելու գյուղացիներին՝ սահմանապահին, գյուղապետին ու նրա քաղքենի կնոջը, սահմանափակ մտահորիզոնով որդուն, գյուղական «արիստոկրատիայի» ներկայացուցիչ Նարգիզին ու նրա ուսանողուհի դստերը… Վերջինս միակն է գյուղում, որը տիրապետում է անգլերենին ու հասկանում, թե իրականում ով է Բիլը, ի տարբերություն մսավաճառի, որ մի-երկու բառ իտալերեն գիտեր Չելենտանոյի երգերից ու բոլորին դա իբրեւ անգլերեն էր «հրամցնում»: «Կորած-մոլորվածը Հայաստանում» հիշեցնում էր կամ ազդված էր Կուստուրիցայի ֆիլմերից, որտեղ իրար են միախառնված ողբերգականն ու կատակերգականը, ռեժիսորը դիմել է հիպերբոլաների, որոշ կերպարներում էլ ավելի սրելով ինչ-ինչ գծեր՝ ծիծաղաշարժ իրավիճակներ ստանալու համար: Ֆիլմում անգամ Հայաստան-Ադրբեջան ազգամիջյան կոնֆլիկտի մասին կա, նաեւ սեր, խանդ, հայրենասիրություն, կարճ ասած՝ ամեն ինչից մի քիչ: Աշխատանքն ընդհանուր առմամբ հաջողված է, ուղղակի ավելի ընկալելի է զուտ հայկական լսարանի համար: Ամերիկյան էր happy end-ը. տղան ու աղջիկը հասան իրենց մուրազին, ու վերեւից ընկնող 3 խնձորն էր պակասում:
Ֆիլմի պրոդյուսերներն են Վալերի Մաքքեֆրին եւ Մարալ Ջերեջյանը: Ի թիվս այլոց, նկարահանվել են Ջեմի Քեննեդին, Դեյվ Շերիդանը, Անժելա Սարաֆյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Սոֆիկ Սարգսյանը:
ֆիլմում կան հետաքրքիր կտորներ, օրինակ՝ գյուղապետի ու նրա տիկնոջ հարսնախոսության դրվագը, սեղանի շուրջ պատերազմի ու խաղաղության մասին զրուցելու հատվածը: Գյուղացին հետաքրքրվում է՝ անգլերեն ինչպե՞ս կլինի պատերազմ: Երբ լսում է թարգմանությունը՝ war, ապշում է՝ բա պատերազմին նման անուն կտա՞ն:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ