Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձանների տեղափոխումը կամայականության դրսեւորում է

Նոյեմբեր 24,2012 13:33

«Բնատաճար» հասարակական նախաձեռնության ղեկավար, ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը վստահ է, որ Պատմության թանգարանի նախաձեռնած «Քարերը ժողովելու ժամանակը» աղմկահարույց ցուցադրության համար հավաքագրված հուշարձանների ցանկը թանգարանի եւ մշակույթի նախարարության մասնագետները աչքաչափով են կազմել՝ առանց որեւէ գիտական մեթոդաբանության: Մինչդեռ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը վստահ է, որ այդ հարցում ներգրավված մասնագետները գործել են ամենայն զգուշությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ  պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները տեղաշարժելու նպատակահարմարության շուրջ նրանց «Դեմ առ դեմ» բանավեճից :

«Առավոտ»- Պարոն Մինասյան, որքանո՞վ էր ճիշտ Հայաստանի պատմության եւ մշակույթի շուրջ 60 անշարժ հուշարձանները տեղաշարժելու եւ Երեւանում ցուցադրելու կարեւորագույն որոշումն առանց հանրային լսումների կայացնելը:

Մկրտիչ Մինասյան- Բաներ կան, որ ուղղակի թանգարանների գործառույթների մեջ են մտնում: Եվ ամեն անգամ հանրությանը դիմել հարցերով, որոնք մտնում են թանգարանի գործառույթների, կանոնադրական իրավունքների մեջ, ես չեմ գտնում ճիշտ, չեմ գտնում, որ դա պետք է հանրային քննարկման դրվի: Բայց այս հանրային դժգոհության շարժման մեջ ես լավ բան եմ տեսնում, այսինքն՝ հանրությունն ասում է, որ ես տեր եմ իմ արժեքներին, ինչին ժամանակին այդքան էլ ուշադրություն չէին դարձնում: Եվ մարդկանց գլխում ծագած այդ անհանգստությունը փարատելու համար նրանք պետք է ստանան որոշակի բացատրություններ:

«Առավոտ»- Իսկ հնարավոր չէ՞ր այդ բացատրությունները հանրությանը ներկայացնել մինչեւ գործընթացը սկսելը:

Մ. Մ.- Ոչ, քանի որ բոլոր պետական թանգարանների համար կան սկզբունքային հարցեր, որոնք նրանք պետք է լուծեն՝ անկախ ամեն ինչից:

Ապրես Զոհրաբյան- Ես չեմ կիսում պարոն Մինասյանի տեսակետը, թե սրանք զուտ ՊՈԱԿ-ների կամ թանգարանների կանոնադրությունից բխող հարցեր են: Սա այնպիսի հարց չէր, որ, օրինակ, թանգարանը իր մի ցուցասրահից ցուցանմուշը տեղափոխում է մեկ այլ ցուցասրահ: Եթե դա անգամ զուտ կանոնադրական խնդիր լիներ, ինչպես Դուք եք ասում, ապա անհրաժեշտություն չէր առաջանա կառավարության հատուկ որոշման: Ամենամեծ խնդիրն այստեղ այն է, որ կառավարությունը ցուցաբերել է այսպես ասած՝ վոլյունտարիզմ, որի դրսեւորումներից մեկի դեմ ժամանակին պայքարում էր նաեւ պարոն Մինասյանը՝ կապված «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հետ: Այն ժամանակ էլ կառավարությունը որոշեց, որ այդ կառույցը հանում է պատմամշակութային հուշարձանների ցանկից, որովհետեւ հավանաբար կաթողիկոսը խնդրել էր, ու այդպես ավելի հեշտ էր յուրացնել այդ հուշարձանը: Խնդիրն այն է, որ այս որոշումը կայացված է անհատական ակտերի միջոցով, ոչ թե նորմատիվային: Անհատական ակտերի միջոցով որոշումը կարող էր կայացվել այն դեպքում, երբ, ասենք, խնդիրը վերաբերեր ինձ: Բայց հանրապետության տարբեր մասերից տեղափոխել, Երեւան բերել 63 հուշարձան եւ դա անել առանց հանրային, մասնագիտական լսումների, դա կամայականության պարզագույն դրսեւորում է: Այս որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Ասենք՝ Պատմության թանգարանը մտածում է, որ Հայաստանում կան վտանգված արժեքավոր հուշարձաններ, որոնք պետք է բերել, վերականգնել եւ ներկայացնել հանրությանը: Եվ դրա համար թանգարանն ընկնում է սարուձոր, հաշվարկում է այդ վտանգված հուշարձանները եւ առաջարկություն ներկայացնում նախարարությանը, որպեսզի տրվի նման 113 հուշարձան տեղափոխելու թույլտվություն: Նախարարությունն, իր հերթին, իր մասնագետների միջոցով (այդպես պետք է լինի, բայց ես կարծում եմ՝ չի եղել) գնում է, դիտարկում այդ հուշարձանները եւ ասում՝ ոչ, 113-ը չեմ տալիս, 63-ը տար, իսկ մնացածը քիչ թե շատ լավ վիճակում են: Հիմա զարմանալի է՝ եթե երկու դեպքում էլ աշխատել են գիտնականներ՝ ճշգրիտ գիտական մեթոդաբանությամբ, այդ ինչպե՞ս եղավ, որ 113-ը դարձավ 63: Եվ դրանից հետո էլ թանգարանն ի վերջո որոշում է իր մոտ բերել 51 հուշարձան, այսինքն՝ մոտ 20 տոկոսով կրճատելով նախարարության կողմից թույլատրված թիվը: Ինչո՞ւ: Հավանաբար այն պատճառով, որ երբ արդեն գնացել են բերելու, տեղում հասկացել են, որ դա խելքին մոտ բան չէ: Օրինակ՝ Բարձրաքաշի ժամացույցը, որն ի վերջո չբերվեց, քանի որ եթե այն տեղաշարժվեր, այդ պատն ուղղակի կփլվեր: Հավանաբար ոչ թանգարանի, ոչ էլ նախարարության մասնագետները չեն գնացել այնտեղ, ուղղակի գրքում են կարդացել այդ արեւային ժամացույցի մասին: Եվ ինձ համար անհասկանալի է՝ եթե գիտական մեթոդաբանություն է կիրառվել, ապա այդ ցուցակի մեջ տարբերությունը կարող էր լինել 10 տոկոսով, բայց եթե այն արդեն 50 տոկոս է, դա ուղղակի աչքաչափ է:

Մ. Մ.- Այդ բոլոր մասնագետները ունեն շատ մեծ փորձ, եւ այն, ինչ այսօր կա մեր Պատմության թանգարանի ֆոնդերում, այդ բոլորը հավաքագրված է այդ մարդկանց շնորհիվ:

Ա. Զ.- Չցանկանալով կասկածի տակ դնել նրանց մասնագիտական պատրաստվածությունը՝ ուզում եմ հարցնել. հարգելի թանգարանի աշխատակիցներ, երբ դուք կառավարությանը ներկայացրել եք, որ Բարձրաքաշի արեւային ժամացույցը կարելի է տանել, հարգելի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ, երբ դուք համաձայնություն եք տվել, գոնե մեկդ գնացել-նայե՞լ է: Պարոն Մինասյան, ես ինքս շինարար տեխնոլոգ եմ, բայց առանց դրա էլ ցանկացած մեկի համար տեսանելի է, որ հնարավոր չէ առանց վնասելու այդ պատը քանդել:

«Առավոտ»- Պարոն Մինասյան, երբ Երեւանում ճարտարապետական առումով ոչ շատ արժեքավոր, սակայն զուտ մեր քաղաքի պատմության տեսանկյունից կարեւոր 19-րդ դարի որեւէ Սեւ շենք է քանդվում, Ճարտարապետների միությունն աղմուկ է բարձրացնում եւ իշխանությունների հավաստիացումներին, թե դրանք տեղափոխվելու են, հակադարձում, որ ցանկացած հուշարձան իր միջավայրում է լիարժեք, եւ տեղափոխված հուշարձանն այլեւս նույն գեղագիտական արժեքը չունի: Հիմա այս դեպքում, երբ խոսք է գնում հազարամյակների պատմություն ունեցող հուշարձանների մասին, որոնք անհամեմատ ավելի արժեքավոր են հենց իրենց միջավայրում, իրենց ծագումնաբանական անխաթարության մեջ, Դուք կողմ եք արտահայտվում այդ հուշարձաններն իրենց միջավայրից տեղահանելու ծրագրին: Ինչո՞ւ:

Մ. Մ.- Ճիշտ է, բայց այդ հուշարձանները գտնվում են վատ վիճակում: Նրանք երկար ժամանակ մնացել են հողի մեջ, քայքայվել են ե այլն: Նրանք ներառված չեն եղել ցանկում, անձնագրեր չունեն:

«Առավոտ»- Բայց կան նաեւ այնպիսի հուշարձաններ, ինչպես Հարժիսի Բղենո Նորվանքի 8 զարդաքանդակներից մեկը, որը կործանվելու, քայքայվելու խնդիր չուներ:

Մ. Մ.- Դա նորից պետք է վերադարձվի իր նախնական վայրը, ինչը սահմանված է կառավարության որոշմամբ: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

 

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

 

 

Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները տեղաշարժելու նպատակահարմարության շուրջ  «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930