Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան-2012. Եվրադատարանը Հայաստանի քաղաքացիների համար արդարադատության վերջի՞ն հույսն է

Նոյեմբեր 24,2012 13:47

Ի՞նչ է Եվրոպական դատարանը Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների համար, որքա՞ն արդյունավետ եւ ազդեցիկ են արդարադատության միջազգային այս ատյանի որոշումները տարբեր երկրներում, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ընկալվում է քաղաքացիների կողմից որպես վերջի՞ն հույս:

Այս մասին են ստորեւ բերված հարցազրույցները հայ եւ ադրբեջանցի իրավաբանների հետ:

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Առավոտ» եւ Ադրբեջանում՝ «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Եվրադատարանը Հայաստանի քաղաքացիների համար արդարադատության վերջի՞ն հույսն է

Հարցազրույց փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանի հետ

– Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիային միանալուց հետո Հայաստանի քաղաքացիները ստացան Եվրոպական դատարան դիմելու իրավունք: Մոտավորապես քանի՞ բողոք է ներկայացվել Հայաստանից այդ ժամանակից սկսած: Այդ բողոքների հիման վրա քանի՞ որոշում է կայացրել Եվրադատարանը:

– Վիճակագրության համաձայն՝ Հայաստանից 2008թ.-ին եղել է 106 դիմում, 2009թ.՝ 125, 2010թ.՝ 197 եւ 2011թ.՝ 173 դիմում: Դիմումների աճի պատճառն այն է, որ Կոնվենցիան դարձել է ավելի հայտնի, մատչելի Հայաստանում եւ այլ երկրներում: Այս աճը ծանրաբեռնում է դատարանի աշխատանքը, ու ԵԽ-ն միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իրավունքի խախտումները լուծվեն երկրի ներսում: Օրինակ՝ 2005թ. Հայաստանում լայնորեն տարածված էր վարչական կալանքի պրակտիկան, որը կիրառվում էր ընտրությունների նախաշեմին քաղաքական ակտիվիստների նկատմամբ: Ես ունեցել եմ վարչական կալանքի հետ կապված քսան գործ՝ ուղղված Եվրոպական դատարան, որից տասի վերաբերյալ եղել է վճիռ: Քաղաքացիական հասարակության պահանջով օրենսդրությունը փոխվեց, եւ վարչական կալանքը հանեցին կիրառությունից: Եվրոպական դատարանն այդ գործերով վճիռները կայացրեց մեր օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ մտցնելուց հետո: Իրավունքի նման խախտումներով Եվրադատարան դիմելը կանխելու համար Հայաստանը գտավ, որ պետք է արագ փոխել օրենսդրությունը: Մեկ ուրիշ օրինակ. տասնամյակներ շարունակ ընդունված էր, որ ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ գրավ չէր կարող կիրառվել: Սա հակասում էր Կոնվենցիայի դրույթներին: Եվրոպական դատարանը այս տարի մի վճիռ կայացրեց, սակայն այն էլի ուշացած էր, քանի որ Հայաստանի Վճռաբեկ դատարանը 2008թ. արդեն անդրադարձել էր այս խնդրին ու կատարել համապատասխան փոփոխություն, ինչից հետո նման խախտումներ մեզ մոտ այլեւս չեն լինում: Ես այս բարեփոխումները կապում եմ Եվրադատարանի հետ, քանի որ մեր օրենսդիրը նախօրոք փոխում է օրենսդրությունը, որպեսզի հետագայում չլինեն որոշումներ եւ գումարներ չփոխհատուցվեն պետական գանձարանից:

– Ի՞նչ գործերով են ավելի հաճախ լինում բողոքները՝ քրեակա՞ն, քաղաքացիակա՞ն, թե՞՝ վարչական:

– Հիմնականում քաղաքացիական գործեր են, հետո ըստ քանակի՝ քրեական եւ ավելի քիչ՝ վարչական բնույթի գործերը: Շատ կան գույքային վեճեր, արդար դատաքննության հետ կապված բողոքներ, ազատությունից զրկելու վեճեր, մարդու նկատմամբ արգելված վերաբերմունքի հետ կապված դիմումներ:

Հայաստանի գործերով տասը տարիների ընթացքում կայացվել է 45 վճիռ, ինչը շատ քիչ է՝ հաշվի առնելով, որ սրա 1/3-ը կրկնվող գործեր են: Իրականում այսօր Հայաստանի Վճռաբեկ դատարանն ու ՀՀ Սահմանադրական դատարանն ավելի արագ ու արդյունավետ են կիրառում Եվրոպական դատարանի նախադեպերը, քան հենց Եվրադատարանը: Եթե Եվրոպական դատարանի համար վճիռ կայացնելը տեւում է 4-5 տարի, ազգային դատարաններում՝ մի քանի ամիս: Սակայն, նշեմ նաեւ, որ արդարադատությունը Հայաստանում իրականացվում է այն գործերում, որտեղ խառնված չէ քաղաքականությունը եւ չկա կոռուպցիա:

– Ի՞նչ խնդիրներ են առաջանում Հայաստանում եւ Եվրադատարանում այս մարմնին դիմելու ընթացքում: Ինչպե՞ս է փոխվել բողոքների դիտարկման մեխանիզմը Եվրոպական դատարանում:

– Եվրոպական դատարան դիմելու գործընթացը միշտ էլ պարզեցված է եղել: Այնքան պարզեցված է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ինքնուրույն դիմել: Գրականությունն էլ այսօրվա դրությամբ շատ է եւ բազմազան: Տասը տարի առաջ հայերեն լեզվով գրականություն չկար: Իսկ այժմ կան մասնագետներ եւ տեսաբաններ: Ես երբեմն քաղաքացուն տալիս եմ գրականության ցանկ կամ աղբյուրներ, որտեղից նա կարող է ստանալ դիմումի ձեւը, դիմել սեփական ուժերով եւ հասնել հաջողության: Նույնիսկ մենք ունենք վճիռներ, երբ քաղաքացիները գործը շահել են առանց փաստաբանի մասնակցության: Միակ խոչընդոտը քաղաքացիների համար կարող է լինել ֆինանսական կողմը. փաստաբանի օգնությունն արժե մոտ 800-ից մինչեւ մի քանի հազար դոլար:

Պետությունները (եւ ոչ միայն Հայաստանը, այլ հատկապես՝ Թուրքիան, Ռուսաստանը) նախընտրում են ոչ թե համակարգային փոփոխություններ կատարել երկրի ներսում, որպեսզի նման խախտումներով դիմումներ չգնան դատարան, այլ ուղղակի փոխհատուցել պետբյուջեից: Եթե դա վերաբերում է համակարգային փոփոխությանը, ապա եւ Հայաստանը, եւ այլ պետություններ բացեիբաց չեն հրաժարվում վճիռներ կայացնելուց, այլ սկսում են մանեւրել այդ վճիռներն ի կատար չածելու համար: Կարծում եմ՝ համակարգային փոփոխություններ անելու դժկամությունը պայմանավորված է պետությունների կոնսերվատիվ մոտեցումներով: Եթե անգամ այդ երկրները գնում են օրենսդրական փոփոխությունների, ապա՝ մեծամասամբ փոխհատուցումներից զերծ մնալու դրդապատճառով:

– Ինչպե՞ս են Հայաստանում իրականացվում Եվրադատարանի որոշումները, եւ ի՞նչ է Հայաստանի համար նշանակում այդ դատարանի որոշման իրականացնելը կամ չիրականացնելը:

– Եվրոպական դատարանի վճիռը կայացվում է երկու ուղղությամբ. վերահսկվում է, որպեսզի վերականգնվի տվյալ անձի իրավունքը եւ բարեփոխումներ իրականացվեն օրենսդրությունում, որպեսզի նման խախտում այլ անձանց դեպքում տեղի չունենա:

Ես չէի ասի, որ Հայաստանը հրաժարվում է իրականացնել դատարանի վճիռները: Փոխհատուցումները տրամադրվում են որպես նվազագույն պահանջ, բարեփոխումները նույնպես օրենսդրության մեջ արվում են:

Քաղաքացուն փոխհատուցվում է պետական բյուջեից, եւ դա ճիշտ է: Դատավորը չպետք է վճարի իր գրպանից, եւ նաեւ չպետք է պատասխանատվության ենթարկվի իր կայացրած վճռի համար, եթե հանցագործություն չի կատարել: Եթե մենք սկսենք տուգանել դատավորին, «վհուկներ որսալ» եւ հետին թվով մեղավորներ փնտրել, ապա դա սառեցնող ազդեցություն կունենա դատական համակարգի վրա: Դատավորը պետական պաշտոն է, եւ եթե նա խախտել է օրենքը, ապա պետությունը պետք է կամ պատասխանատվություն կրի դրա համար, կամ՝ հրաժարվի այդ պաշտոնյայից, քանի որ վերջինիս վատ աշխատանքի պատճառով է տուժում պետական գանձարանը:

Միակ տեղը, որտեղ մենք կաղում ենք, հին գործերի վերաբացման հարցն է: Օրինակ, այդպես եղավ «Ա1+» հեռուստաընկերության գործով. Եվրադատարանը որոշում կայացրեց վերաբացել հին գործը, սակայն դա տեղի չունեցավ: Իրականում վճիռ չիրականացնելը ոչ մի նշանակություն կամ ազդեցություն չի ունենում: Եթե պետությունը հրաժարվում է գործը վերաբացել, ապա հիմնականում դա որեւէ հետեւանք չի առաջացնում: «Ա1+» հեռուստաընկերության դեպքը բացառություն է, եւ մենք նորից դիմել ենք Եվրադատարան՝ հետամուտ լինելու, որ հին գործը վերաբացվի:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930