Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ով եւ ինչու է շահագրգռված Մաղաքյանին դատապարտելով

Նոյեմբեր 24,2012 13:41

Հունիսի 10-ին, ժամը 04:30-ի սահմաններում, շարքային զինծառայող Շոնովը, ըստ քր. գործի տվյալների, ինքնասպանություն է գործել: Այդ գործով 2,5 տարի կալանավորված ամբաստանյալ Հայկ Մաղաքյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Աշոտ Սարգսյանը, դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանին եւ ներկայացրել փաստեր նախաքննության անօրինականությունների մասին: Նամակին կից տրվել է ձայնասկավառակ նախաքննության մարմնի շահագրգռվածությունների վերաբերյալ:

Գործի

հանգամանքները

համառոտ

2010թ. հունիսի 10-ին ԱԱԾ 5060 զորամասի շարքային զինծառայող Վ. Շոնովը եւ կրտսեր սերժանտ Գ. Ղարիբյանը Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի մոտ՝ Դեբեդ գետի ափին, հայ-վրացական սահմանի պահպանություն են իրականացրել: Վերակարգի մեկնում են ոտքով՝ Հաղթանակ գյուղում տեղակայված պարետատնից մինչեւ սահման, որը կազմում է 5-ից 6կմ, եւ նույն ձեւով վերադառնում պարետատուն: Այսինքն՝ յուրաքանչյուր օր, անկախ եղանակային պայմաններից եւ օրվա ժամերից, օրական երկու անգամ սահմանի պահպանման ծառայության են մեկնում՝ ոտքով կտրելով 20կմ ճանապարհ:

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ Շոնովի դեմքին, կրծքին, ոտքին առկա են մարմնական վնասվածքներ, որոնք հասցված են եղել կենդանության օրոք՝ բութ առարկայի միջոցով: Բացի այդ՝ նրա արյան մեջ հայտնաբերվել է 0,7 պրոմիլեէթիլե սպիրտի առկայություն, որը կենդանության օրոք համարվում է թեթեւ աստիճանի հարբածություն: Բացի դրանից՝ Շոնովի իրերի զննումից պարզվել է, որ նրա հագին սեւ գույնի անթեւ շապիկը ուսակապերի մասով պատռված է: Քր. գործով հաստատված է, որ Շոնովը Գ. Ղարիբյանի հետ վերակարգ գնալուց դեմքին մարմնական վնասվածքներ չի ունեցել, ոգելից խմիչք օգտագործած չի եղել, անթեւ շապիկը պատռված չի եղել, այսինքն՝ ակնհայտ է, որ մարմնական վնասվածքները, ալկոհոլ օգտագործելը, սեւ անթեւ շապիկի պատռվածքը տեղի են ունեցել սահմանային կետում ծառայություն կատարելու ժամանակ:

Սակայն դա ակնհայտ է բոլոր խելամիտ մարդկանց համար՝ բացի նախաքննությունը իրականացնող քննիչ Արթուր Մովսիսյանից եւ քր. գործը հսկող զին. դատախազ Արթուր Զաքարյանից, քանի որ այդ ուղղությամբ ընդհանրապես քննություն չի կատարվել, եւ ըստ քննիչ Ա. Մովսիսյանի՝ դատարանում տված ցուցմունքի նման վարկած, որ Գ. Ղարիբյանի մեղքով Շոնովը ինքնասպանություն կատարած լինի, առաջ չի էլ քաշվել: Բացի այդ, ըստ Գ. Ղարիբյանի ցուցմունքի եւ քր. գործի տվյալների՝ Գ. Ղարիբյանը, լինելով վերակարգի ավագ, ծառայության ժամանակ քնել է, որի ընթացքում հսկողություն չի իրականացրել իր ենթակայի նկատմամբ, որն ինքնասպանություն է գործել:

Այս ամենն անտեսելով, դրսեւորելով կասկածելի շահագրգռվածություն՝ Գ. Ղարիբյանին անգամ մեղադրանք չի առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 366 հոդվածով, եւ դրա փոխարեն քննիչը եւ հսկող դատախազը նոր վարկած են առաջ քաշել, որ Շոնովը ինքնասպանություն է գործել իմ պաշտպանյալ Հայկ Մաղաքյանի մեղքով:

Ո՞րն է այդ մեղքը

Ըստ քր. գործի տվյալների՝ Հ. Մաղաքյանի մոտից մայիսի 25-ին կորել է 30.000 ՀՀ դրամ: Հ. Մաղաքյանը փնտրել է այն եւ տեսնելով, որ գտնելն անհույս է, եզրակացրել է, որ գումարը իրենից գողացվել է եւ գողի հասցեին 4-5 զինծառայողի ներկայությամբ հայհոյանքներ է տվել, սակայն Շոնովն այդ ժամանակ այդտեղ չի եղել: Հ. Մաղաքյանը դադարեցրել է փողը փնտրել եւ դրանով հետաքրքրվել՝ մինչեւ հունիսի 9-ը, երբ Գ. Ղարիբյանը Վ. Շոնովի հետ սահմանից վերադառնալուց հետո՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հ. Մաղաքյանին տեղեկացրել է իր կասկածների մասին՝ հայտնելով, որ Վ. Շոնովը վերակարգ մեկնելուց պարետատնից դուրս գտնվող խանութից ապրանքներ է վերցնում, իսկ այդ օրը «Աֆտաբ» յուղի դույլով ելակ է բերել սահմանային կետ, իսկ երբ ինքը Վ. Շոնովին հարցրել է, թե՝ «քեզ փող որտեղի՞ց», Շոնովը պատասխանել է, որ վաճառող տատիկն իրեն անվճար է տվել, սակայն ինքը դրան չի հավատացել եւ մտածել է, որ Վ. Շոնովը կարող է գումարը տարած լինի: Հ. Մաղաքյանը Վ. Շոնովին հրավիրել է առանձին տեղ, որպեսզի զինծառայողները չլսեն իրենց խոսակցությունը, հայտնել է իր կասկածների մասին եւ առաջարկել, որ եթե ինքն է գումարը տարել կամ գտել, ապա վերադարձնի իրեն, իսկ ինքը խոստանում է, որ ոչ ոքի դրա մասին չի ասի: Սակայն Վ. Շոնովը տարօրինակ ձայներ հանելով՝ վրդովված հեռացել է Հ. Մաղաքյանի մոտից, եւ արդեն հենց ինքը ծխարանում նստած զինծառայողների մոտ տարածել է այդ խոսակցության մասին:

Դրանից հետո եւս 2 անգամ՝ ժամը 19:30-ին եւ 24:00-ին, գումարի կորստի մասին խոսակցություն է եղել Մաղաքյանի եւ Շոնովի միջեւ, ընդ որում՝ երկու անգամ էլ, ըստ վկաների, եղել է ոչ թե վիճաբանություն, այլ համերաշխ խոսակցություն: Ժամը 24:00-ին, երբ Շոնովը անցակետով անցնելիս է եղել՝ վերակարգ գնալու համար, Մաղաքյանը նրան ասել է հետեւյալ բառերը. «Ախպեր ջան, եթե փողը դու ես տարել, ինչ ծախսել՝ ծախսել ես, մնացածը դիր անկողնումս, ոչ մեկի չեմ ասի, 2 օրից ուվալնյատ եմ լինում, քո հետ էլ պաչպռոշտով կբաժանվեմ»:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ դատավոր Զաքինյանը առանց իրավական հիմքի մերժել է պաշտպանի միջնորդությունը՝ կրկնակի հետմահու համալիր դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, առանց ապացույցների օբյեկտիվ գնահատման, առանց Վ. Շոնովի կենդանության օրոք ստացած մարմնական վնասվածքների, ալկոհոլ օգտագործելու եւ բազմաթիվ այլ հարցեր պարզաբանելու՝ Մաղաքյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր.-ի 359 հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման:

Վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ համոզվելով, որ առանց հիմնավոր ապացույցների, անտեսելով քր. գործում հաստատված փաստական հանգամանքները, ինչպես նաեւ, որ պարզված չեն սահմանային կետում Վ. Շոնովի մարմնական վնասվածքներ հասցնելու, շապիկը պատռելու եւ ալկոհոլ օգտագործելու հանգամանքները եւ, ամենակարեւորը, որ քննիչի կողմից դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննությունը իրականացնող փորձագետներից թաքցվել եւ չեն ներկայացվել երկու հատոր քր. գործի ելակետային տվյալներ՝ բեկանել է դատավոր Զաքինյանի դատավճիռը եւ ուղարկել նոր քննության:

Նոր դատաքննության ժամանակ, որը տեւել է շուրջ 11 ամիս, դատարանում հարցաքննված բոլոր վկաները ցուցմունք են տվել, որ Մաղաքյանը Շոնովին երբեւիցե չի հայհոյել, բռնություն չի իրականացրել, ծաղրուծանակի չի ենթարկել եւ ոչ մի կերպ չի ստորացրել նրա արժանապատվությունը:

Իմ միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ նշանակվել է կրկնակի հետմահու համալիր դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննություն, որի հիման վրա անցկացվել է այն, եւ փորձագետները եզրակացություն են տվել, որ Մաղաքյանի գործողությունների եւ Շոնովի ինքնասպանության միջեւ պատճառական կապը միանշանակ հաստատել հնարավոր չէ, իսկ քր. գործի տվյալներից հայտնի Վ. Շոնովի ընտանիքի ծանր ֆինանսական վիճակը, ծառայության դժվարությունները, պարտքերը, անկախ եղանակային պայմաններից օրական 20 կմ ոտքով վերակարգ գնալը, ոտքերի ցավից բողոքելը եւ այլն, ընդհանրապես համարվում են սուիցիդալ վարքի ռիսկային գործոններ, այսինքն՝ դրանք կարող էին պատճառ հանդիսանալ Շոնովի՝ ինքնասպանություն գործելու համար (եթե տեսականորեն բացառենք Գ. Ղարիբյանի անմեղությունը):

Կարծես թե արդարադատությունը վերականգնվել էր, եւ դատավորին մնում էր միայն հիմնվել քր. գործի եւ դատաքննության տվյալների վրա, ղեկավարվելով օրենքով եւ Սահմանադրությամբ՝ կայացնել արդարացման դատավճիռ 2 տարի 4 ամիս առանց մեղքի կալանքի տակ գտնվող Մաղաքյանի նկատմամբ: Սակայն հանկարծ դատարանը (դատավոր՝ Ռ. Մելքոնյան), առանց որեւէ վերլուծությունների, առանց հիմնավորելու եւ գոնե մեկ տողով նշելու, թե Հ. Մաղաքյանի ո՞ր գործողությունն է դիտում որպես կանոնակարգային կարգի խախտում, արհամարհելով վերաքննիչ դատարանի որոշման պահանջները, Մաղաքյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր-ի 359 հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման: Դատավոր Մելքոնյանը (իրավաբանական գիտությունների թեկնածու) չէր կարող չհասկանալ, որ դատաքննությամբ ձեռք բերված եւ վճռում նշված տվյալները հիմք են միայն արդարացման դատավճիռ արձակելու համար, եւ ակնհայտ է, որ մեղադրական դատավճիռ կազմելուն նրան պարտադրել են: Եթե զուգահեռ անցկացնենք Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատարանի նախագահ՝ Սամվել Մարդանյան) քննվող մյուս զինվորական գործերի հետ, ապա տպավորությունն այնպիսին է, որ այդ դատարանում ղեկավարվում են ոչ թե օրենքներով, այլ սեփական շահերի նկատառումներով: Իսկ թե ո՞վ է շահագրգռված մեղավորների նկատմամբ անմեղ մարդկանց դատապարտելուն՝ իմ կողմից նախագահի աշխատակազմի ղեկավարին ներկայացված փաստերի հիման վրա կարող են հեշտությամբ պարզել ՀՀ նախագահի հանձնարարությամբ համապատասխան մարմինները:

Ներկայումս Վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը հիմնված է վերաքննիչ դատարանի նախորդ որոշման հիման վրա, եւ եթե վերաքննիչ դատարանը այդ դատավճիռը չբեկանի, նշանակում է, որ մենք գործ կունենանք իրավական զավեշտի կամ ազդեցիկ հովանավորի շահագրգիռ գործոնի հետ, անդառնալի հետեւանքներով, քանի որ նույն փաստական հանգամանքներով նույն վերաքննիչ դատարանը մեկ անգամ արդեն բեկանել է մեղադրական դատավճիռը (իսկ Վճռաբեկ դատարանը այդ որոշումը թողել է անփոփոխ), հաջորդ անգամ նույն փաստական հանգամանքներով մեղադրական դատավճիռը թողնելու է անփոփոխ:

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ

փաստաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930