Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը դարձել է քաղաքական գործարքի եւ ցինիզմի հոմանիշը»

Նոյեմբեր 24,2012 13:13

Տիգրան Խզմալյանը փաստում է՝ «մեզ միավորում էր հրապարակը, ոչ թե ՀԱԿ-ը»

«Ի՞նչն եք անվանում այդքան գեղեցիկ խոսքերով քաղաքական կոնսուլտացիաներ. խոսքը դաշինքների, գործարքների, ստորգետնյա զարգացումների մասի՞ն է»,- «Առավոտի» հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը՝ հավելելով. «Եթե մենք լինեինք մի բարգավաճ, օրինաց երկրում, որը գնում է առաջ, կարող է եւ մեզ թույլ տայինք քննարկել կամ վերլուծել նման բաներ: Բայց մենք գտնվում ենք մի երկրում, որտեղից օրական հարյուրավոր մարդիկ են հեռանում: Գտնվում ենք մի երկրում, որը 1,5 տասնամյակ չի կարողանում հասնել տարրական կամարտահայտության իրավունքին: Մենք գտնվում ենք արագ տեռորիստական դիկտատուրա դարձող երկրում, ու այս պարագայում լուրջ չէ լուրջ դեմքով խոսել քաղաքականության, կոնսուլտացիաների մասին: Ինչպես ասել էր գրական հայտնի հերոսը՝ ամենահիմար բաներն ասվում եւ արվում են ամենալուրջ դեմքով»: Որպես ռեժիսոր՝ մեր զրուցակիցը փորձեց առավել պատկերային նկարագրել այսօրվա իրականությունը. «Պատկերացրեք, մարդիկ նստած են իրենց տան բակում եւ նայում են, թե ինչպես 2-3 գող, իրար հրելով, օգնելով՝ փորձում են մտնել այդ մարդկանց տները՝ թալանելու համար: Մարդիկ էլ քննարկում ու վիճում են, թե այդ գողերից ո՞ր մեկն առաջինը կմտնի, որը՝ երկրորդը»: Խզմալյանի պատկերացմամբ՝ «ավազակային խմբերը, որոնք ուզուրպացրել են մեր երկրում իշխանությունը, հերթական դավադրությունն են պատրաստում»՝ անվանելով դրանք ընտրություններ, կոնսուլտացիաներ: «Ոչ թե պետք է ուտել այդ կուտը, հիմարի պես նայել, թե ինչպես են մեզ թալանում, ավելին՝ նաեւ օգնել նրանց այդ գործընթացում, այլ օր առաջ պետք է ձերբազատվել նրանցից: «Գողերը պետք է օր առաջ նստեն բանտում»՝ ասել է մեկ այլ հերոս»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավաստիացնելով, որ իր ասածները կիսում են նաեւ շուկայում կարտոֆիլ վաճառող գյուղացին, երթուղայինի վարորդը. «Մենք բոլորս գիտենք, թե ովքեր են նրանք եւ ինչ պետք է անել նրանց հետ: Մեր տարաձայնություններն այն հարցում են, թե ինչպե՞ս է պետք անել»:

«Ինչպես անելու» իրենց տարբերակը «Սարդարապատի» անդամները քանիցս ներկայացրել են: Արդեն մոտ երեք շաբաթ է՝ գործում է նաեւ «Նախախորհրդարանը», որում ընդգրկված են տարբեր քաղաքացիական շարժումներ, ակտիվիստներ: Դա քաղաքացիական շարժման մի ֆորմատ է, որը ձգտում է համակարգային եւ քաղաքական կառավարման արմատական փոփոխությունների: «Մենք մեզ չենք դիտարկում որպես ընդդիմություն, մենք մեզ համարում ենք դիմադրություն: Անգամ «ընդդիմություն» բառը մեր երկրում վարկաբեկված է: Ընդդիմությունը հիմա դարձել է քաղաքական գործարքի եւ ցինիզմի հոմանիշը: Իշխանությունը եւ պաշտոնական ընդդիմությունը կարծես գործում են ցինիզմի դրսեւորումների մեջ»,- ասում է Խզմալյանը: «Նախախորհրդարան»-ը, ըստ Խզմալյանի, պատրաստություններ չեն նախագահական ընտրություններում որեւէ դերակատարություն ունենալու, այս կամ այն անձին փառաբանելու համար. «Դրանք ընտրություններ չեն լինելու, այլ նշանակման պաշտոնական հայտարարություններ, որից մեր երկրում որեւէ բան չի փոխվելու. ոչ կյանքն է լավանալու, ոչ արտագաղթն է նվազելու, ոչ երկրի վիճակն է լավանալու: Դա լինելու է հերթական զավեշտական խաբկանքը: Այդ օրը ինչ-որ բան չի ավարտվելու կամ սկսվելու»: Ընտրություններին նախորդած ժամանակը «Նախախորհրդարանը» օգտագործելու է հասարակությանն իրենց մոտեցումները բացատրելու, արմատական փոփոխությունների ծրագիրը հստակեցնելու համար. «Դա ժամանակի մեջ համընկնելու է այդ միջոցառման հետ, բայց մենք չենք մասնակցելու այդ քաղաքական կրկեսին»:

«Առավոտի» այն հիշեցմանը, որ նորաստեղծ քաղաքացիական այդ նախաձեռնության շատ անդամներ 2008-ին կանգնեցին առաջին նախագահի կողքին՝ երկրում արմատական փոփոխությունների ակնկալիքով, հիմա, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նորից առաջադրվի, կկրկնե՞ն իրենք այդ քայլը, Խզմալյանը պատասխանեց. «Մարտի 1-ից հետո ես իրենց կողմից հրավիրվեցի ՀԱԿ-ի առաջին հավաքին, որտեղ ասացի, որ ես չեմ քվեարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին եւ արժանացա սուլոցների: Այնուհանդերձ, շարունակեցի՝ ասելով, որ այսօր կարեւոր չէ՝ 2008-ի ընտրություններին կողմ են քվեարկել, թե ոչ, կարեւոր է, որ միավորվենք՝ քրեածին ռեժիմը տապալելու համար: Բայց ասել, որ մեզանից որեւէ մեկը կամ բոլորս կանգնել էինք առաջին նախագահի կողքին՝ չափազանցություն է: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ նման բան չի եղել: Ուրիշ հարց, որ բավականին երկար ժամանակ մենք փորձում էինք չպառակտել նշմարվող միասնությունը»: Մեր զրուցակիցը հիշում է, որ ամեն անգամ հանրահավաքներից հետո մարդկանց տուն ուղարկելն իրենց համար տագնապալի նշան էր, եւ ամեն անգամ փորձել են խոսք խնդրել՝ բարձրաձայնելու համար այդ տարաձայնությունը: Սակայն այդպես էլ խոսք չեն ստացել, քանի որ իրենց ասել են, որ դա ՀԱԿ-ի նախաձեռնած հանրահավաքն է. «Փաստորեն, մեզ փորձում էին դուրս հանել այդ դաշտից: Այնպես որ՝ մեզ միավորում էր հրապարակը, ոչ թե ՀԱԿ-ը: Եվ այդ օրերին մենք համարում էինք սխալ ու վնասաբեր այլ հանրահավաքներ հրավիրելը, որովհետեւ ժողովրդի միասնությունը կխաթարվեր: Սակայն ի՞նչ եղավ այդ միասնության հետ, ինչպե՞ս դա մսխվեց, վարկաբեկվեց, ինչպե՞ս մարդկանց ծովը դարձավ լճացած ճահիճ՝ բոլորիս աչքի առաջ է: Այնպես որ՝ ոչ այն ժամանակ, ոչ էլ առավել եւս՝ հիմա նման բան չենք անի: Մենք որեւէ նման գործչի կողքին չենք եղել ու չենք լինելու»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930