Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան-2012. Եվրադատարանը Ադրբեջանի քաղաքացիների համար արդարադատության վերջի՞ն հույսն է

Նոյեմբեր 24,2012 13:51

Հարցազրույց ԱՀ Փաստաբանների կոլեգիայի անդամ, փաստաբան Ֆուադ Աղաեւի հետ

– Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիային միանալուց հետո Ադրբեջանի քաղաքացիները ստացան Եվրոպական դատարան դիմելու իրավունք: Մոտավորապես քանի՞ բողոք է ներկայացվել Ադրբեջանից այդ ժամանակից սկսած: Այդ բողոքների հիման վրա քանի՞ որոշում է կայացրել Եվրադատարանը:

– Մարդու իրավունքների Եվրադատարանի տվյալներով՝ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի կառավարության դեմ ներկայացրած 1230 բողոքները չեն ընդունվել, դեռ 1254-ն էլ սպասում են իրենց ժամին: Այսպիսով, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիային Ադրբեջանի միանալուց հետո ուղարկվել է 2484 բողոք: 2011թ. հունիսի 30-ի տվյալներով՝ 1543 բողոք սպասողական վիճակում էր, այսինքն՝ կես տարում բողոքների թիվն աճել էր 313-ով: Հաշվի առնելով, որ մեր երկրից ամսական 50 բողոք է ներկայացվում, կարող ենք վստահորեն ենթադրել, որ Ադրբեջանից ՄԻԵԴ ներկայացվել է արդեն 3000 բողոք: Այսօր Դատարանը 63 Վճիռ (judgments) է կայացրել, որտեղ սահմանում է, թե արդյո՞ք խախտված են կոնկրետ իրավունքներ եւ ազատություններ: 63 Վճիռներից 59-ը ընդունել է Պալատը, 4-ը՝ Կոմիտեն: Պալատը նաեւ 68 որոշում է կայացրել (decisions) բողոքները դատարանի վարույթ ընդունել-չընդունելու, այսինքն՝ Դատարանին ներկայացնել-չներկայացնելու մասին: Սակայն ՄԻԵԴ-ին բողոքով դիմելն ու այնուհետեւ նրա Քարտուղարությունից հաշվառման համարը ստանալը դեռ չի նշանակում, թե ձեր բողոքն արդեն ընդունված է քննության համար: Բողոքների մեծ մասը չի անցնում ընդունվելու մաղի միջով, եւ այդպես լինում է բողոքների 90-95%-ի հետ: Այն, որ բողոքը լավ իրավաբան է ձեւակերպել, դեռ Եվրադատարանի կողմից ընդունվելու գրավական չէ: Նույնիսկ ամենափորձառու փաստաբանները լավ չեն հասկանում, թե ինչպե՞ս է պետք գրել բողոքը, այդ իսկ պատճառով էլ շատ բողոքներ վերջնական փուլին չեն էլ հասնում:

– Ի՞նչ գործերով են ավելի հաճախ լինում բողոքները՝ քրեակա՞ն, քաղաքացիակա՞ն, թե՞ վարչական:

– ՄԻԵԴ-ում քննված գործերի 20%-ը կապված է սեփականության իրավունքի, 19%-ը՝ արդար դատաքննության, 13%-ը՝ դատական որոշումների չկատարման, 12%-ը՝ ազատության եւ անձնական անվտանգության իրավունքի, իսկ 36%-ը կապված է մնացած իրավունքների եւ ազատությունների հետ: Հարկ է նշել, որ եթե առաջին տարիներին գերակշռում էին քրեական բնույթի բողոքները, ապա վերջերս աճել են քաղաքացիական եւ վարչական բողոքները, հատկապես սեփականության իրավունքի խախտմամբ: Սա հեշտ է բացատրել, քանի որ Ադրբեջանում սեփականության իրավունքի խախտումների աճ է արձանագրվել, ինչը վերջին տարիներին հասնում է սպառնալի չափերի: Այս դեպքում Ադրբեջանը բացասական նշանով առաջատար դիրքեր է զբաղեցնում ոչ միայն ԵԽ անդամ-երկրների շարքում, այլեւ՝ ողջ աշխարհում:

 

 

– Ի՞նչ խնդիրներ են առաջանում Ադրբեջանում եւ Եվրադատարանում այս մարմնին դիմելու ընթացքում: Ինչպե՞ս է փոխվել բողոքների դիտարկման մեխանիզմը Եվրոպական դատարանում:

– Եվրադատարան բողոքներ ուղարկելիս փաստաբանները մեծ խնդիրներ չեն ունենում: Սակայն եղել են դեպքեր, երբ Քարտուղարության աշխատակիցները հայտարարել են, թե Ադրբեջանից ուղարկված փաստաթղթերն իրենք չեն ստացել, չնայած ուղարկվելու մասին ադրբեջանցի իրավաբանների մոտ եղած տարբեր փաստաթղթերի առկայությանը: Հռչակագրի N14 Արձանագրությունը չարդարացրեց սպասելիքները եւ չարագացրեց բողոքների դիտարկման գործընթացը: Որոշ նորամուծություններ այնպես են կիրառվում, որ առաջ են բերում դիմողների եւ փաստաբանների վրդովմունքը: Փորձը ցույց է տալիս, որ դատավորի եւ քարտուղարության իրավաբանի տանդեմը կարող է փաստորեն արգելափակել բավական լուրջ բողոքների առաջխաղացումը: Հունաստանից դատավոր Սիցիլիանոսը Ադրբեջանի հարցով միանձնյա դատավոր է նշանակված մեկ տարի ժամկետով: Վերջին կես տարվա ընթացքում նա արդեն ընդունել է տասնյակ եւ հարյուրավոր որոշումներ Ադրբեջանից գնացած բողոքները մերժելու մասին: Բողոքողը ստանում է ծանուցում այն մասին, որ իր դիմումը քննության չի առնվել, եւ ոչ մի բացատրություն այդպես վարվելու համար չկա: Իրերի տարօրինակ դասավորությամբ անընդունելի բողոքների շարքում հայտնվում են այնպիսի գործերը, որոնք կապ ունեն խոշոր եւ առանձնակի խոշոր չափի վնասներ հասցնելու հետ: ՄԻԵԴ-ի համար գործեր պատրաստելու մեջ արդեն փորձառու իրավաբաններն ուղղակի տարակուսում են, թե ի՞նչն է մերժումների պատճառը: Ինչպես հայտնի է, գործերի անընդունելի լինելու մասին որոշումները բողոքարկման ենթակա չեն: Սովորաբար այդ գործերի մասին տեղեկությունները պարզապես ընդգրկվում են համապատասխան հաշվետվությունների մեջ: Եվ այդպես այս կամ այն երկրի համար պատասխանատու Եվրադատարանի դատավորի միանձնյա որոշման հետեւանքով դադարեցվում է բավական հեռանկարային գործերի առաջխաղացումը: Իսկ մերժված գործերի թղթապանակները ոչնչացվում են մեկ տարի հետո: Պատահական չէ, որ Ադրբեջանի մի շարք հասարակական կազմակերպություններ ու կուսակցություններ դիմել են Ստրասբուրգին, որտեղ նրանք ակնարկում են ՄԻԵԴ-ի որոշ ներկայացուցիչների կոռումպացված լինելու մասին:

– Ինչպե՞ս են Ադրբեջանում իրականացվում Եվրադատարանի որոշումները, եւ ի՞նչ է Ադրբեջանի համար նշանակում այդ դատարանի որոշումն իրականացնելը կամ չիրականացնելը:

– Ադրբեջանում Դատարանի որոշումները վատ են կատարվում: Պետական մարմինները, որպես կանոն, ժամանակին են կատարում Եվրադատարանի կողմից սահմանված բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցումները: Իրականացվում են ընդհանուր բնույթի միջոցառումներ. որոշումները թարգմանվում ու տարածվում են դատավորների եւ դատախազների շրջանում: Սակայն, անձնական բնույթի մի շարք միջոցներ դեռ ձեռնարկված չեն: Այսպես, թեեւ «Ադրբեջանի դեմ Ս. Մամմադովի գործ»-ի առիթով (խոշտանգումների անթույլատրելիության մասին գործ, որը վերաբերում է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահին – խմբ.) որոշումը կայացվել է 2007թ., սակայն մինչ օրս խոշտանգումների փաստով նույնիսկ քրեական գործ չի հարուցվել: Ակնհայտ է, որ դատախազությունը սպասում է վաղեմության ժամկետը լրանալուն: Ես հատուկ եմ կանգ առնում խոշտանգումների գործի վրա, քանի որ ՄԻԵԴ-ն ընդունեց խոշտանգման փաստը, այն, որ չի կատարվել արդյունավետ քննություն, բայց մինչ օրս դեռ ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ խոշտանգումներն ու կտտանքներն Ադրբեջանում շարունակվում են:

Շատ գործեր չեն վերանայվում, ինչպես՝ «Ադրբեջանի դեմ Փ.Հուսեյնովը եւ այլք» գործը (Ադրբեջանի նախկին վարչապետ Փ. Հուսեյնով – խմբ.): Չնայած, որ Եվրադատարանը հաստատել է արդար դատաքննության իրավունքի ակնհայտ խախտումներն այդ գործում եւ հանձնարարել վերանայել այն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930